«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2009-03-27 | #55, 2009-03-28 | #56, 2009-03-31


«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄԸ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է»

«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը հասունացել է», երեկ «Փաստարկ» ակումբում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը :

Ի՞նչ կարելի է ակնկալել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլին նախատեսված Թուրքիա կատարելիք այցից, որին պետք է հաջորդի Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի այցը Հայաստան: Թուրքագետը հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ավելի շուտ պայմանավորում է Օբամայի` ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հանգամանքով. «Վերջնական որոշում թուրքական իշխանությունները կընդունեն ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին, երբ պարզ կդառնա, թե ԱՄՆ-ի նախագահ Օբաման օգտագործո՞ւմ է ցեղասպանության եզրույթը, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ Թուրքիայի արտգործնախարարությունը պատրաստել է մի քանի տարբերակ, կգործադրեն դրանցից մեկը` կապված հետագա զարգացումների հետ»:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը «գործարք» չէ, քանի որ դրա անհրաժեշտությունը վաղուց է ծագել: Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարարի գալիք այցին Հայաստան, ապա, ըստ Սաֆրաստյանի, Բաբաջանի այցը կազմակերպվելու է ոչ թե երկկողմ հարաբերությունների, այլ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում:

Հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանը բացվի ի հաշիվ հայկական կողմի զիջումներիՙ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, լրագրողների հարցին Ռ. Սաֆրաստյանը պատասխանեց, թե որեւէ նշան չի տեսնում, որ Հայաստանը պատրաստվում է որոշակի զիջումների գնալ եւ հրաժարվել Թուրքիայի նկատմամբ մշակած իր քաղաքական գծից:

Վերջին մոտ կես տարվա զարգացումները Ռ. Սաֆրաստյանին հույս են ներշնչում, որ Թուրքիան, վերջ ի վերջո, Հայաստանի նկատմամբ քաղաքակիրթ դիվանագիտություն կորդեգրի:

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, 2002-ից ի վեր առաջին անգամ, իր արդյունքների նվազում արձանագրեց: ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը դա առաջին հերթին կապում է տնտեսական ճգնաժամի եւ Թուրքիայում գործազուրկների թվի աննախադեպ աճի հետ:

Սաֆրաստյանի խոսքով, ինչպես անցյալ մի քանի ընտրություններում, այս անգամ էլ Ստամբուլի մերձավոր որոշ շրջանների ընտրություններում ընտրվել են նաեւ հայ թեկնածուներՙ ինչպես «Արդարություն ու Զարգացում» կուսակցությունից, այնպես էլՙ հիմնական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից:

Իսկ ընտրության արդյունքները հայ-թուրքական հարաբերությունների վրա լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ, մասնագետի հավաստմամբ, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը պահպանում է իր դիրքերը Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում, ուստիՙ արտաքին քաղաքական կյանքում կտրուկ փոփոխություններ չի կարելի սպասել:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4