Հույս կա, որ Բարաք Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը
Հայ-թուրքական հարաբերությունների առումով վերջին ժամանակներս կարեւորվող երկու հիմնական հանգամանքներն են ԱՄՆ նախագահի այցը Թուրքիա եւ ապրիլի 24-ին ամերիկահայ համայնքին ուղղված նրա խոսքը` «ցեղասպանություն» բառի կիրառմամբ կամ առանց դրա:
Այս ֆոնին էլ հնչեղություն են ստանում այնպիսի խոսակցությունները, որոնք վերաբերում են, ասենք, ինչ-որ համաձայնագրի նախապատրաստմանը, որ նախատեսվում է ստորագրության «հրամցնել» Հայաստանին եւ Թուրքիային` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք այցելության ընթացքում:
«Ուրբաթ» ակումբում երեկ հյուրընկալված Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն այս թեմաներին ավելացրեց նաեւ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը, ավելի կոնկրետ` կրավորական կեցվածքը, քանի որ հանրությանը հետաքրքրող այս հարցերում որեւէ բացատրություն չի տրվում:
Ակումբի մյուս հյուրի` «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան, թուրքագետ Հակոբ Չաքրյանի մոտեցմամբ, հայ-թուրքական հարաբերությունները բարդ են, ինչի պատճառը Թուրքիայի մոտեցումն է: Ու չնայած որոշ դեպքերում տարբերությանը` Թուրքիայի ներկայիս կառավարությունն էլ, Չաքրյանի խոսքով, ամեն ինչ անում է, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից, Ադրբեջանի հետ էլ ինչ-որ տեղ կարգավորի իր հարաբերությունները:
Ամեն դեպքում, թուրքագետի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների առումով առկա են ընդամենը շփումներ, իսկ Աբդուլլահ Գյուլի Հայաստան այցելությունից հետո էլՙ երկխոսություն, ինչը Թուրքիան ցանկանում է ծառայեցնել ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելուն: Իսկ թե դրանում որքանով կհաջողեն, Չաքրյանի ներկայացմամբ, ցույց կտան ԱՄՆ նախագահի այցը Թուրքիա եւ ապրիլի 24-ին հայ համայնքին նրա ուղերձի բովանդակությունը:
Ինչ վերաբերում է հենց այդ ուղերձի բովանդակությանը, ապա դրանում ցեղասպանություն բառը չարտասանելու դեպքում էլ, Հակոբ Չաքրյանի մեկնաբանմամբ, Հայոց ցեղասպանության հարցը մնում է Վաշինգտոնի օրակարգում, ու այդ պարագայում Թուրքիային հուզում է ավելի, թե այս տարի դրանից խուսափելու դեպքում անգամ ինչ պիտի արվի հաջորդ տարի:
Չաքրյանն, այնուամենայնիվ, գտնում է, թե հույս կա, որ Բարաք Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը: Ընդ որում, առավել կարեւոր է, ըստ թուրքագետի, ոչ թե հենց այդ բառի արտասանումը, այլ որ ԱՄՆ նախագահը չխոչընդոտի երկրի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի անցկացմանը:
Ռուզան Առաքելյանն էլ ցեղասպանություն բառի արտասանության դեպքում հարաբերությունների վատթարացման առնչությամբ գտնում է, որ այդ առնչությամբ Թուրքիայի մոտեցումն է հետաքրքրական այն պատճառով, որ ապրիլի 24-ի ԱՄՆ նախագահի ուղերձում այդ բառի առկայության դեպքում Թուրքիան դա կընկալի որպես Հայաստան-Թուրքիա հարաբերություններում 3-րդ կողմի ոչ ցանկալի միջամտություն:
Պատասխանելով լրագրողների հարցերինՙ հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացման» հարցում Հայաստանի դերի մասին` Հակոբ Չաքրյանը անհամաձայնություն հայտնեց, ավելացնելով, որ եթե դիտարկվի, ապա չնչին է Թուրքիայի դերը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները միայն երկու երկրներին չեն վերաբերում, այլ ողջ Կովկասին` ազդեցության առումով:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Թուրքիա Օբամայի այցելությունից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը, ապա Հակոբ Չաքրյանն այդպես մտածելու համար առայժմ հիմք չի տեսնում: Այս առնչությամբ Ռուզան Առաքելյանը ընդգծեց, որ թյուր է այն կարծիքը, թե Դաշնակցությունը դեմ է սահմանի բացմանը: ՀՅԴ խմբակցության ներկայացուցչի խոսքերով, Դաշնակցությունը գտնում է, որ պետք է համակողմանի ուսումնասիրվեն ու վերլուծվեն սահմանի բացման հետեւանքները:
Ակումբի երկու հյուրերն էլ համակարծիք էին ասուլիսի ավարտին քննարկված այն հարցում, որ Հայաստանին պետք են զուտ մասնագետներ, պատմաբան-ցեղասպանագետներ, որպիսիք, ցավոք, չկան ու դեռեւս առանց ուսումնասիրության են մնում բազում հարցեր, այդ թվում` թուրքական ժխտողականությունը, միջազգային իրավունքը հենց այդ հարցի առնչությամբ եւ այլն: Անհրաժեշտություն է նաեւ ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի ստեղծումը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ