Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա այցով ժամանեց Սյունիքի մարզ: Նախագահը Սյունիք էր մեկնել ուղղաթիռով: Կապանի օդանավակայանում նրան դիմավորեցին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը եւ այլք: Օդանավակայանից նախագահը մեկնեց Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ: Սերժ Սարգսյանը եղավ կոմբինատում, հանքում, դիտեց տեխնիկան, ապա կայացավ խորհրդակցություն մարզային իշխանությունների մասնակցությամբ: Քաջարանի կոմբինատը գործում է 1952-ից, եղել եւ մնում է ՀՀ տնտեսության կարեւորագույն բաղկացուցիչ մասը: Իր գործունեության 50 եւ ավելի տարիների ընթացքում ընկերությունը ունեցել է զարգացման 4 փուլ, 3-ը խորհրդային տարիներին էին, վերջինը կապված է ընկերության մասնավորեցման հետ եւ ընդգրկում է 2005-08 թվականները: Վերջին փուլի ընթացքում արտադրության ծավալների աճը խորհրդային առավելագույն ցուցանիշների հետ համեմատած կազմել է ավելի քան 50 % եւ հետագա աճի միտում ունի մինչեւ 2012-ը, կապված իրականացվող ծրագրերի փուլերի ավարտի հետ: Այսօր ակտիվ համագործակցություն է ձեւավորվել հանքարդյունաբերության բնագավառի հայտնի ընկերությունների հետ: Կոմբինատն ապահովում է ավելի քան 10 հազար աշխատատեղ եւ շարունակում է համագործակցությունը առաջատար արեւմտյան ընկերությունների հետ: Հաշվի առնելով այն փաստը, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից առավել շատ տուժել է հանքարդյունաբերության ոլորտը, 2009-ի փետրվարին կառավարությունը 3 ամիս ժամկետով կոմբինատին է տրամադրել 10 մլն դոլար:
Կապանում Սերժ Սարգսյանը ծաղիկ դրեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանին, որից հետո այցելեց ղարաբաղյան պատերազմում զոհվածների գերեզման:
Այնուհետեւ Սյունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն: Նախագահն իր բացման խոսքում ասել է. «Քաջարանի կոմբինատի այսօրվա վիճակն արդյունք է սեփականատերերի, կոմբինատի ղեկավարության քրտնաջան ու բեղմնավոր աշխատանքի: Եզրակացությունս միանշանակ է` բոլոր երեք խոշոր ձեռնարկություններն ի վիճակի են եւ պետք է աշխատեն: Պետք է աշխատեն նույնիսկ զրոյական շահութաբերության պայմաններում` հասկանալով, որ ոչ միայն կարեւոր սոցիալական խնդիր են լուծում, այլեւ վաղվա շահույթներն են վաստակում: Եթե կառավարությունից որեւէ լրացուցիչ ակնկալիք կա, մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկել: Ընդհանրապես ճգնաժամի հետ կապված, վերջին ամիսների ընթացքում մենք մեկ խնդիր չէ, որ լուծել ենք, այսուհետեւ եւս որեւէ խոչընդոտի առջեւ կանգ չենք առնելու: Առավել եւս, որ ազգային արժույթի վերջերս արձանագրված արժեզրկումը եւ մետաղների միջազգային գների փոքր-ինչ հուսադրող միտումները, կարծեք թե, որոշակի դրական պայմաններ են ստեղծում: Մենք այդ համեմատաբար եւ հարաբերական բարենպաստ պայմաններից անպայման պետք է օգտվենք»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Կապան