«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2009-03-27 | #55, 2009-03-28 | #56, 2009-03-31


ՉԿԱ ԽԱՂ, ՉԿԱ ԱՐԴՅՈՒՆՔ

ՀՀ հավաքականը մեծ դժվարությամբ առաջին միավորը վաստակեց

<200905610.jpg>

Հայաստանի ազգային հավաքականն իր դժգույն խաղով հերթական անգամ հիասթափեցրեց երկրպագուներին: Թվում էր, թե գոնե Էստոնիայի հավաքականի հետ մրցավեճում հայ ֆուտբոլիստները կկարողանան դրսեւորել իրենց խաղային ունակությունները եւ վերջապես անդրանիկ հաղթանակը կտոնեն` ընդհատելով չորս անընդմեջ պարտությունների շարքը: Այդ հաղթանակը հնարավորություն կընձեռեր վերջապես ազատվել խմբի հետնապահի տխուր կարգավիճակից: Սակայն այն խաղը, որ հրամցրեց մեր հավաքականը, չէր կարող հայ ֆուտբոլիստներին հաջողություն բերել: Մեր ֆուտբոլիստների գործողություններում այս անգամ էլ առանձնակի սրություն չզգացվեց, բացակայում էր համագործակցված, կոմբինացիոն խաղը: Պաշտպանության կենտրոնում, որտեղ խաղում էին Ռոբերտ Արզումանյանն ու Վահագն Մինասյանը, դարձյալ հիմնախնդիրներ կային, որի պատճառով մրցակիցը դեռեւս խաղասկզբում կարող էր բացել հաշիվը (գնդակը դիպավ ձողին), իսկ ընդմիջումից հետո 2-րդ գոլը խփեց եւ մեր հավաքականը հայտնվեց պարտության եզրին: Դեռ լավ է, որ խաղավարտից 3 րոպե առաջ Գեւորգ Ղազարյանի գլխի հարվածից հետո մրցավարը դարպասի գրավում արձանագրեց (նույնիսկ կրկնապատկերը դիտելիս դժվար էր որոշել, թե արդյոք գնդակը հատե՞լ է դարպասային գիծը), այլապես ՀՀ հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կկրեր:

Եթե նախորդ հանդիպումներում գոնե առաջին 10-15 րոպեներին մեր ֆուտբոլիստները դիմում էին բուռն գրոհների, ակտիվ խաղ էին ցուցադրում, ապա այս անգամ դա էլ չտեսանք: Խաղը սկսվեց հանգիստ տեմպով, բավական ժամանակ մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվում սպառնալ մրցակցի դարպասին: Հարձակման գծում եւս մեր ֆուտբոլիստների մոտ հստակություն չկար: Եզրերում գործող Լեւոն Փաչաջյանն ու Արման Քարամյանը փորձում էին ճեղքումներ կազմակերպել, սակայն ոչինչ չէր ստացվում: Դաշտի կենտրոնական հատվածում էլ չհաջողվեց հստակ կազմակերպել խաղը: 1-2 փոխանցումից հետո որպես կանոն մերոնք կորցնում էին գնդակը: Չգտնվեց մեկը, որը կարողանար կազմակերպել խաղընկերների գործողությունները, նրանց գրոհի առաջնորդեր, փոխարենը հաճախակի ականատես էինք լինում անհատական խաղի չարաշահման, շեղ հարվածների: Թերեւս կարելի է առանձնացնել Արտավազդ Քարամյանին, որը մի քանի անգամ դիպուկ հարվածեց դարպասին:

Էստոնիայի հավաքականն ավելի կազմակերպված խաղ ցուցադրեց եւ ավելի մոտ էր հաղթանակին: Ֆիզիկապես լավ պատրաստված էստոնացիները հստակ էին գործում թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում: Անշուշտ, ապրիլի 1-ին սեփական հարկի տակ Էստոնիայի ընտրանին ամեն ինչ կանի հաղթելու համար: Ինչ խոսք, Տալլինում մեր ֆուտբոլիստներին ավելի դժվարին պայքար է սպասվում, որում որոշվելու է, թե որ հավաքականն է եզրափակելու աղյուսակը: Վնասվածքի պատճառով Տալլին չեն մեկնել Ռոման Բերեզովսկին եւ Արթուր Ոսկանյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենին առայժմ չի հաջողվում կարգավորել իր թիմի խաղը, մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ ստեղծել, ինչպիսին էր մեր հավաքականը Իան Պորտերֆիլդի օրոք: Առայժմ մեր հավաքականում խաղային ձեռագիր չի ձեւավորվել, ֆուտբոլիստներն էլ լավ մարզավիճակում չեն, այդ թվում նաեւ լեգեոնականները, որոնցից շատերն իրենց թիմերում հազվադեպ են հանդես գալիս: Այս ամենի արտահայտությունն էլ էստոնացիների հետ ցուցադրած դժգույն խաղն էր:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

  Յան Պոուլսեն (Հայաստան) - Դժգոհ եմ հավաքականի խաղից: Ֆուտբոլիստների մոտ մեծ թիվ էին կազմում ավելորդ շարժումները, անհատական խաղի չարաշահումը: Նրանց խորհուրդ էի տվել խաղալ արագ եւ կարճ փոխանցումներով, քանի որ հակառակորդը բարձրահասակ էր: Բայց մեր ֆուտբոլիստներն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան, չկատարեցին առաջադրանքը: Խաղային կարգապահությունն էլ երբեմն խախտվում էր, ֆուտբոլիստներից ոմանք թողնում էին իրենց դիրքերը: Պաշտպանության կենտրոնում էլ խնդիրներ ծագեցին եւ 2-րդ գոլը բաց թողեցինք:

2-րդ խաղակեսում անհամեմատ լավ խաղացինք, սակայն պաշտպանների սխալի պատճառով գոլ բաց թողեցինք ու հայտնվեցինք դժվարին կացության մեջ: Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները վատ չաշխատեցին: Հենց նրանց ջանքերով «ծնվեց» 2-րդ գոլը: Տղաների մոտ հաղթելու ցանկությունը մեծ էր, սակայն միշտ չէ, որ ցանկալին իրականություն է դառնում: Պատասխան խաղում նույնպիսի դժվարին պայքար եմ սպասում: Էստոնիայում բավական ցուրտ եղանակ է եւ հնարավոր է խաղադաշտի հետ կապված խնդիրներ ծագեն:

  Տարմո Ռյույուտլի (Էստոնիա) - Սա ֆուտբոլ է, ամեն ինչ հնարավոր է տեղի ունենա: Կարեւորն այն է, որ մենք միավոր վաստակած ենք վերադառնում Էստոնիա: Հայաստանի ընտրանին ինձ ոչնչով չզարմացրեց: Արդյունքից գոհ չեմ, քանի որ հաղթում էինք 2-1 հաշվով, բայց խաղավերջում մրցավարը դարպասի գրավում է արձանագրում, ինչը չկար: Մենք բոլոր խաղերում էլ հաղթանակի ենք ձգտում, սակայն ելնելով մրցակցից, ավելի շատ պաշտպանվում կամ հարձակվում ենք: Հայաստանի հավաքականի հետ մրցավեճը դեռեւս չի ավարտվել: Առջեւում Տալլինում կայանալիք պատասխան խաղն է:

Մրցաշարային աղյուսակ

5-րդ խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. Իսպանիա550011-115
2. Բոսնիա530216-69
3. Թուրքիա52215-38
4. Բելգիա52129-97
5. Էստոնիա50234-152
6. Հայաստան50143-141

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4