Ամերիկացի հեղինակներից մեկի` Կերի Քահի «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքում ներկայացվում են աշխարհի միավորմանը ձգտող հակամարդկային ուժերի մութ ծրագրերն ու դրանց վերջնական նպատակը` հակաքրիստոնեական իշխանության հաստատումով երկրագնդի վրա: Այդ ծրագրերի զանազան դրսեւորումներ արդեն մուտք են գործել մեր առօրյա կյանք` հոգեւոր, մշակութային, տնտեսական եւ այլ ոլորտներ. այդ ծրագրերից առաջնային է նաեւ կրթությանը վերաբերող մասը` թե ինչպես են նորամուծության քողի տակ ավանդական կրթական մեթոդները աղավաղվում, նոր ուսումնական ծրագրերի, դասագրքերի միջոցով ողջ կրթական համակարգը փլուզվում, քայքայվում է, ըստ էության ձեւավորելով նոր մարդու աղճատված հոգեկերտվածք: Խորհրդային կրթական ամուր համակարգի փլուզման հիմնական գործոնը նոր դասագրքերի, ուսումնական ծրագրերի, կարգուկանոնի բացակայության առկայությունն էր: Նոր ժամանակներն, անշուշտ, պահանջում են կրթական ծրագրերի վերանայում, նյութերի փոփոխություն (սա պետք է թերեւս առավելապես վերաբերի հասարակագիտական առարկաներին` պատմություն, իրավունք, կապված գաղափարախոսության փոփոխության հետ): Անկասկած, նոր երեւույթները նաեւ նոր առարկաների անհրաժեշտություն են ծնում (հայոց եկեղեցու պատմություն, հոգեբանություն, ինֆորմատիկա եւ այլն):
Անցնող տարիներին փոփոխություն կրեցին բոլոր դասագրքերը. նաեւ` հայոց լեզվի եւ գրականության: Հայոց լեզվի քերականության նախկին դասագրքերի հեղինակները մեր լավագույն լեզվաբաններն էին` Հովհ. Բարսեղյանը, Էդ. Աղայանը, Ս. Աբրահամյանը, այս ձեռնարկները ուսումնական ծրագրերից հանվեցին` փոխարինվելով նորերով: Վերափոխվեցին նաեւ հայ գրականության դասագրքերը` բովանդակության մեջ որոշակի փոփոխություններ կատարելով (հանվեցին որոշ դասական հեղինակներ, մտան նորերը):
Ներկա ժամանակների, կարելի է ասել հիմնական միտումը կյանքի պարզեցումն է. այս պարզեցումը (պրիմիտիվիզմը) ակնհայտ է հասարակությանը պարտադրված մասսայական, հատկապես հեռուստատեսային մշակույթի եւ դրա, մասնավորապես, լեզվական մակարդակներում. գրականության, եթերի, մամուլի լեզուն այնքան աղքատացավ ու հասարակացավ, որ հասավ փողոցային մակարդակի:
Մասսայական մշակույթը` գլոբալիզացիայի լծակներից կամ միջոցներից մեկը, ուղղված է ոչ միայն ազգային ինքնության, այս կամ այն էթնիկ մշակույթի դեմ, որքան մարդկությանը մտածողական, գեղագիտական միատարր կողմնորոշում ներարկելուն, որն ըստ էության սպանում է անհատականությունը, մտածողական ինքնատիպությունը` հասարակությունները գորշ միջակություններից կազմված համասեռ զանգվածի վերածելու նախադրյալներով (այս երեւույթին նպաստում են նաեւ մեր կյանք արագընթաց տեմպերով ներթափանցած տեխնոլոգիական սարքավորումները): Դասական մշակույթի խեղաթյուրմանը զուգահեռ աղավաղվեց նաեւ դասական կրթական համակարգը: Այս համակարգի փոփոխություններն արտացոլվեցին, անշուշտ, նաեւ ավարտական քննական մեթոդներում:
Բանասիրական կրթությունս թույլ է տալիս անդրադառնալ հայոց լեզու եւ գրականություն առարկաների քննական թեստային աշխատանքների բնույթին: Նախորդ` շտեմարան կոչվածը ներառում էր հայոց լեզվի քերականությունը` ըստ ուսումնական ծրագրերի: Այդ թեստային աշխատանքները մեխանիկական վարժությունների տպավորություն էին թողնում եւ քննադատվեցին, թեեւ աշակերտի լեզվական գրագիտությունը ստուգելու բավականին նյութ ընդգրկում էին: (Անհամեմատելի, անշուշտ, խորհրդային շրջանի դպրոցական քննաթերթիկների բովանդակության հետ): Շրջանառությունից դուրս մղված շտեմարանների փոխարեն ներկայումս գործածվող հայոց լեզվի եւ գրականության ավարտական քննական ուղեցույցները բաղկացած են երկու` Ա եւ Բ մակարդակներից. առաջինը (Ա-ն) նախատեսված ոչ մասնագիտական, երկրորդը (Ա եւ Բ-ն) մասնագիտական բուհեր ընդունվողների համար, ներառված են նաեւ հարցեր հայ գրականությունից: Ինտելեկտուալ կոչված խաղերի սկզբունքով կառուցված այս տեքստերի, մանավանդ Ա տարբերակի հարցերը զարմանք են հարուցում նյութի չափից ավելի պարզեցումից, ընդամենը 20-30 րոպեում կարելի է դրանց պատասխանել, հատկապես հայ գրականության հարցերին: Արդարացումը, թե իբր համատարած տիրող տգիտությանը համապատասխան են հարցերը, հիշեցնում է հեռուստատեսային ծրագրերի, իբր հանրության պահանջին ընդառաջելու պատճառաբանությունը: (Իրականում ստեղծվում է այդպիսի պահանջարկ, համապատասխան մեթոդներով): Համենայն դեպս, դպրոցական ծրագրերի դասագրքային նյութը կազմելիս հաշվի չի առնվել սերնդի անգրագիտությունը կամ կրթության հանդեպ այսչափ անտարբերությունը: (Հատկապես տարրական եւ միջին դպրոցական ծրագրերի բարդությունից դժգոհ են ե՛ւ աշակերտները, ե՛ւ ծնողները): Քննական նյութի մակարդակն էլ պետք է համապատասխանեցվի ուսումնական ծրագրերի մակարդակին, ինչը չի արված:
Հայոց լեզվի եւ գրականության Ա տարբերակի հարցերը հիմնականում այսպիսի բնույթի են.
«Հովհաննես Թումանյանի ո՞ր պոեմում է արտահայտված գործի անմահության եւ կյանքի անցողիկության գաղափարը.
1) «Փարվանա»
2) «Անուշ»
3) «Թմբկաբերդի առումը»
4) «Քաջ Նազար»
Կամ` Ո՞ր ստեղծագործության մեջ է Եղիշե Չարենցը կերտել Խաչատուր Աբովյանի կերպարը.
1) «Դեպի լյառն Մասիս»
2) «Դանթեական առասպել»
3) «Սոմա»
4) «Ամբոխները խելագարված»
Հայոց լեզվից`
Նշեցեք այն բառը, որտեղ բաց թողնված տեղում օ է գրվում.
1) աման...րյա
2) վաղ...րոք
3) վառ...դ
4) հանապազ...րդ
Նշեցեք այն բառը, որը կազմված է միայն երկու արմատից.
1) փորձանոթ
2) գույնզգույն
3) բնութագիր
4) փոքրիշատե... եւ այլն, եւ սրանից ավելի պարզ հարցե՞ր:
Կան նաեւ մտածողությունը զարգացնող, համակարգող վարժություններ, ասենք` բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) թեստերի օրինակներով (որի պատասխանները ինչ-որ տեղ խմբագրական տարրեր են պարունակում), ինչը բնական է: Ի վերջո, դպրոցներում աշակերտը սովորում է նաեւ բնագիտական առարկաներ (մի քանի անգամ ներկա եմ եղել ֆիզիկայի բաց դասերի ու հիացել աշակերտների ակտիվությամբ, նրանցՙ առարկայի մասնագիտական լեզվի տիրապետումով նաեւ, ինչը չէի ասի նույն դպրոցում հայ գրականության` արեւմտահայերենի բաց դասի մասին):
Վերջերս 11-րդ դասարանի հայոց լեզու եւ գրականության առարկայից միջանկյալ քննական հարցերը ներառել են ուղեցույցի Ա եւ Բ տարբերակները, անկախ մասնագիտական կողմնորոշման: Այդուհանդերձ, այդ թեստերը բավականին մատչելի են միջին մակարդակի ավարտական դասարանի աշակերտին: Գիտելիքների այս պարզեցումները աշակերտի մտածողության, տրամաբանության նվազագույն հնարավորությունն են օգտագործում. մեխանիկական, պրիմիտիվ այս վարժությունները անգիր անելով` աշակերտն այլեւս նեղություն չի քաշում բանականությունը, ուղեղն աշխատեցնելու (այս պարագաներում սեղմավեպերի գաղափարը լիուլի արդարացված է):
Պարզեցման պարզեցումի այս տենդենցը ժամանակակից մարդու մտածողությունը քարանձավային մակարդակին հասցնելու ուղիղ ճանապարհ է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ. Գ. Հայոց լեզվի եւ գրականության ավարտական քննության թեստերի բովանդակության մասին հիմնավորապես արտահայտվել է դասախոսական մի խումբ ԵՊՀ-ից (տեսՙ «Ազգ-Մշակույթ» հավելված, 2006 թ. դեկտեմբեր 16):