«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


ՍԵՎԾՈՎՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՄԱՅՐՈՒՂՈՒՆ ԿՄԻԱՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հույս հայտնեց տրանսպորտի եւ կապի նախարարը

Երեկ Երեւանում Հայաստանի նախագահությամբ տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների տրանսպորտի նախարարների աշխատանքային նիստը: Կազմակերպության անդամ երկրներից թեեւ հրավիրված էին, բայց չէին մասնակցում միայն Ադրբեջանն ու Ալբանիան:

Բացման խոսքում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշեց, որ նիստում քննարկվելու են սեւծովյան տարածաշրջանի օղակաձեւ մայրուղու զարգացման, մասնակից պետությունների միջեւ փոխադրումների արդյունավետության բարձրացման, մասնավորապես, տարածաշրջանում պրոֆեսիոնալ վարորդների վիզավորման համակարգերի պարզեցման հարցերը: Նախարարի կարծիքով, օղակաձեւ մայրուղու նոր քարտեզի ձեւավորումը հետաքրքրական նախագիծ է անդամ երկրների համագործակցության զարգացման համար: Նա հույս հայտնեց, որ օղակաձեւ մայրուղուն կմիանա նաեւ Հայաստանից դուրս եկող ճանապարհը:

Նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Գուրգեն Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման առաջին քայլը կիրականացվի այս տարվա ապրիլին, երբ հայտնի կդառնա Ասիական զարգացման բանկի հայտարարած մրցույթի հաղթողը: Այժմ տեխնիկատնտեսական ուսումնասիրություններն են կատարվում: Նախարարի համոզմամբ, սա շատ կարեւոր եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող տրանսպորտային նախագիծ է:

«Ռուս-իրանա-ադրբեջանական Կազվին-Ռեշտ-Աստարա նոր երկաթգծի կառուցումը խոչընդոտ չի՞ լինի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը» հարցին Գուրգեն Սարգսյանը պատասխանեց, որ դա կլինի նոր տրանսպորտային հանգույց, որը լուրջ ազդեցություն չի ունենա Իրան-Հայաստան երկաթգծի հանգույցի ձեւավորման համար: Ըստ նախարարի, Իրան-Հայաստան երկաթուղին շատ ավելի արդյունավետ է բոլոր առումներով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4