Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ում գործող տիեզերական դիտարկումների կենտրոնում երեկ գործարկվեց տիեզերական ընդունիչ կայանը: Այդ կապակցությամբ տիեզերական դիտարկումների կենտրոն այցելեց ու կատարվող աշխատանքներին ծանոթացավ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տիեզերական ընդունիչ կայանը հնարավորություն է ընձեռում մինչեւ 1000 կմ երկրամերձ ուղեծրով օգտվել արհեստական արբանյակների հնարավորություններից եւ կատարել երկրի հեռահար ուսումնասիրություն: Կայանի հնարավորությունների մասին լրագրողներին մանրամասներ հաղորդեց կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Նա տեղեկացրեց, որ կայանից կարելի է տեսնել մեր երկրի ամեն մի հատված մինչեւ 1 մետր ճշտությամբ: Մինչ այդ ճշտությունը 2 եւ ավելի մետր էր: Կայանի միջոցով հնարավորություն կունենանք տարեկան 50 րոպե անընդհատ ուսումնասիրելու երկրի տարածքը: Միաժամանակ, կայանի շնորհիվ հնարավոր է լուծել քաղաքաշինական, տնտեսական, բնապահպանական եւ պաշտպանական ոլորտի խնդիրներ: Այսինքն, պաշտպանության նախարարությունը կարող է դիմել կադաստրի պետական կոմիտե եւ ստանալ համապատասխան տվյալներ: Ըստ Մանուկ Վարդանյանի, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մեր կադրերին վերապատրաստելու:
Ա. Մ.