«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԱՊՐՈՒՄ Է ՆՈՐ ԿԵՆՍԱՌԻԹՄՈՎ

«Ստեղծագործական նոր շունչ է մտել Մատենադարան, դրական նկատելի փոփոխություններ են կատարվել, ասաց Մատենադարանի գիտնական-քարտուղար Շուշանիկ Խաչիկյանն ու ավելացրեց. «Առաջին հերթին կցանկանայի նշել, որ գիտական խմբերը համալրվել են երիտասարդ կարող ուժերով: Մի մեծ խումբ էլ` փորձառու ձեռագրագետների ղեկավարությամբ, աշխատում է ձեռագրերի նկարագրությունների վրա: Անցած տարվա ձեռքբերումներն, իրոք, բավականին շատ են` ձեռագրերի հավաքածուն հարստացավ 35 միավորով, մատենադարանցիները հրատարակեցին մոտ 20 քննական բնագրեր ու մենագրություններ, մասնակցեցին տարբեր երկրներում անցկացված գիտաժողովների: Հիշարժան է հատկապես Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի 90 - ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, որտեղ հնչած զեկուցումները կհրապարակվեն առանձին ժողովածուով:

Մեզ համար ուրախալի է նաեւ, որ տարեցտարի ավելանում է Մատենադարանում ուսումնասիրություններ կատարող օտար հայագետների թիվը: Չմոռանամ նշել, որ անցած տարի Մատենադարան է այցելել մոտ 57 հազար զբոսաշրջիկ, որոնց բացատրություններ են տրվել 5 լեզուներով: Գլխավոր ցուցասրահից բացի գործել է երկրորդ ցուցասրահը, որտեղ անցած տարի կազմակերպվել է 8 հոյակապ ցուցադրություն` նվիրված Վասպուրականի, Ղրիմի մանրանկարչությանը, ինչպես նաեւ վերանորոգված ձեռագրերին, կազմերին, վերջին նվիրատվություններին: Ցուցադրություններ են կազմակերպվել նաեւ Դամասկոսում. ներկայացվել են հայերեն ձեռագրերի մակետներ, արաբերեն ձեռագրերի եւ հայկական մանրանկարների վերատպություններ»:

Գիտական աշխատանքները ներկայումս իրականացվում են մի քանի ուղղություններով` ձեռագրերի մատենագիտական, հայոց պատմության, միջնադարյան հայ գրականության, մշակույթի, հայ փիլիսոփայության, բժշկության, բնագիտության, տոմարագիտության, հուշարձանների քննական բնագրերի, ինչպես նաեւ միջնադարյան հայկական մանրանկարչության եւ երաժշտության ուսումնասիրություն, հայ մատենագրության հուշարձանների թարգմանություն: Շուշանիկ Խաչիկյանի խոսքով, սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, արդեն իսկ ստեղծվել է հրատարակչական ֆոնդ, որը հնարավորություն կտա ուսումնասիրությունների եւ մենագրությունների մի մասը հրատարակել Մատենադարանի ուժերով:

«Մեծ հաջողություն եմ համարում նաեւ այն, որ այս տարի վերջապես բարձրացավ մատենադարանցիների աշխատավարձը: Դա վստահություն է ներշնչում, որ իրենց գործը սիրով ու նվիրումով կատարող երիտասարդ գիտաշխատողներն այլեւս հարկադրված չեն լինի մեկ այլ աշխատանք փնտրելու մասին մտածել, այլ իրենց ժամանակի մեծ մասը կանցկացնեն այստեղ ու կհարստացնեն իրենց գիտելիքները:

Սկսվել է Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը, որը մեծապես կնպաստի վերականգնման աշխատանքների ընդարձակմանը, ձեռագրատան, արխիվային բաժնի, հայագիտական գրադարանի պայմանների բարելավմանը: Գիտական մասնաշենքի շինարարության ավարտից հետո հնարավոր կլինի մեծապես ընդարձակել ձեռագրերի ցուցադրությունը: Ձեռագրատունն ու ցուցասրահները կհագեցվեն ձեռագրերի պահպանման համար խիստ անհրաժեշտ միկրոկլիման ապահովող արդի սարքավորումներով: Իսկ հին շենքն ամբողջովին կդառնա թանգարան եւ հրաշալի պայմաններ կստեղծվեն մեր միջնադարյան գանձերը այցելուներին ցուցադրելու համար», ասաց Շուշանիկ Խաչիկյանը:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4