«Իհարկե, լավ կլիներ, որ մեր պետությունը կայացած ժողովրդավարական պետութուն լիներ եւ Երեւանի քաղաքացին այսօր ընտրեր պրոֆեսիոնալ տնտեսվարի, պրոֆեսիոնալ մենեջերի, բայց մենք այսօր այդ կարգավիճակում չենք գտնվում, եւ նկատի ունենալով քաղաքական ներկա բեւեռացված եւ լարված իրավիճակը, այս ընտրությունները ձեռք են բերում համապետական քաղաքական ընտրության նշանակություն», ներքաղաքական կյանքում առաջիկա զարգացումների մասին խոսելիս երեկ «Հայելի» ակումբում նշեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը: Ափսոսանք հայտնելով, որ Երեւանի ավագանու թեկնածության հայտերի ներկայացման փուլն անցավ «Ժառանգության» կորստով, Ռ. Հակոբյանը նշեց, որ «Ժառանգությունը» դարձավ ՀԱԿ-ի եւ իշխանության անզիջում, անհանդուրժող հակամարտության զոհը. «Ժառանգության» չմասնակցելուց գուցե ինչ-որ տեղ ՀԱԿ-ը օգտվեց, ընդդիմադիր դաշտը տուժեց որպես ընտրող: Ընդդիմություն կոչվածը միայն ՀԱԿ-ը չէ, այն բազմաշերտ է, մեծ էլեկտորատ եւ այդ առումով այդ էլեկտորատը տուժեց»:
Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու եւ երկրում ստեղծված ծայրաստիճան լարված մթնոլորտը վերականգնելու համար քաղաքագետն առաջարկում է չորս կետից բաղկացած` միջազգային պրակտիկայում ընդունված մեխանիզմ: Ըստ դրա` ընտրացուցակների հաստատումից հետո ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորող թեկնածուները ստորագրում են հուշագիր-հայտարարություն ժողովրդավար, արդար ընտրությունների անցկացման մասին: Ռ. Հակոբյանի առաջարկության երկրորդ կետով ԿԸՀ կողմից թեկնածուների ցուցակների հաստատումից հետո մինչեւ ընտրությունների ավարտն իրենց աշխատանքային լիազորությունները վայր են դնում պետական համակարգում աշխատող քաղաքապետի թեկնածուները: «Այս հարցը շոշափում է ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական կողմ: Կարծում եմՙ բոլորդ էլ մասնակից եք եղել եւ տեսել, թե ինչպես նման իրավիճակներում պետական կառույցներում աշխատողները այդ կառույցները օգտագործում են իրենց քարոզչությունն ապահովելու համար», նշեց Ռուբեն Հակոբյանը` ավելացնելով, որ ճիշտ չի համարում ընտրություններից մի երեք ամիս առաջ հիմնական թեկնածուներից մեկին Երեւանի քաղաքապետի պաշտոնում նշանակելը: Ռ. Հակոբյանի առաջարկած ծրագրի հաջորդ երկու կետերը վերաբերում են ընտրական գործընթացներում նորաստեղծ Հանրային խորհրդի ներգրավմանը եւ վերջինիս կողմից արդար ընտրությունների համար պատասխանատվության ստանձնմանը եւ մամուլին:
Ռ. Հակոբյանը պատրաստվում է ժողովրդավարական ընտրությունների անցկացման այս սցենարը ուղարկել ընտրություններին մասնակից կուսակցություններին եւ կարծում է, որ պայմանագրի ստորագրման համար պետք է շահագրգռված լինի իշխանությունը, քանի որ ընտրությունը միշտ կեղծում է միմիայն իշխանությունը, եւ եթե ընդդիմությունը ցանկանում է կեղծել, ապա հնարավորություն չունի: Ըստ քաղաքագետի, այս ամենի հիմքում պետք է լինի իշխանության բարի կամքը. «Այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե իշխանությունը չի օգտվի իր լծակներից: Քաղաքապետի թեկնածուներից մեկին քաղաքապետ նշանակելով` արդեն նա հայտ է ներկայացնում, որ օգտվելու է իր իշխանական ռեսուրսներից: Բայց կարծում եմ, որ կարելի է քաղաքական կամք դրսեւորել եւ ժողովրդին ներկայանալ խոսքը գործ դարձնելով»:
Կոալիցիոն ուժերի հաղթանակի դեպքում Ռուբեն Հակոբյանը չի բացառում, որ կոալիցիայի միկրոմակետը կտեղափոխվի քաղաքապետարան: Բայց նաեւ չի բացառում, որ ընտրությունները դառնան կոալիցիայի քայքայման պատճառ:
Ն. Մ.