Ինչպես հայտնի է, մարտի 18-ին Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեն եւ դրա արդյունքները չարժանացան հայկական մամուլի ուշադրությանը: Միայն «Ազգը» անդրադարձավ այս հարցին նշելով, որ Ադրբեջանի դե յուրե վերածումը միապետության, կամ խանական նոր համակարգի անցումը կատարվում է իրեն ժողովրդավարության պաշտպան համարող Արեւմուտքի` ԱՄՆ-ի եւ Եվրոմիության լուռ համաձայնության պայմաններում: Փաստորեն այն, ինչը Բելառուսի դեպքում Արեւմուտքը ընկալեց որպես ժողովրդավարության հիմնարար սկզբունքի խախտում, Ադրբեջանին ներվեց: Արեւմուտք կոչվածի նման երկակի պահվածքի մասին կարելի է երկար խոսել, սակայն տվյալ դեպքում էականը սա չէ: Փաստորեն հարեւան Ադրբեջանում, որի հետ մենք լուրջ խնդիրներ ունենք, տեղի ունեցան քաղաքական փոփոխությունները, Իլհամ Ալիեւին հաջողվեց իր կլանի տիրապետությունը այդ երկրում տեւական դարձնել, եւ արդեն այսօրվանից կարող ենք ասել, որ Ալիեւների նոր խանությունը իրականություն է դարձել, եւ Ադրբեջանի քաղաքական զարգացման գործընթացում նշմարելի «միջինասիականացումը» հասել է իր վերջնական հանգրվանին:
Հասկանալի է, որ Արեւմուտքի լռությունը Ադրբեջանում սկսված այս գործընթացի նկատմամբ բացատրվում է այդ երկրում նավթի ու գազի պաշարներով: Իզուր չէ, որ Եվրոպան իր NABUCCO` գազի նոր խողովակաշարի կառուցման ծրագրում կարեւոր տեղ է հատկացնում Ադրբեջանին եւ հույս ունի, որ այդ երկրի տարածքով Կենտրոնական Ասիայից էներգակիրները, շրջանցելով Ռուսաստանը, կհոսեն Արեւմուտք: Այսինքնՙ այս պայմաններում թե՛ Եվրոմիության եւ թե՛ ԱՄՆ-ի համար կարեւոր էր, որ Ադրբեջանում հաստատվի կայունություն, իսկ թե կառավարման ինչ տիպի համակարգ կլինի, էական չէ:
Թե ինչքանով է իրական Ադրբեջանը դիտարկել որպես այլընտրանք Ռուսաստանին գազի արտահանման հարցում, սա դեռ խնդրի մի կողմն է, սակայն տեղի ունեցած գործընթացը, այսինքնՙ Ադրբեջանում խանական նոր համակարգի ներդրումը, Հայաստանի համար ընդգծված կերպով ունի նաեւ իր դրական կողմերը: Սա հատկապես կարեւոր է, երբ այս հարցը դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի համատեքստում: Գաղտնիք չէ, որ այս հարցում միջնորդի առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ էլ հավասարության նշան է դնում երկու երկրների մեջ, երբ խոսքը գնում է, ասենք, Ադրբեջանի զինադադարի խախտման կամ ռազմատենչ հայտարարությունների մասին: Միջնորդները եւ ընդհանրապես միջազգային դիտորդները նման քաղաքականությունը բացատրում էին, թե իբր երկու երկրներն էլ քաղաքական բարեփոխումների եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացման առումով նույն մակարդակի վրա են գտնվում: Թե ինչքանո՞վ է այս ամենը իրականությանը համապատասխանում, հարցի մի կողմն է, սակայն վերջին փոփոխությունըՙ Ադրբեջանում դե յուրե միապետական համակարգի հաստատումը, Հայաստանին բանակցային գործընթացում լուրջ քաղաքական փաստարկ է տալիս եւ յուրաքանչյուր ատյանում կարելի է ապացուցել, որ այդ երկրի տարածքային ամբողջականության մասին խոսելն ու ԼՂՀ-ն որպես այդ երկրի մի մասը դիտարկելը, մեղմ ասած, կոռեկտ չէ, քանի որ այնտեղ հաստատված բռնատիրական համակարգը չի կարող երաշխավոր լինել ոչ միայն այդ երկրի քաղաքացիների, այլեւ այլ ազգությունների անվտանգության համար: Այս պայմաններում, հանձինս միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, որոնք դատապարտեցին Ալիեւների կլանի հավերժացումը, Հայաստանը կարող է ստանալ լուրջ դաշնակիցների եւ միջազգային հանրության կարծիքի վրա ազդելու հնարավորություն: Քանի որ գաղտնիք չէՙ եթե Արեւմուտքի քաղաքական կառույցները Ադրբեջանում նոր խանական համակարգի հաստատումը լռության մատնեցին, ապա իրավապաշտպան կառույցները բնութագրեցին որպես այդ երկրում դեպի բռնատիրություն կատարված լուրջ քաղաքական քայլ, ինչը ոչ միայն վարկաբեկում, այլեւ այդ պետությանը զրկում է բարոյական որեւիցե իրավունքիցՙ խոսելու Ղարաբաղի Հանրապետությունը իր կազմ վերադարձնելու մասին: Միջազգային մակարդակով ամեն մի նման խոսակցություն, առավել եւս արեւմտյան որեւիցե կառույցի կամ պետության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցի բարձրացումը, պետք է ներկայացվի որպես այդ երկրում բռնատիրական համակարգի խրախուսում: Հետեւաբար ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ վերջինիս ամբողջականության մասին խոսելը նշանակում է նրան հնարավորություն տալ էլ ավելի ուժեղ ճնշում գործադրելու այդ երկրում ապրող ազգային մյուս փոքրամասնությունների` թալիշների, թաթերի, լեզգիների ու նրանց իրավունքների վրա: Բացի դրանից, Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին լուրջ առաջընթաց է գրանցել, երբ Ադրբեջանում միայն հետընթաց է գրանցվում, այնպես որ պետք է Արեւմուտքում ստեղծել հասարակական հստակ կարծիք, որ ժողովրդավար ԼՂՀ-ն չի կարող լինել միջնադարյան խանական համակարգով կառավարվող Ալիեւների կոռումպացված կլանի շուրջը համախմբված Ադրբեջան անունով ինչ-որ միավորի կազմում: Ադրբեջանի կազմ Ղարաբաղի վերադարձի մասին խոսող քաղաքական գործիչը, լինի Եվրոմիությունից, թե ԱՄՆ-ից, պետք է ներկայացվի որպես այդ երկրում բռնատիրական համակարգի խրախուսման փորձ կատարող անձ, ինչը միանշանակ պետք է դատապարտվի ոչ միայն հայ հասարակության, այլեւ միջազգային հանրության եւ առավել եւս իրենց ժողովրդավար համարող երկրների ու նրանց կառավարությունների կողմից: Ադրբեջանում ստեղծված իրավիճակի հարցում հարկավոր է լրջորեն աշխատել իրավապաշտպան այն կառույցների հետ, որոնք դատապարտում են Ալիեւների կլանի հավերժացման գործընթացը եւ որոնք կարող են ազդել շատ երկրների հասարակական կարծիքների վրա հայանպաստ դիրքորոշման հասնելու եւ հարցն ի նպաստ հայության լուծելու համար:
Ինչեւէ, Ադրբեջանի խանացման այս գործընթացը «դրական» միտում է պարունակում, քանի որ պարզորոշ ցույց է տալիս այս երկրի իրական կերպարը, նրա ժողովրդավարացման ցանկությունները, եւ վերջապես պատռում է կեղծ շղարշը, թե իբր այս երկիրը կարող է ինչ-որ դրական զարգացում ապահովել Ղարաբաղի հայության համար, եւ վերջնականապես փակում է այս բանակցային գործընթացում հաջողության հասնելու պաշտոնական Բաքվի նկրտումների ճանապարհը:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ