«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2009-03-28 | #56, 2009-03-31 | #57, 2009-04-01


ԲՀԿ-Ն ԼՈՒՐՋ ՀԱՅՏՈՎ Է ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԲՀԿ խմբակցության քարտուղար, քաղաքային ավագանու ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Արամ Սաֆարյանից երեկ հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է վերաբերվում մամուլում արտահայտված տեսակետին, թե ԲՀԿ-ն ոչ թե պայքարելու է, որ բարձր քվե ստանա, այլ` որ Հանրապետականը նվազ քվե ստանա:

Արամ Սաֆարյանն այդ տեսակետն աբսուրդ համարեց, չուզեց անգամ մեկնաբանել, այլ պատմեց, որ ԲՀԿ-ի կենտրոնական շտաբը ձեւավորման փուլում է, այսօր-վաղը-մյուս օրը կձեւավորվի. «Մեր համայնքային շտաբները եւ ենթաշտաբների մեծամասնությունն արդեն ձեւավորված են, ընտրությունների նախապատրաստման փուլում ընդգրկված են հարյուրավոր, եթե չասեմ` հազարավոր ԲՀԿ-ականներ, մենք արդեն բազմաթիվ խորհրդակցություններ ենք անցկացրել, ուշադրությամբ հետեւելու ենք հանձնաժողովների ձեւավորման գործընթացին, այդ թվում` մեր ներկայացուցիչների ընտրությանն ու երաշխավորմանը: Մենք տրամադրել ենք մարդկանց, որ ստուգեն-բացահայտեն ընտրախախտումների եւ կեղծիքների մասին տեղեկությունները, մենք դրանց տեղյակ լինենք, եւ եթե հարկ լինի` բարձրացնենք»: Ա. Սաֆարյանի տպավորությամբ` ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերը մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկսվելը` մայիսի 2-ից հայտարարություն կանեն ընտրությունները կոռեկտ եւ պատշաճ մակարդակով անցկացնելու մասին. «Որովհետեւ եթե նորից կրկնվեց չարության, ատելության, իրարամերժության այն մթնոլորտը, որը եղել է նախորդ անգամ, երկիրը լրացուցիչ անգամ խայտառակվելու է, եւ ես չեմ ուզում, որ այդպիսի բան լինի»:

Ըստ Սաֆարյանի` ԲՀԿ-ի նորաստեղծ քարոզչական խումբը շատ հզոր է, շատ լուրջ մասնագետներ են այնտեղ ընդգրկված. «Շուտով կանցկացնենք մեր ծրագրի եւ գլխավոր կարգախոսի շնորհանդեսը, հանրությանը կներկայացնենք մեր հիմնական անելիքները: Օգտվելու ենք օրենքով նախատեսված քարոզչության բոլոր ձեւերից, մենք տուն առ տուն մտնելու ենք Երեւանում, աշխատելու ենք էլեկտրոնային փոստ օգտագործողների հետ»:

«Ո՞վ է ձեր գլխավոր մրցակիցը քաղաքային ավագանու ընտրություններում» հարցին հնչեց Ա. Սաֆարյանի այս պատասխանը. «Բոլոր մրցակիցներին էլ լուրջ ենք վերաբերվում, բայց ասեմ, որ մենք շատ լուրջ հայտ ենք ներկայացնելու այս ընտրություններին»:

«Հնարավոր համարո՞ւմ եք ձեր թեկնածուի` ինչ-որ պահի ինքնաբացարկը», հետաքրքրվեցինք:

- Չի՛ կարող այդպիսի բան լինել. խոսքը Հարություն Մաքսիմիչ Քուշկյանի մասի՞ն է` ոչ, չի կարող այդպիսի բան լինել, ողջ համոզմունքով մեզ հավատացրեց Ա. Սաֆարյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4