«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԿՀԱՂԹԵՆՔ

Ռոման Բերեզովսկին ժամանել է Երեւան

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2010-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում կհյուրընկալի Էստոնիայի ընտրանուն: Մեր ֆուտբոլիստներն անհաջող են անցկացրել նախորդ 4 հանդիպումներըՙ պարտություններ կրելով Թուրքիայի (0-2), Իսպանիայի (0-4), Բելգիայի (0-2) եւ Բոսնիայի (1-4) հավաքականներից: ՀՀ հավաքականը դեռեւս միավոր չի վաստակելՙ եզրափակելով ընտրական 5-րդ խմբի աղյուսակը: Իսկ էստոնացիները 4 խաղից հետո ունեն մեկ միավորՙ սեփական հարկի տակ ոչ-ոքի (0-0) ավարտելով հանդիպումը թուրքերի հետ: Էստոնացիների հետ առաջիկա 2 հանդիպումներում Հայաստանի հավաքականը պետք է փորձի գերազանցել մրցակցին, որպեսզի գոնե 5-րդ տեղը զբաղեցնի:

Երեկ Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում հերթական մարզումն անցկացրեց, որին մասնակցեց նաեւ Ռոման Բերեզովսկին, որը վերջին պահին, այնուամենայնիվ, ժամանեց Երեւան: Իսկ պարապմունքից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հանդիպեց լրագրողներին:

«Էստոնացիների հետ հանդիպումը Երեւանում իմ գլխավորությամբ հավաքականի երկրորդ մրցախաղն է: Առաջին անգամ ենք խաղալու «Հանրապետականում», որը գերազանց վիճակում է, ուստի ֆուտբոլիստները ոչ մի պատճառաբանություն չեն կարող անել լավ չխաղալու դեպքում: Մինչ օրս մարզումային գործընթացը նորմալ է անցել, տղաները լրջորեն են նախապատրաստվել խաղին, գործարար մթնոլորտ է տիրում հավաքականում: Արթուր Ոսկանյանը, Արա Հակոբյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Հենրիխ Մխիթարյանը թեթեւ վնասվածքներ ունեին, սակայն բժիշկների շնորհիվ նրանք պատրաստ են խաղին: Որոշ հիմնախնդիրներ ունենք այն առումով, որ Արզումանյանը, Առաքելյանն իրենց թիմերում հանդես չեն գալիս, Արման Քարամյանը խաղում է 20-25 րոպե, Էդգար Մանուչարյանն էլ «Այաքսի» 2-րդ թիմում է հանդես գալիս, Վահագն Մինասյանն էլ խաղային պրակտիկա չունիՙ մարզվում է «Փյունիկում»: Նախորդ հանդիպումներում պարտվել ենք, չենք կարողացել մեզ դրսեւորել, շատ գոլեր ենք բաց թողել: Այնպես որ պետք է ձգտենք էստոնացիներին հաղթել: Եթե խաղանք ջանասիրաբար, ապա կարող ենք հաղթել մրցակցին 1-0 հաշվով», նշեց Յան Պոուլսենը:

Հավաքականի գլխավոր մարզիչը նաեւ իր մտահոգությունը հայտնեց թիմի պաշտպանության վերաբերյալ, քանի որ վնասվածքի պատճառով չի խաղա կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը: Նա նշեց, որ ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ (Հրայր Մկոյան, Վարդան Խաչատրյան), որոնք կարող են փոխարինել Թադեւոսյանին: Բացի այդ էլ, Կիպրոսում Լատվիայի հավաքականի հետ մրցախաղում Վահագն Մինասյանը հաջող էր հանդես եկել պաշտպանության կենտրոնումՙ լավ համագործակցելով Ռոբերտ Արզումանյանի հետ: Ինչ վերաբերում է Արթուր Ոսկանյանին պաշտպանությունում խաղացնելուն, ապա, ըստ Պոուլսենի, վերջինս ավելի օգտակար կլինի կիսապաշտպանական օղակում:

Պոուլսենը դիտել է Ղազախստան-Էստոնիա ընկերական հանդիպումը եւ եկել այն եզրակացության, որ էստոնացիները ֆիզիկապես ուժեղ են, բարձրահասակ, լավ են աշխատում դաշտում: Սակայն Էստոնիայի հավաքականն, ըստ մարզչի, ստեղծագործող թիմ չէ: Պոուլսենը լավատես է, գտնելով, որ 3-4 տարի հետո Հայաստանը լավ, ուժեղ հավաքական կունենա (նման արտահայտություն հավաքականը մարզած նախորդ մարզիչներն էլ են արել), եթե ավելի շատ թվով ֆուտբոլիստներ հանդես գան արտերկրում: Նաեւ օտարերկրացի ֆուտբոլիստների հարցով է զբաղվում Յան Պոուլսենը: Մասնավորապես նա գոհ է մնացել բելգիական «Ստանդարտի» թուրքահայ ֆուտբոլիստ Հրաչ Յագանից, որը գտնվում է Հայաստանում: Ըստ Պոուլսենի, ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի նրան ազգային հավաքականում ընդգրկելու:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4