«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


ՍԱՄՈՒՐՂԱՇԵՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎԵԼ ԷԻՆ

Լոզանի մարզական իրավարար դատարանը քննարկելով հայազգի ըմբիշ Վարդերես Սամուրղաշեւի բողոքը, գտել է, որ Պեկինի օլիմպիադայի քառորդ եզրափակիչ գոտեմարտում պարտություն կրած մարզիկի իրավունքները խախտվել են: 2008-ի օգոստոսի 13-ին Սամուրղաշեւը գոտեմարտում էր հունգարացի Պետեր Բաշիի հետ, որում հայազգի ըմբիշը պարտվեց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Մարիո Սալետնիգի կոպիտ միջամտության պատճառով:

Երբ Սամուրղաշեւը հնարք կիրառեց, մրցավարն այն գնահատեց 3 միավոր: Գոտեմարտը դադարեցվեց, մրցավարական հանձնախմբի ղեկավարն ու մրցավարները դիտեցին կրկնապատկերը եւ միաձայն որոշեցին Սամուրղաշեւին 3 միավոր տալ: Գոտեմարտը վերսկսվեց, սակայն Սալետնիգը ստիպեց այն կրկին դադարեցնել, մրցավարներին ցուցում տվեց կրկին դիտել կրկնապատկերն ու չեղյալ համարել Սամուրղաշեւի օգտին 3 միավորի գրանցումը: Հետագայում նա եւս խորհուրդներ էր տալիս մրցավարներին, թե ինչպես վարվեն: Նրա միջամտությունը մրցավարների գործողություններին կանոնների կոպիտ խախտում է, քանի որ բացի 3 մրցավարներից, գոտեմարտի ժամանակ ոչ ոք իրավունք չունի խառնվելու մրցավարությանը:

Իհարկե, Սամուրղաշեւի ներկայացուցիչները դիմելով Լոզանի դատարանին, չէին ակնկալում, որ հայազգի ըմբիշին կվերադարձնեն անարդարացիորեն նրանից խլած մեդալը: Գլխավորը Սալետնիգի անօրինական գործողությունների ապացուցումն էր, ինչն ազդել էր գոտեմարտի ելքի վրա: Բացի այդ, որպես բարոյական վնասի հատուցում, Սամուրղաշեւը պահանջել էր 5 մլն եվրո վճարել, նաեւ որակազրկել Սալետնիգին: Սակայն դատարանում կողմերը հաշտություն կնքեցին: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ընդունում է, որ Սամուրղաշեւի իրավունքները ոտնահարվել են եւ համապատասխան փոփոխություններ է մտցնելու կանոններում, փոխարենն ըմբիշը հրաժարվում է փոխհատուցումից եւ Սալետնիգի որակազրկման պահանջից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4