«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2009-04-01 | #58, 2009-04-02 | #59, 2009-04-03


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԴԵՌ ՄՆՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՎՐԱ ՃՆՇՄԱՆ ԼԾԱԿՆԵՐԸ»

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը նմանվում է ամերիկացի գործընկերո՞ջը

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մոտ մեկ ամսից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ամենայն հավանականությամբ կրկին կհանդիպեն, իսկ մինչ այդ առանձնակի ոչինչ չի փոխվել այն իրականության մեջ, որ բնութագրական է դարձել արդեն մի երկար ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահական գործընթացի ու ընդհանրապես ղարաբաղյան հարցի կարգավորման առումով:

Եվ ինչպես միշտ նախագահական հանդիպումներից առաջ, այս անգամ էլ ադրբեջանական կողմը կրկին յուրօրինակ ակտիվություն է դրսեւորում, երբ Հայաստանում այդօրինակ որեւէ գործողություն, միջոցառում ու հայտարարություն ուղղակի չի արվում: Ամեն դեպքում, այս անգամ էլ, ադրբեջանական կայքէջերի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահող Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե շատ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեի մասին:

«Վաղաժամ է խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեի մասին, քանի դեռ գտնված չէ դրա (հստակ չէ` կարգավիճակի, թե հանրաքվեի) մոդելը», «Թրենդ» գործակալությանը հայտարարել է Մերզլյակովը: Ռուս համանախագահողի խոսքերով, որ մեջ է բերում ադրբեջանական գործակալությունը, «Հանրաքվեի անցկացումը սահմանվել է որպես սկզբունք, որ առաջարկվել են հակամարտության կողմերին համանախագահները:

Դա կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամարտահայտությունն այն բանից հետո, երբ կողմերը կհամաձայնեն այդ քվեարկության մոդելության հարցում»: Թերեւս հետաքրքրական է, որ Մերզլյակովը օգտագործում է «հակամարտության կողմեր»` առանց տարբերակելու ու մանրամասնելու:

Մերզլյակովը ասվածին հավելել է, թե հանրաքվեին պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի «ողջ բնակչությունը»` նկատի ունենալով նաեւ ադրբեջանական համայնքը: «Մենք հենց այդ հարցի վրա էլ աշխատում ենք, անհրաժեշտ է այնպիսի սկզբունքի ձեւակերպում, որին համաձայնեն երկու կողմերն էլ», նշել է ռուս համանախագահողը:

«Հայաստանը չի կարող դադարեցնել բանակցությունները, եւ դեռ մնում են նրա վրա ճնշման լծակները», անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը` այսպիսի կարծիք է հայտնել Յուրի Մերզլյակովը, կրկին կարծիք, որ հաստատապես հարիր չէ համանախագահողի միջնորդական առաքելությանը ու դժվար թե համապատասխանում է իրականում Մերզլյակովի ասածներին:

Ամեն դեպքում, ըստ ադրբեջանական կայքէջի, ռուս համանախագահն ընդգծել է, որ այդ սահմանի բացումը կարող է դրականորեն ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: «Հարաբերությունների նորմալացումը ինքնին դրական գործոն է եւ պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, քանի որ Հայաստանը իրեն մեկուսացված չի զգա»:

Գործակալությունը կրկին հիշատակում է իր իսկ տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, իբր ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն մարտին Վիեննայում անցկացված միջազգային ֆորումում հայտարարել է, թե հակամարտության կարգավորման համար նախ պետք է «ազատվեն Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները, եւ միայն 10-15 տարի հետո պետք է անցկացվի հանրաքվե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ»:

Նշենք, որ ադրբեջանական կայքէջերին վստահելու խնդիրը մեծագույն է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս խոսքերի հեղինակը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը: Թերեւս համանախագահի մակարդակով անպատասխանատու է հայտարարելը, թե «ազատվեն Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4