«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2009-03-28 | #56, 2009-03-31 | #57, 2009-04-01


ԵՎՐՈԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՂԻՆ ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ՀԱՅԱՑՔՈՎ

Ուր ենք գնում, այս հարցը միշտ մտատանջել է մեզ` հայերիս: Մենք մի ազգ ենք, որը միշտ ինչ-որ տեղ գնացել է, այսինքն` տեղում դոփել չենք սիրում: Նախկինում գնում էինք դեպի կոմունիզմ, սակայն 70-ամյա մեր ուղին այդ ճանապարհով բերեց փակուղի: Անկախություն ստանալով որոշ ժամանակ մտմտալուց հետո որոշեցինք, որ երջանկության հասնելու մեր ճանապարհը տանում է դեպի Արեւմուտք, այսինքն` դեպի Եվրոպա: Այսպիսով ճանապարհային մեր քարտեզում կատարեցինք կարեւոր ուղղում, երջանկության մեր սլաքը հյուսիսից տեղափոխելով դեպի արեւմուտք: Եվ այժմ հետեւելով, թե ինչ վճռականությամբ ենք շարժվում եվրոպական ուղղությամբ, կարող ենք ասել` ազգիս այրերը գտել են դրախտի տեղը. այն այժմ Բրյուսելում է: Եվ դարերով Փոքր Ասիա կոչված տարածքում ապրած հայերս մեզ կարող ենք լիովին եվրոպացի զգալ: Ասենք, որ ներկայումս մեր մայրաքաղաքի փողոցներում կարող ենք նկատել Եվրոպայի թափառող վկաներին, որոնք մեր մեջ փորձում են ներմուծել եվրոպական արժեքներ, մենք էլ որպես հյուրասեր ազգ, ինչպես ասում են, տակ չենք մնում եւ նրանց մեջ ներմուծում ենք հայկական բարքեր: Ասեմ ձեզ, որ մեզ մոտ ավելի լավ է ստացվում եւ մի քանի ամիս մեզ հետ շփվող եվրոպացիները սովորում են մեքենա վարել կարմիր լույսի տակ, թքել փողոցներում, խաշ ուտել ձեռքերով եւ չվճարել վերելակի փողը: Սակայն եվրոպական արժեքները մեզ հետապնդում են ամենուրեք. մենք եվրոպական ադաթներով պսակվում ենք, կնքվում եւ նույնիսկ բաժանվում: Հայաստանը Եվրոմիության կողմից նույնիսկ ճանաչվել է որպես շուկայական տնտեսություն ունեցող երկիր: Հասկանալով, որ շուկայի շարժիչ ուժը գովազդն է, իրենց ապրանքը փորձում են գովազդել բոլորը: Այսօր շուկայական հարաբերությունների մեջ են մտել նույնիսկ ծննդատները, որոնց գովազդը հնչում է այսպես. «Եթե մեզ մոտ ունենաք երկու երեխա, ապա երրորդը կստանաք ձրի»:

Ինչեւէ, եվրոպական արժեքներն այսօր Երեւանում նկատելի են նաեւ, ինչպես ասում են, անզեն աչքով: Երեկոյան ժամերին անցնելով Բաղրամյան փողոցով, այդ արժեքները կարող ենք նկատել մայթերի վրա շարված, ու ինչքան արագ ենք սլանում դեպի Եվրոպա, այնքան խտանում են մեր «արժեքների» շարքերը ու բարձրանում են նրանց գներըՙ հասնելով եվրոպական մակարդակին: Եվրոպականանում են նաեւ մեր երեխաները: Նրանք այսօր չգիտեն, թե ով է Կիկոսը, Քաջ Նազարը կամ, ասենք, Ցռան Վերգոն, սակայն լավ են ճանաչում Թոմին ու Ջերիին, Միկի մաուսին կամ Շրեքին: Ցանկանալով նմանվել նրանց, լինելով Թոմի ու Ջերիի նման արագ, Միկի մաուսի նման խելոք եւ Շրեքի նման կանաչ: Ինչեւէ, փոխվում ենք նաեւ մենք, եթե նախկինում սպասում էինք, որ մեր Ամանորը շնորհավորելու կգա Կաղանդ պապիկը, խորհրդային տարիներին` Լենին պապիկը, ապա անկախությունից հետո Ձմեռ պապիկին սկսել է դուրս մղել Սանտա Կլաուսը: Թե ինչ բան է այս վերջինս, քչերը գիտեն, նույնիսկ խառնելով մանկական լուծողականի հետ: Սակայն փաստն այն է, որ Սանտային Կլաուսի հետ այժմ սպասում են շատ տներում, հուսով, որ եվրոպացի Ձմեռ պապը եվրոպական նվերներ կբերի, օրինակ, «Մայնբախ» կամ «Ռոլս-Ռոյս»:

Ինչեւէ, 2009-ի ապրիլի մեկին հայ ժողովրդին կարող ենք խորհուրդ տալ, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` եվրոինտեգրացմանը, ընտրություններին, ճգնաժամին եւ այլն, հումորով վերաբերվեն ու հիշեն հայտնի խոսքերը, որ «աշխարհի բոլոր հիմարությունները կատարվում են դեմքի լուրջ արտահայտությամբ»:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4