Մատենադարանի արվեստի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու էլա Զաքարյանի առաջաբանով շուտով լույս կտեսնի «Հայկական մանրանկարչություն» ռուսերեն ալբոմը: Նրա հետ մեր զրույցը կայացավ այն ժամանակ, երբ նա հենց նոր էր ավարտել ծավալուն առաջաբանը եւ այլեւս ոչինչ չէր խանգարում իր խոսքն անշտապ եւ ոգեշնչված սկսելուն:
«Հայկական մանրանկարչությունը հոգեւոր անհատակ խորք ունի, ասես մի փակ, ինքնամփոփ աշխարհ է` խորհրդավոր եւ անմեկնելի: Եվրոպական մանրանկարչությունը, մասնավորապես ֆրանսիականը, նույնպես բավականին գեղեցիկ է, վարպետորեն արված, բայց ուշադիր դիտելուց հետո համոզվում ես, որ միանգամայն այլՙ բաց աշխարհ է, առանց հոգեւոր մեծ խորքի, ամեն ինչ ակնհայտ է ու հասկանալի: Այն հմայում է իր կատարյալ վարպետությամբ, գեղեցկությամբ ու պալատական շքեղությամբ, եւ հենց այդ պատճառով նրա հետագա զարգացումն ամբողջապես տեսանելի է:
Հայկական մանրանկարները խիստ բազմազան են. կան զարմանալի վարպետությամբ ստեղծված պատկերներ` հատկապես Կիլիկիայի մանրանկարչության մեջ: Ահա «Ստեփանոս նախավկայի քարկոծումը» մանրանկարը, տեսե՛ք , թե ինչպիսի վարպետությամբ են պատկերված հրեշտակները թռիչքի մեջ: Կատարողական տեխնիկայի այսպիսի տիրապետում, բարդ հորինվածքի այսպիսի ներդաշնակ կազմակերպում 13-րդ դարում դժվար է պատկերացնել: Ամեն անգամ դիտելիս զարմանում եմ, թե ինչպես է ծաղկողին հաջողվել դիտողին փոխանցել հրեշտակների սրընթաց վայրէջքի զգացողությունը:
Մյուս մանրանկարը կոչվում է «Հովհաննես ավետարանչի թաղումը», ծաղկողը` Կոստանդին արքաեղբայրն է: Առաջին հայացքից մանրանկարում որոշ մանրամասներ թվում են անհասկանալի եւ անծանոթ: Ներքեւում պատկերված է Հովհաննես ավետարանիչըՙ սարկոֆագի մեջ, մանրանկարի վերին հատվածում այն բաց է ու դատարկ: Գերեզմանի կողքին պատկերված են աշխարհիկ երկու անձնավորություններ: Թե ովքե՞ր են նրանք, պարզվում է պրպտումների արդյունքում. մեկը ավետարանչի մերձավորագույն աշակերտ Պրոքորոնն է, իսկ մյուսը` Ավետարանչի թաղմանը մասնակցած վեց աշակերտներից մեկը: Պատկերվածների ինքնությունը պարզելուն օգնության են գալիս պարականոն տեքստերը: Հայկական մանրանկարներում պատկերված կերպարների ինքնությունը պարզելու համար հաճախ դիմում ենք բնագրագիտական աղբյուրներին:
Հայ մանրանկարչությունը որպես գրքարվեստի կարեւորագույն մաս
Հայ միջնադարյան գիրքը կամուրջ է սերունդների միջեւ եւ հարուստ նյութ է մատուցում Հայաստանի պատմության, աշխարհագրության, արվեստի եւ այլ գիտությունների մասին: Ընդհանրապես մեր գրքային ժառանգությունը խիստ բազմազան է. դրա կարեւոր մասն են կազմում հիշատակարանները, որոնցում նշված են ծաղկողի, պատվիրատուի, կամ գրչի անունները: Մեր հիշատակարաններն անանուն չեն, որովհետեւ գրիչները դիմում են Աստծուն պահպանության աղոթքով, նշելով իրենց ընտանիքի, զավակների անունները, խոր հավատով, որ իրենց աղոթքն անպայման կհասնի Աստծուն:
Հիշատակարանները հարստացնում են հայկական գրքարվեստն ու մեր հիշողության գանձարանը: Մի բան, որ բնորոշ չէ, օրինակ, բյուզանդական ձեռագրերին, դրանք չունեն ընդարձակ հիշատակարաններ, գրիչը սահմանափակվում է առավելագույնը մեկ-երկու տողով:
Հայ արվեստում գիրքը շատ կարեւոր դեր է խաղացել. եթե առանձին դիտարկենք միջնադարյան գիրքը, կտեսնենք, որ բացի սերունդների միջեւ կամուրջ լինելուց, այն ճարտարապետական փոքր կառույց է, որում ամբողջապես արտացոլված է հայ ճարտարապետության ներդաշնակությունը: Հետաքրքրական է, որ մեր ճարտարապետական հուշարձանների արձանագրություններն ու գրքերի հիշատակարաններն իրենց բովանդակությամբ գրեթե նույնն են` հիշվում է կառուցման ժամանակը, իշխանական տունը, որին պատկանում է պատվիրատուն, երբեմն նաեւ պատմական անցուդարձը: Հազվադեպ է նշվում միայն ճարտարապետի անունը: Կարծում եմ, դա կապված է այն մտայնության հետ, որ եկեղեցին մշտնջենական ընծա է Աստծուն, ստեղծվում է հավատի հիմքի վրա, հետեւաբար կառուցողի անվան հիշատակումն ավելորդ է: Երկու դեպքում էլ` գիրք, թե հուշարձան, գեղարվեստական նույն որակն են ներկայացնում, նույն նրբագույն ճաշակի ու խոր մտքի արտահայտություններն են:
Ուշադիր զննելիս թվում է, թե եկեղեցու պատը ձեռագրի էջ է` արձանագրությամբ, զարդանկարներով, փոքր խաչերով: Գեղագիտական նույն հաճույքն ես ստանում ու հասկանում, որ հայ ճարտարապետն առաջին հերթին մտածել է մնայուն եւ անմահ արժեքներ հրամցնելու, այլ ոչ սոսկ տեղեկություն հաղորդելու մասին: Ուրեմն, միջնադարյան գիրքը որպես ճարտարապետության ներդաշնակ համամասնությունների արտացոլանք անմիջականորեն կապված է կառուցողական արվեստի հետ:
Գուցե հարց առաջանա, թե ո՞րն է ավելի վաղ առաջացել: Կարծում եմ, ճարտարապետությունը, քանի որ միջնադարյան նկարազարդ առաջին 4 մանրանկարները պատկանում են 6-7-րդ դարերին:
Ինչո՞ւ է այսօր մանրանկարչությունը հետաքրքրում մարդկանց
Կարծում եմ, արվեստը գնահատող մարդկանց առավելապես գրավում է դրանց հոգեւոր խորքը, ջերմությունը, քանի որ այսօր հոգեւորի պակասն ամենուրեք շատ զգալի է, իսկ քիչ թե շատ զգայուն մարդը, հատկապես արվեստագետը որտե՞ղ կարող է գտնել հոգեկան սնունդ, եթե ոչ արվեստում:
Ես իմ ամբողջ կյանքում մանրանկարներ եմ ուսումնասիրել, սա իմ կյանքի գործն է եւ ինձ թվում է, որ արվեստի ու հոգեւորի նկատմամբ զգայուն մարդն անպայման կնկատի հայ մանրանկարչության խորքը: Մեր մանրանկարները դիտողին անտարբեր, սառը չեն թողնում: Հնարավոր չէ դիտել, հիացմունք արտահայտել եւ անցնել: Դրանք դրոշմվում են մեր հոգում եւ դառնում են մեր ներաշխարհի մնայուն մասնիկը: Ահա թե ինչո՞ւ եմ համոզված, որ մեր մանրանկարչությունն իր հոգեւոր խորքով է գրավում ե՛ւ մեզ, ե՛ւ օտարներին:
Հայկական արվեստի մասին խոսելիս հիմա օտարներն ավելի հաճախ անդրադառնում են մանրանկարչությանը, քան ճարտարապետությանը: Ինձ թվում է, դա կապված է այն հանգամանքի հետ, որ տարեցտարի ավելի մեծ թվով ուսումնասիրողներ եւ զբոսաշրջիկներ են գալիս Մատենադարան, բացի այդ չպետք է մոռանալ, որ հայկական ճարտարապետությունը վաղուց արդեն, դեռեւս 19-րդ դարից բավականաչափ ուսումնասիրված է, հրատարակված: Մինչդեռ մանրանկարչությունը չբացահայտված բազում շերտեր ունի, որեւէ թեմայի մեջ խորանալիս ծնվում են նոր հարցեր եւ ուսումնասիրողին պահում են գայթակղիչ եւ անվերջանալի շղթայի մեջ:
Հայ մանրանկարչությունն ունի բազմաթիվ դպրոցներ, երբեմն մարդիկ հարցնում են, թե մեր փոքր երկիրն ու փոքրաթիվ ժողովուրդն ինչպես է կարողացել այդքան ձեռագրեր ստեղծել: Ինձ թվում է, որ մեր մանրանկարչության բազմազանությունը կապված է ոչ ժամանակի, ոչ էլ տեղի հետ: Եթե ձեր առջեւ ճշմարիտ արվեստի գործ է, ժամանակագրական տվյալներն անկարեւոր են դառնում: Կիլիկյան մանրանկարներից ամեն մեկը մի գլուխգործոց է, Վասպուրականի մանրանկարչությունը յուրահատուկ է իր ոճով, էթնոգրաֆիկ նշանակությամբ, Սյունիքի դպրոցը միանգամայն տարբեր է, Ղրիմինը` բոլորովին այլ որակ... Հենց դրանով է մեր մանրանկարչությունն ինքնատիպ եւ անկրկնելի: Մեր վարպետներն իրենց գործը հենց այնպես չեն արել, նրանց համար դա հավատի արտահայտություն է եղել, սրբություն սրբոց:
Մեր ազգի ինքնության արտահայտությունը արվեստն է, եթե խոր հայացք նետենք, բացի արվեստից մենք մարդկությանը ուրիշ բան չենք տվել: Գոթական ճարտարապետությունից առաջ հայ ճարտարապետները զբաղվել են գմբեթի եւ գմբեթը կրող ճառագայթաձեւ կամարների խնդրով: Եթե մեր ճարտարապետական հուշարձաններն ամբողջապես պահպանվեին.... Ցավոք, դրանց մի մասը քանդվել է մեր պետական այրերի անհոգության պատճառով: Կան հուշարձաններ, որոնք այսօր էլ որմնանկարներ ունեն, բայց փլված տանիքի պատճառով անձրեւը փչացրել է դրանք: Ունեցել ենք 5-7-րդ դարերի որմնանկարներ, որոնք բացառիկ են այդ ժամանակաշրջանի քրիստոնեական արվեստի համար: Բավականին թվով որմնանկարներով հուշարձաններ ինքս տեսել եմ Աշտարակում, Թալինում, բայց այսօր ոչինչ չի մնացել, ոչ մի որմնանկար: Սա աններելի բացթողում է: Հիմա հպարտանալու տեղ չունենք, որովհետեւ անփույթ ենք մեր հարստության հանդեպ: Պատկերացնո՞ւմ եք , եթե այսօր դրանք լինեին, ինչքան ավելի շատ մարդիկ կայցելեին Հայաստան: Օտարներն առաջին հերթին գալիս են Մատենադարան, սակայն մեր ձեռագրերի ցուցադրությունն այդքան մեծ չէ, բոլոր ձեռագրերը ցուցադրելու պայմաններ չունենք: Մեզ համար չափազանց ուրախալի է, որ այդ հնարավորությունը կստեղծվի նոր մասնաշենքում»:
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ