Ինչպես տեղեկացրել ենք, սկսվել են բանակցությունները IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամի ու WBC-ի եւ WBO-ի վարկածներով չեմպիոնական գոտու տեր Կելի Պավլիկի ներկայացուցիչների միջեւ: Ըստ Աբրահամի պրոմոութեր Վիլֆրեդ Զաուեռլանդի, եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա մենամարտը հնարավոր է տեղի ունենա այս տարվա նոյեմբերի 7-ին Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սկվեր Գարդենում»: Ըստ նրա, բանակցությունները հաջող են ընթանում, երկու բռնցքամարտիկների փաստաբաններն արդեն աշխատում են պայմանագրի տեքստի վրա: Նշենք, որ Կելի Պավլիկն ու նրա պրոմոութեր Բոբ Արումը վերջերս հայտարարել էին, որ կողմ են Աբրահամի հետ մենամարտելու գաղափարին:
Հունիսի 27-ին Կելի Պավլիկը պետք է իր տիտղոսները պաշտպանի առաջին միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Սերխիո Մորայի հետ մենամարտում: Աբրահամն էլ իր հերթին ծրագրել է ամռանը տիտղոսի հերթական պաշտպանությունն իրականացնել: Նրա մրցակիցը կլինի Ջովանի Լորենցոն: Եթե Պավլիկն ու Աբրահամը հաջողությամբ ավարտեն իրենց մենամարտերը, ապա մեծ է հավանականությունը, որ նրանց մրցավեճն աշնանը կկայանա: Ամենայն հավանականությամբ այդ մենամարտն Աբրահամի համար կլինի վերջինը միջին քաշում: Արթուրն արդեն ավելորդ քաշի խնդիր ունի եւ ստիպված է լինում մենամարտից առաջ քաշ գցել: Նա պատրաստվում է տեղափոխվել երկրորդ միջին քաշային կարգ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ