Վիլնյուսում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը, որի պարգեւներն են վիճարկում նաեւ Հայաստանի հավաքականի անդամները: Առաջինը մրցասպարեզ դուրս եկան ազատ ոճային ըմբիշները: Հայաստանից մրցագորգ դուրս եկան 4 ըմբիշներ, մնացած 3-ը մրցումները կսկսեն այսօր: Այս քառյակից բոլորից հաջող հանդես եկավ մինչեւ 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը: Առաջին գոտեմարտում Բասիեւը հաղթեց լատվիացի Սերգեյ Դյոմինսին, ապա պարտության մատնեց վրացի Դավիթ Օթիաշվիլուն: Կիսաեզրափակիչում էլ Հայաստանի ներկայացուցիչն իր բարձրության վրա գտնվեց եւ հաղթելով ուկրաինացի Վասիլի Տեսմինեսկիին, մտավ եզրափակիչՙ նվազագույնն իր համար ապահովելով արծաթե մեդալ: Եզրափակիչ գոտեմարտում Բասիեւը ուժերը չափեց ադրբեջանցի Ալի Իսաեւի հետ: Գոտեմարտն ավարտվեց Բասիեւի պարտությամբ, որը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Մեր մյուս երկու ըմբիշներըՙ Միհրան Ջաբուրյանը (55 կգ) եւ Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ) իրավունք էին ստացել պայքարելու բրոնզե մեդալների համար: Ջաբուրյանն առաջին գոտեմարտում հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Ուրս Վիլդին, ապա առավելության հասավ ուկրաինացի Վլադիմիր Դուբովոյի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Միհրանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող ղազախստանցի ըմբիշ Նարիման Իսրապիլովն էր: Ցավոք, մեր ըմբիշին չհաջողվեց հաղթահարել մրցակցի դիմադրությունը: Միհրանը իրավունք ստացավ պայքարելու միայն բրոնզե մեդալի համար:
Ժիրայր Հովհաննիսյանն էլ հաջորդաբար հաղթելով Միրոսլավ Դյուկինին ու Ռոբերտ Օլեին, կիսաեզրափակիչում պարտվեց ուկրաինացի Անդրեյ Ստադնիկին:
Մեր հավաքականին երկրորդ մեդալը պարգեւեց Ժիրայր Հովհաննիսյանը, որը 3-րդ տեղի համար պայքարում հաղթեց մոլդովացի Ռոման Դերմենջիին: Իսկ ահա Միհրան Ջաբուրյանին չհաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: Նա պարտվեց բուլղարացի Ռադոսլավ Վելիկովին:
84 կգ քաշային Հարություն Ենոքյանը որակավորման փուլում առավելության հասնելով հունգարացի Իշտվան Վեբերի նկատմամբ, հաջորդ գոտեմարտը շահեց լիտվացի Գեդրիուս Մորկիսից: Սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը զիջեց լեհ Ռադոսլավ Մարցինկեւիչին եւ դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ