«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2009-03-28 | #56, 2009-03-31 | #57, 2009-04-01


ՊՈՈՒԼՍԵՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՃ ՏԵՎԵՑ

Դանիացի 63-ամյա մասնագետ Յան Պոուլսենն ավարտեց իր առաքելությունը Հայաստանում: Ինչպես եւ ազգային հավաքականի նախորդ օտարերկրացի մարզիչները, Պոուլսենն էլ շատ կարճ ժամանակահատվածՙ ընդամենը 1 տարի 2 ամիս գլխավորեց Հայաստանի ընտրանին: Անկեղծ ասած, կարծում էինք, որ Պոուլսենի պաշտոնանկության հարցը կդրվեր ապրիլի 1-ին Տալլինում կայանալիք Էստոնիա-Հայաստան հանդիպումից հետո, եթե այդ խաղն էլ անհաջող ավարտվեր մեր ընտրանու համար: Սակայն ինչպես երեւում է, ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության համբերության բաժակն արդեն լցվել էր եւ պատասխանատու խաղից առաջ որոշեց հրաժարվել Պոուլսենի ծառայություններից: Չնայած նման քայլի կարելի էր դիմել դեռեւս անցյալ տարի, երբ արդեն ընտրական մրցաշարի մեկնարկում հավաքականը տապալվեցՙ զիջելով Թուրքիայի (0-2) եւ Իսպանիայի (0-4) հավաքականներին: Բայց այն ժամանակ գուցե մարզչին վճարվելիք փոխհատուցման հարց կար եւ նպատակահարմար չէր ավելորդ ծախսեր կատարելը:

Ինչեւէ, Պոուլսենն այլեւս հավաքականի գլխավոր մարզիչը չէ: Նրան առաջարկել են շարունակել աշխատանքը հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնում: Իսկ այսօրվա խաղում, որը Տալլինում սկսվելու է Երեւանի ժամանակով 20-ին, հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարելու է Վարդան Մինասյանը: Վերջինս առաջին անգամ չէ, որ փոխարինում է հավաքականի գլխավոր մարզչին: Հիշեցնենք, որ Պորտերֆիլդի մահվանից հետո Վարդան Մինասյանն էր գլխավորում հավաքականն ընտրական վերջին երկու հանդիպումներում:

Յան Պոուլսենն օտարերկրացի 6-րդ մարզիչն էր, որին բախտ էր վիճակվել գլխավորել ՀՀ հավաքականը: 2002-ից հավաքականի ղեկը վստահվում է օտարերկրացի մասնագետի: Կյանքը ցույց տվեց, որ այդ քայլն իրեն ընդհանուր առմամբ չի արդարացնում: Օտարերկրացի մարզիչներից թերեւս կարելի է նշել միայն Միխայ Ստոյկիցային եւ Իան Պորտերֆիլդին, որոնց հաջողվեց քիչ թե շատ մարտունակ կոլեկտիվ ձեւավորել, որն աչքի էր ընկնում խաղային ձեռագրով, բավական գրագետ ֆուտբոլ էր ցուցադրում: Իսկ ահա Բեռնար Կազոնիի, Հենկ Վիսմանի եւ Յան Պոուլսենի ընտրությունն անհաջող էր:

Ճիշտ է, Յան Պոուլսենը բավական հաջող սկսեց իր մարզչական գործունեությունը Հայաստանում: Նա նորամուտը նշեց Մալթայի մրցաշարում դաշտի տերերի (1-0) եւ Բելառուսի (2-1) հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակներով: Եվ միայն 3-րդ խաղում 0-2 հաշվով պարտվելով իսլանդացիներին, ՀՀ հավաքականը զրկվեց Մալթայի մրցաշարի հաղթողի տիտղոսիցՙ գրավելով 2-րդ տեղը: Մինչեւ ընտրական մրցաշարի մեկնարկը Պոուլսենի գլխավորությամբ հավաքականը ընկերական հաջորդ հանդիպումներում անպարտելի մնացՙ հաղթելով Ղազախստանի (1-0) հավաքականին, ոչ-ոքի խաղալով մոլդովացիների (2-2) եւ հույների (0-0) հետ: Այս արդյունքները հուսադրող էին եւ թվում էր, թե Հայաստանի հավաքականն արժանապատիվ ելույթներ կունենա նաեւ ընտրական մրցաշարում: Սակայն, ցավոք սպասելիքները չարդարացան: Մեր ընտրանին ոչ միայն 4 անընդմեջ պարտություն կրեց, այլեւ իր դժգույն եւ բովանդակությունից զուրկ խաղով հիասթափեցրեց ֆուտբոլասերներին: Իհարկե, այս ամենի տրամաբանական վախճանը պետք է լիներ Պոուլսենի պաշտոնանկությունը:

Հերթական անգամ ՀՖՖ-ի ղեկավարությունը ստիպված է հավաքականի նոր գլխավոր մարզիչ որոնել, ինչն այնքան էլ դյուրին գործ չէ: Վերջին 7 տարում արդեն 6 անգամ փոխվել է հավաքականի մարզիչը: Բնական է, որ անվանի մասնագետները Հայաստան չեն գա աշխատելու: Իսկ միջակների մեջ գոնե պետք է ընտրել լավագույններին: Հայաստանի հավաքականն իր հաջորդ ընտրական մրցախաղը էստոնացիներից հետո անցկացնելու է աշնանը, ուստի բավական ժամանակ կա ծանրութեթեւ անելու եւ որակյալ մարզիչ ընտրելու համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4