«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


Ո՞Վ Է ԼՈՒԾԵԼՈՒ «ՀՐԱԶԴԱՆԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Արդեն երրորդ օրն է, որ դժգոհում են «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները: Նրանք դեռ մի քանի օր էլ պատրաստ են չներկայանալ աշխատանքի: Աշխատակիցները դժգոհ են իրենց ղեկավարներից: Եվ քանի որ իրենց բողոքի ձայնը չեն կարողանում լսելի դարձնել տոնավաճառի սեփականատիրոջը, ուստի երեկ էլ հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Մինչ շենքին մոտենալը, նրանք կապի եւ տրանսպորտի նախարարության մոտ էին, քանի որ իրենց տեղեկացմամբ, ոստիկանները չեն թողնում մոտենալ կառավարության շենքին: Տոնավաճառի աշխատակիցները հավաքվել էին, քանի որ ակնկալում էին ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները հենց կառավարությունից:

Դժգոհության առիթ է դարձել նաեւ «լողացող» փոխարժեքը: Տոնավաճառի աշխատակիցներից պահանջում են վճարել ոչ թե ՀՀ դրամով, այլ ԱՄՆ դոլարով:

Նախորդ օրերի նման տոնավաճառի աշխատակիցներին պատասխանեց ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա կրկին ժամանակ խնդրեց:

Ալեքսանդր Ղազարյանը առաջարկեց շարունակել աշխատել. «Նախորդ ամսվա գումարը վճարված է, շարունակեք աշխատել»:

Ի վերջո Ալեքսանդր Ղազարյանը հայտարարեց. «Որեւէ պահանջ դուք կառավարությանը իրավունք չունեք ներկայացնելու: Կառավարությունը լիազորություն չունի այս խնդրում»:

Ալեքսանդր Ղազարյանը նշեց, որ եթե ինչ-որ բան փոխվի, ապա միայն բարի կամքի դրսեւորմամբ: Տոնավաճառի աշխատակիցները հեռացան, բայց խոստացան կրկին վերադառնալ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4