«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


ԲԱՆՔ ՊԻՏԱՆԻՔ Ի ԲԺՇԿԱԿԱՆ ԳՐՈՑ

Միջնադարյան ձեռագրերում դեղատոմսերը գրված են միջին հայերենով, հետեւաբար նախընտրեցինք պահպանել բնագրի լեզուն` թարգմանելով միայն անծանոթ բառերը: Ահա դեղատոմսերի մի փոքրիկ ծաղկաքաղ, որ «Ազգի» ընթերցողների համար տրամադրեց Մատենադարանի գիտաշխատող Արմեն Սահակյանը:

Նախ պարտ է մարդոյ քիչ ուտել եւ քիչ խմել, քիչ խօսիլ եւ քիչ ծիծաղիլ, քիչ քնել եւ քիչ մերձենալ ի կին, քիչ բաղնիք երթալ եւ անհոգ կենալ: Զհոգսն յամենայն ժամ առ Աստուած ձգել:

Դեղ, որ զմիտքն բանայ

Առ շաքար (նաբաթ), մազտաքէ (անուշահոտ խեժ, որ ծորում է հերձի ծառից), մանուշակ, անհալ մեղր միաչափ Դ. դրամ (12 գր.) անօթուց կեր օգտէ Աստուծով:

Մոռացկոտի դեղ

Առ պտուղ խունկ եւ շաքար եւ Ա-Ա մթխալ (չափի միավոր 4, 5 գրամ) յիրար խառնէ եւ ամէն վաղվենկուց (վաղ առավոտ) կեր Խ (40) օր զմոռացկոտութիւնն տանի:

Դեղ միջացաւի, որ խիստ ամրացնէ զմեջքն

Մազտաքէ Ե տրամ, (15 գրամ) ղօլինջան Ե տրամ, կաղնո մոխիր Գ տրամ(9 գրամ), խունկ Գ տրամ, դարչին է տրամ, քան զդեղեր Բ ու կէս (150 գրամ) հում մեղր խառնէ եւ կեր ամէն օր անօթեց լավ մաճուն է(դեղախյուս) , օգուտ է եւ զայրութիւնն յավելցնէ:

Դեղ, որ մաղձը եւ զմաղասն( խուխը) հանես

Առ զտղտի սերմն ծեծէ եւ խառնէ ի տաք ջուրն տուր որ խմէ մաղձը թափէ:

Վասն սրտի ամենայն իրաց եւ ցաւոց եւ խօստկին (ծակոց) եւ դեղոցն պիտանին

Արդ ի սիրտն մարդոյ, որ իլլաթ գտվի եւ կամ ցաւի եւ ծանրանայ. առ տատասկ եւ մանր աղա եւ ջուր լից ի վերայ եւ ձեռօքդ լաւ հար եւ յերեկոյն քամէ եւ զպարզ ջուրն դիր յաստղն յառաջ քան զարեւու ծագիլն շուտ խմցուր, փորձած է: Թէ չկարաց գդալ ի քաղցր խառնէ. օգտէ:

  Մարդի ոտն կամ ձեռն կամ այլ տեղ երկաթ, փուշ, փայտ կամ քար լինի մտել եւ դուրս չգայ, դեղն այն է: Առ սմպուլի քօքն ծեծէ դիր վերէն դուրս կու քաշէ, լաւանայ Աստուծով:

Կին, որ կաթն չունենայ

Հին գինի եւ նոր մեղր եւ գարընցան ալիւր եռացոյ եւ տուր, որ խմէ եւ կաթն յորդէ Յիսուսիւ Քրիստոսիւ:

Որ լերդն եւ փածեղն ուռի

Զաղւէբանկի (բանգի) տակն ծեծէ եւ երեկոյն ի վերայ դիր Գ (3) հետ. օգտէ Աստուծով:

Յեախի գլխացավի

Կոտեմին եափրաղն(տերեւները) լաւ չորցուր, ծեծէ, հում մեղրով շաղվէ, որ մհլամի(քսուք) պես լինի, քսէ մեկ թղթի վերայ եւ ծեծած տաքտեղ ցանէ վրան եւ ճակատն կապէ:

Յեախի, որ օգտէ մեջքն թուլացածին կանանց, որ ահ ունենա տղայն անցնելու (վիժելու)

Առ մուղլազրաղ(կապույտ քարախունկ) Ը տրամ(24 գրամ), տանամազտաքի Ը տրամ, միատեղ ծեծէ, լաւ քացախ լից վրան ԻԴ(24) սհաթ տաք մոխրի մէջ մնայ Դ (4) մատ լան շորի վերայ մալհամի պէս քսէ կախէ մէջքն Ժ (10) կամ ԺԵ (15) օր մնայ:

Յեախի հաւայ առած եարայի

Առ սպիտակ սոխ դիր կրակն խորվէ, կճէպն հան, սոխն ծեծէ լաւ, որ մլհամ դառնայ եւ առ անլի կարագ եւ սոխովն եփէ քիչ մի եւ տաք-տաք եախի արա կտաւին վերայ եւ դիմանալու որ լինի դիր վրան հաւան քաշէ: Ամէն հաւայ առածի օգտէ:

Եախի տալախի (փայծաղի)

Առ գարի եւ ալիւր, աղ եւ մեղր խառնէ մէկ տեղ լաւ միաւորէ, որ մլհամի պէս լինի եւ կտավի վերայ քաշէ դիր փայծղան վերայ հալէ Աստուծով:

Առ աֆսնդին (օշինդր) քեօքովն լավ ծեծէ եւ մեղրով եփէ, որ մլհամի պէս լինի եւ կտաւի վերայ քաշէ դիր փայծղան վերայ հալէ Աստուծով: Քիչ մի աղ այլ խառնէ:

Եախի աչաց, որ արիւնախառն ճերմակ լինի

Առ իւզերլիկի հունդն լաւ բարակ ծեծէ, որ թօզ լինի եւ աղջկմոր կաթով խառնէ եւ ձեռացդ զարկ, որ մլհամի պէս հասլ լինի եւ կտաւի վերայ եախի արա դիր աչացն: Գ գիշեր դիր լաւնայ Աստուծով:

Եախի, որ խիստ քրտնի ոտքն

Առ շիպ այրած եւ առանց այրած, քարաղ, կաղնու մոխիր Ա-Ա (1-1) տրամ, հինայ ԻԵ (25) տրամ, շաղէ դիր ոտացն:

Դեղ ուռուցի

Թէ մարդոյ մարմնումն ուռուց լինի զգեհոյ (գիհի) պտուղն մանր աղայ եւ մաղէ, խառնէ ի գինին եւ խմէ, օգնէ Աստուծով:

Վասն ոտիցն, որ ցաւի

Դեղ ոտից, որ ցաւի, զծորենին եփէ գինով, ձվի դեղնուցով խառնէ եւ օծ օգտէ:

Զցանկութիւնն ավելցնէ, ծածուկ անդամն զաւրանայ

Ե դրամ պողկին հունտն (սերմը) ժ դրամ (30 գրամ) շաքարով կեր: Այլ` ընկուզին եղն ու սիսեռն խառնէ ու կէր:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4