«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


ԲՆԱՆԿԱՐԻ ՎԱՐՊԵՏԸ

Ցուցահանդես նվիրված Հենրիկ Սիրավյանի 80-ամյակին

Գառնին, Շորժան, Սեւանը, Զանգեզուրը «ամփոփված» են Նկարիչների միության առաջին հարկի ընդարձակ սրահում. պատերինՙ լեռներՙ դեղնականաչ, ծառերՙ գետնատարած կամ վեր ձգված ճյուղերով, լճի ավազուտ ափՙ արեւակեզ, այրված խոտերով, խանձված բույսեր, սարերի ջերմ, կանաչապատ լանջեր, ձորի գողտրիկ անկյուններ...

Հենրիկ Սիրավյանը Հայաստանի բնությունը գուրգուրանքով ամփոփել, պահել, խնամել է իր մեջ, իր հայացքի, իր հոգու անկյուններում ու դարձել դրա հրաշալի թարգմանիչը, իր վրձինը կտավը գունավորել, շնչավորել է բնանկարի ամենատարբեր միջոցներով: «Աշխարհում մի երկիր կաՙ դա մեր Հայաստանն է, մեր հայրենիքը: Ես իմ ամբողջ ուժով միշտ երազել եմ արտահայտել իմ սերը Հայաստանի հանդեպ, որովհետեւ ինձ համար չկա ավելի բարձր բան, քան Հայաստանն է», ասել է նկարիչը: Թվում է սովորական խոսքեր են, արվեստագետի տուրք երկրին: Սակայն նկարներն են շատ խոսուն, որ երկրի հանդեպ այդ սիրո որակն են ի ցույց հանումՙ մաքուր, անխառն, ազնիվ: Հայաստանը սիրավյանական ձեռքի տակ մի նոր, ուրույն հմայք ու ջերմություն է ստացել. այստեղ Հայաստանի գույնը աչք շոյող թավիչ դեղնականաչն է, մեղմ դարչնագույնը: Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը «բացառիկ անհատականություն ունեցող վարպետ է» նրան համարում, որին «առանց ճիգի հաջողվել է գտնել իր ուրույն ոճըՙ ստեղծելով Հայաստան աշխարհի եւ ժողովրդի սրտից բխող բնանկարներ ու դիմանկարներ»:

Նկարիչների միության ցուցահանդեսը, որ Հենրիկ Սիրավյանի 80-ամյակին է նվիրված, այնքան մարդաշատ էր, որ հրաշալի էքսպոզիցիայի 100 նկար այցելուների հայացքների մեջ խճճվում-մշուշվում էր: Այստեղ էին ավագ եւ միջին սերնդի (նաեւ երիտասարդներն էին շատ) մեր լավագույն արվեստագետ-մտավորականներըՙ Հակոբ Հակոբյանը, Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը, Տիգրան Մանսուրյանը, Սեն Արեւշատյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Պողոս Հայթայանը, Յուրի Խաչատրյանը, Հենրիկ Էդոյանը, Զավեն Սարգսյանը եւ էլի շատերը ու հաճելինՙ սիրավյանական արվեստի ջերմությունն էր նրանց այսպես համախմբվելու հնարավորություն տվել:

Սրահը բազմամարդ էր, նկարներըՙ շատ: Սակայն այն հարազատությունը, գունային ներդաշնակությունը, որով Սիրավյանն արտահայտել էր իր բաժին հայրենիքի կերպարը, այնպիսին է, որ արագ հաղորդական է իրեն դարձնումՙ նույնիսկ ժլատ, հպանցիկ հայացքի առկայությամբ: Հայացքդ վերացարկում, իր վրա է կենտրոնացնում նկարըՙ այնքան պարզ ու անկեղծ է ներքին սիրո այն ուժը, որ մղել է նկարչին ստեղծելու իր սիրելիի դիմանկարը:

Ներկապնակը Սիրավյանը շատ նրբորեն ու հմուտ է գործածում. գույնի նրբերանգների հարուստ արտահայտություններով, հրաշալի տիրապետում է բնության լեզվին, որ նույնքան բազմազան ու բազմաձեւ է իր մոտ, որքան իրականում: Էքսպոզիցիայի գերակշիռ մասը բնանկարներ են. դրանք պարզ, առարկայական կամ գեղեցիկ վերարտադրություններ չեն սոսկ. ստվերի ու լույսի, գույնի խաղը տարբեր զգացողություններ են առաջացնում: Բնանկարների կենտրոնում Գառնին է, ձորերը, ժայռերը, գետը: Սիրավյանի ծառի կերպավորումը տարբեր մեկնաբանություններ է ունենումՙ արագ ուշադրություն գրավող, հայացք ձգող: Ինքը բանաստեղծական ներքին կերպ ունիՙ մերկ կամ կանաչով զուգված, ամեն պարագայում միայնակ, որ առանձնության, մենակության խոհեր է ծնում. ծառը սիմվոլն էՙ դիմակայել-դիմադրելու, իսկ չինարի ծառի շարքը քնքշության ու ինքնահաշտեցման հրաշալի զգացողություն է առաջացնում: Սեւանը, լճափը նոր արտահայտություն ունեն, շատ է լույսը, իսկ ժայռերը հսկաներ ենՙ խոժոռ, սրածայր, շեկ: Բնապատկերների բազմազանության մեջ նույն երեւույթը հաճախ փոփոխվում էՙ գույների նրբախաղերի համակցությամբ, նմանապես օրվա պահերը գույնի, լույսի զգայնությամբ ներքին վիճակներ են արտահայտում, բայց միշտ պարզ, հաղորդական, առանց տարուբերումների:

Ցուցադրված աշխատանքների մի որոշ մաս դիմանկարներ ենՙ Վիլյամ Սարոյան, Կոմիտաս, Մինաս Ավետիսյան, Հրանտ Մաթեւոսյան: Հետաքրքրական է Մինասի կերպարի սիրավյանական մոտեցումըՙ խոնարհ-քրիստոնեական, սրբապատկերի նմանող: Իր գրականությունը եւ ներքին կեցվածքըՙ ջղուտ-դիմադրողի, շատ բնորոշ է արտահայտված Հրանտ Մաթեւոսյանի դիմանկարում: Արտիստիկ-թատերային, ասես հեքիաթապատում նկարաշար են ներկայացնում Սերգեյ Փարաջանովին նվիրված կտավներըՙ մեծ գեղագետին բնորոշ ձեւերովՙ գույների վառ կուտակումներով, կանացի պերճանք, պչրանք շրջապտույտում:

«Հենրիկ Սիրավյանը որպես նկարիչ միշտ բարձր էր իր պարզությամբ, ազնվությամբ, պրոֆեսիոնալ որակով: Անցել են ժամանակներ, ու հիմա էլ իր նկարչությունը ճիշտ ինքն էՙ մաքուր, պարզ, գեղեցիկ, ժպտադեմ, որ մեր նկարչության լավ ժամանակներն է հիշեցնում: Ինքը կյանքի մարդ էր...», ասում է Ջիմ Թորոսյանը , խոստանում մեկ այլ առիթով այդ մասին հուշեր պատմել:

Բովանդակությամբ հարուստ Հենրիկ Սիրավյանի ներդաշնակ գույների ցուցահանդեսը Նկարիչների միությունում կշարունակվի մինչեւ ապրիլի 5-ը: Ցուցահանդեսը կազմակերպվել է մշակույթի նախարարության աջակցությամբ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. «Գառնիի ձորը», 1996թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4