«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՆԻՍԻ ԱՐՔԱՆ Է

Հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ ֆրանսիական Նիս քաղաքում անցկացված ավանդական` 18-րդ «Ամբեր» մրցաշարում: 22 հնարավորից վաստակելով 14 միավոր, Լեւոն Արոնյանը 2-րդ տարին անընդմեջ դարձավ մրցաշարի հաղթող` արժանանալով 100 հազար եվրո դրամական պարգեւի: Շնորհավորում ենք Լեւոնին եւ նրա բազմահազար երկրպագուներին այդ փառահեղ հաղթանակի առթիվ: Ընթացիկ մրցաշրջանում սա Լեւոնի առաջին հաղթանակն է անցկացրած երեք մրցաշարերում: Հիշեցնենք, որ Վեյք ան Զեեի մրցաշարում Արոնյանը զբաղեցրել էր 2-րդ տեղը, իսկ Լինարեսում անհաջող էր հանդես եկել:

Ավարտական տուրից առաջ Լեւոն Արոնյանը 13 միավորով միանձնյա գլխավորում էր աղյուսակը` մեկ միավորով գերազանցելով մոտակա հակառակորդներ Անանդին ու Կառլսենին: Ինչ խոսք, դա ամրության մեծ պաշար էր հայ շախմատիստի համար, եւ ինչպես ենթադրել էինք, վերջին տուրում Թոփալովի հետ մրցավեճում մեկ միավորը բավական եղավ չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար: Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման ցուցակի առաջատարի հետ անցկացրած երկու պարտիաներն էլ Արոնյանն ավարտեց ոչ-ոքի ու անհասանելի դարձավ մրցակիցների համար:

13,5-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանեցին Վլադիմիր Կրամնիկն ու Վիշվանաթան Անանդը: Կրամնիկը Լեկոյի հետ անցկացրած 2 պարտիաներում էլ հաղթեց, իսկ Անանդը 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Վան Յուեին: Մյուս պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Մորոզեւիչ-Կամսկի` 1,5-0,5, Կարյակին-Իվանչուկ` 2-0, Ռաջաբով-Կառլսեն` 1-1:

Մագնուս Կառլսենը, որ բավական ժամանակ առաջատարների խմբում էր, 13 միավորով գրավեց 4-րդ տեղը: Նրան հաջորդում են Ալեքսանդր Մորոզեւիչը` 11 միավոր, Վեսելին Թոփալովն ու Սերգեյ Կարյակինը` 10,5-ական, Պետեր Լեկոն ու Գատա Կամսկին` 10-ական, Վասիլի Իվանչուկը` 9,5, Թեյմուր Ռաջաբովը` 9 եւ Վան Յուեն` 7,5:

Լեւոն Արոնյանը հավասարաչափ ուժեղ խաղաց թե՛ «կույր», թե՛ արագ շախմատի մրցաձեւերում: «Կույր» շախմատի մրցաշարում Արոնյանը 11 պարտիաներից 4-ում հաղթեց, 6-ն ավարտեց ոչ-ոքի եւ միայն Պետեր Լեկոյին պարտվեց: Հայ շախմատիստը 7 միավորով 1-3-րդ տեղերը բաժանեց Վլադիմիր Կրամնիկի եւ Մագնուս Կառլսենի հետ: 6,5-ական միավորով 4-5-րդ տեղերը բաժանեցին Ալեքսանդր Մորոզեւիչն ու Վիշվանաթան Անանդը:

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը տարավ 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն (Կրամնիկից եւ Կամսկուց): 7 միավորով հայ գրոսմայստերը 1-3-րդ տեղերը բաժանեց Վիշվանաթան Անանդի եւ Գատա Կամսկու հետ: Նրանցից կես միավոր հետ մնաց Վլադիմիր Կրամնիկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4