«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


ՎԻՐՏՈՒԱԼ ՊՏՈՒՅՏ ՑՈՒՑԱՍՐԱՀՆԵՐՈՒՄ

Մատենադարանի նոր կայքէջն ամսեամիս լցվում ու հարստանում է նոր պատկերներով, բաժիններով եւ ենթաբաժիններով: «Ավիաինֆոտել» կազմակերպության աջակցությամբ (ղեկավարՙ Սամվել Մուրադյան, կայքէջի նախագծի պատասխանատուՙ Սարգիս Մանուկյան), արդեն իսկ մշակվել եւ կայքում` www.matenadaran.am տեղադրվել են «Վիրտուալ Մատենադարան», «Պատկերասրահ», «Մատենադարանի գանձերը» էջերը, որոնք հնարավորություն են տալիս համացանցի միջոցով այցելելու Մատենադարան, շրջելու սրահներով, դիտելու ցուցանմուշները: «Վիրտուալ» այցելության, ինչպես նաեւ ցուցանմուշների ներկայացման որակը գերազանցում է համաշխարհային բոլոր չափանիշները:

Կայքէջում տեղադրված են նաեւ Եվրոպայի եւ Փոքր Ասիայի, ինչպես նաեւ հայ գրչության կենտրոնների բազմաշերտ թվային քարտեզները: Չափազանց կարեւոր է, որ «Ավիաինֆոտելի» մշակած ծրագիրը հնարավորություն չի տալիս պատճենելու համացանցում տեղադրված պատկերները, այսինքն` դրանց նկատմամբ հեղինակային իրավունքը լիովին պահպանվում է: Արդեն տեղադրվել է մոտ 400 պատկեր, որոնցից մի քանիսի որակը գերազանցում է ինտերնետում տեղադրված նմանատիպ աշխատանքներինՙ պատկերը ներկայացնելով 350 մեգափիքսել խտությամբ:

«Պատկերասրահ» էջում առաջիկայում կներկայացվեն Մատենադարանի գանձերը, ժամանակավոր ցուցադրությունների նմուշները, նոր նվիրատվությունները: «Մայր ցուցակ» էջում արդեն տեղադրվում են ձեռագրերի ընդարձակ նկարագրությունները: Կայքէջում կզետեղվի նաեւ հայ հին գրականությանն ու մշակույթին առնչվող գիտական թվային գրադարանը, որտեղ հնարավոր կլինի գտնել թե՛ Մատենադարանի հրատարակությունները, թե՛ ձեռագրերի հիման վրա տպագրված գրքերի թվային տարբերակները: Որպես ենթաբաժին կբացվի նաեւ «Բանբեր Մատենադարանի» պարբերականի թվայնացված տարբերակը:

Մատենադարանի առօրյան տեսանելի դարձնելու նպատակով կբացվի «Տեղեկատվություն» ենթաէջը, որտեղ տեղ կգտնեն պաշտոնական լուրերը, տարբեր պարբերականներում Մատենադարանի վերաբերյալ հրապարակումները, գիտաժողովների, հանդիպումների եւ կարեւոր անցուդարձերի մասին լուրերը: Կգործի նաեւ տարբեր ծառայությունների եւ դրանց գների վերաբերյալ ենթաէջը, որն աշխարհի տարբեր ծայրերում գիտնականներին հնարավորություն կտա պատվիրելու եւ ստանալու իրենց հետաքրքող նյութերը:

Նոր տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերով տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանի խոսքովՙ «Մոտակա ամիսներին Մատենադարանի կայքէջն ամբողջապես կնորացվի, կփոխվի ձեւավորումը եւ օգտվողները կտեսնեն բոլորովին նոր որակ: Կիրառվում են միանգամայն նոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ Մատենադարանի կայքէջը նորություն կլինի հայաստանյան կայքէջերի համայնապատկերում»:

Թվայնացվել է 520 ձեռագիր մատյան

«Վեստիջիա» ձեռագրերի հետազոտական կենտրոնի տրամադրած «Traveller TCCS 4232» մակնիշի թվայնացման սարքով տարեկան կթվայնացվի 400 ձեռագիր, կամ միջին հաշվով 160 հազար ձեռագիր էջ: Թվայնացված ձեռագրերի ցանկը համառոտ նկարագրությամբ եւ լուսանկարված մի քանի էջերով կզտեղվի կայքէջում:

Թվայնացման աշխատանքներով զբաղվող 2 խմբերն արդեն թվայնացրել են շուրջ 520 ձեռագիր մատյան, կամ 430 հազար ձեռագիր էջ: Ձեռագրերի թվայնացված պատկերները ենթարկվում են համապատասխան ինդեքսավորմանՙ հետագայում Մատենադարանի տվյալների շտեմարանում տեղադրելու համար:

Ամբողջապես կնորացվի նաեւ արխիվային բաժինը

Միջնադարյան ձեռագրերից բացի Մատենադարանում պահվում են 14-20-րդ դարերի մեծաքանակ արխիվային փաստաթղթեր, վավերագրեր, տարբեր ժամանակների բանասերների անհատական արխիվներ ու հավաքածուներ: Այստեղ է պահպանվում նաեւ կաթողիկոսական դիվանը: Մեր պատմության եւ մշակույթի ուսումնասիրման համար այդ նյութերն ունեն չափազանց կարեւոր նշանակություն, սակայն դրանց գրանցումն ու մշակումն այլեւս չեն համապատասխանում արխիվագիտության արդի պահանջներին ու բարդացնում են նյութի պահպանության եւ հաշվառման խնդիրը, ինչպես նաեւ դրանից օգտվելու կարգը: Ահա թե ինչու հրատապ անհրաժեշտություն էր դարձել այդ հսկայածավալ արխիվային նյութը նոր եւ արդիական եղանակներով վերամշակելը, թվայնացնելն ու շրջանառության մեջ դնելը:

Այդ բացը լրացնելու համար Մատենադարանի տնօրենությունն ու գիտական խորհուրդը ստեղծել են արխիվների մշակման եւ թվայնացման բաժին, որի վարիչը արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանն է: Նախատեսվում է տարեկան մշակել ու թվայնացնել 10 հազար արխիվային փաստաթուղթ ու վավերագիր: Խզմալյանը տեղեկացրեց, որ արխիվային բաժինը հիմնովին կարդիականացվի նոր մասնաշենք տեղափոխվելու ժամանակ: Կստեղծվեն կատարյալ պայմաններ արխիվային նյութի սպասարկման եւ պահպանության համար, նաեւ ընթերցասրահ, աշխատասենյակ գիտաշխատողների համար: Կստեղծվեն նաեւ հեղինակային քարտարաններ, որոնցով կամբողջացվի վավերագրերի որոնման համակարգը:

«Ժամանակները փոխվում են` իրենց հետ բերելով արխիվային նյութերի մշակման, սպասարկման եւ օգտագործման ձեւերի նորացման պահանջ: Նոր տեխնոլոգիաների օգնությամբ արխիվագիտության ոլորտն արդիականցնելը հրատապ է նաեւ Մատենադարանի համար: Կարեւոր է հատկապես մշակման եւ պահպանության համակարգի փոփոխությունը, որը հնարավորինս դյուրին կդարձնի ֆոնդերից օգտվելը: Ժամերով եւ օրերով գրանցամատյանները թերթելու փոխարենՙ վավերագրերի տիպաբանական տարանջատման շնորհիվ հետազոտողն անմիջապես կարող է գտնել իրեն հետաքրքրող արխիվային փաստաթուղթը», ասաց Խզմալյանը:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4