Պետեկամուտների կոմիտեի առաջարկը փոփոխությունների կարիք ունի
Երկրի ներքին առեւտրաշրջանառության ստվերային ծավալների բացահայտման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերն առայժմ մեծ հաջողություններ չեն ունեցել: Միակ լուրջ արդյունքն արձանագրվել է սուպերմարկետներում, որտեղ հսկիչ-դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կիրառվում են այնպես, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում: Մնացած օբյեկտներում կտրոնները ոչ միշտ եւ ոչ բոլոր տեղերում են պարտաճանաչորեն տրամադրվում: Իսկ տոնավաճառներում, որտեղ ամենաբարձր ստվերայնությունն է, կտրոն ընդհանրապես չեն տրամադրում, ասելով, թե իրենց մոտ ՀԴՄ-ներ տեղադրված չեն: Այսինքն, կարող ենք փաստել, որ առայժմ ՀԴՄ-ների կիրառումը մասնակիորեն է իրագործվում:
Միանշանակ էր, որ հասարակությանը պետք էր խթանել ՀԴՄ-ների լիարժեք կիրառմանը հասնելու համար: Որպես խթանման ձեւերից մեկը ընտրվեց վիճակախաղը: Կարելի է ասել, որ հասարակական ակտիվության խթանման այս ձեւը միայն մասամբ արդարացրեց: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, վիճակախաղը լավագույն տարբերակը չէր բնակչության ակտիվության խթանման համար: Այսպես, պետեկամուտների կոմիտեի տվյալներով, հունվար եւ փետրվար ամիսներին նախատեսված ամսական 100 մլն կտրոններից սպառվել է միայն շուրջ 30-35 տոկոսը: Սա, իհարկե, գոհացուցիչ արդյունք չէ:
Դեռ անցյալ տարի, անդրադառնալով այս հարցին («Ինչպես լուծել «վատամարդ չդառնալու» խնդիրը», 24.09. 2008 «Ազգ»), առաջարկել էինք ամսական, եռամսյակային կամ տարեկան կտրվածքներով, թվով առավել շատ եւ ավելի մեծ արժեքի (նվազագույն եւ առավելագույն շեմեր նախատեսելով) կտրոններ ներկայացնողներին (մասնավորապես թոշակառուներին կամ նպաստառուներին) տալ նյութական խթանՙ հավելյալ գումար: Վիճակախաղը մնում է վիճակախաղ եւ անհայտ է` կշահես, թե՞ ոչ: Մինչդեռ եթե մարդն իմանա, որ որոշակի քանակի եւ արժեքի կտրոններ հավաքելու դեպքում դրա դիմաց կստանա որոշակի գումար, ավելի շահագրգիռ կլինի պահանջելու կտրոնները եւ հետեւելու, որ դրանց մեջ արձանագրվեն իր գնումների իրական արժեքները: Բարեբախտաբար, վերջերս պետեկամուտների կոմիտեն առաջարկել է կառավարության որոշման նախագիծ, որտեղ սահմանվում է չշահած կտրոնների համար բոնուսների տրամադրման կարգ:
Պետեկամուտների կոմիտեի առաջարկով, սկսած երրորդ վիճակահանությունից, յուրաքանչյուր եռամսյակում չշահած կտրոնների համար նախատեսվում է բոնուսների (պարգեւավճարներ) մի ամբողջ սանդղակ: Մասնավորապես, եռամսյակի ընթացքում 50 կտրոն եւ 100 հազար դրամի գնումներ ունենալու դեպքում քաղաքացին կարող է ստանալ 2500 դրամ: Նույն քանակի կտրոններով 150 հազար դրամի գնումների դեպքումՙ 5 հազար դրամ, 200 հազարի դեպքումՙ 7500 դրամ, 250 հազար դրամի դեպքումՙ 10 հազար դրամ, 300 հազարի դեպքումՙ 12500 դրամ, 500 հազարի դեպքումՙ 25 հազար դրամ: Նմանատիպ բոնուսներ են առաջարկվում նաեւ 100, 200, 300, 400, 500, 600, 700, 800, 900 եւ 1000 կտրոններով եւ դրանցից յուրաքանչյուրի համար համապատասխան արժեքի գնումների դեպքում: Բոնուսների չափը, ըստ կատարած վճարումների արժեքների, աճում էՙ 2,5 տոկոսից հասնելով 5 տոկոսի: Այսինքն, որքան շատ են կտրոնները եւ դրանցում նշված գնումների արժեքները, այնքան ավելի մեծ է պարգեւավճարը: Օրինակՙ ամենախոշոր պարգեւավճարը սահմանված է եռամսյակում 1000 կտրոն եւ 10 մլն դրամի գնում կատարողի համարՙ 500 հազար դրամ:
Միանշանակ կարելի է ասել, որ այս նոր կարգը, եթե ընդունվի եւ լավ իրազեկվի, ավելի շահագրգիռ կդարձնի բնակչությանը ՀԴՄ կտրոնները պահանջելու, քան վիճակախաղն է: Սակայն, այս գաղափարն անհամեմատ մեծ արդյունք կտա, եթե նյութական խրախուսումն ավելի ճիշտ արվի: Հարկ է նկատի ունենալ, որ ՀԴՄ կտրոն պահանջելու ավելի հակված են ոչ թե ունեւորները, այլ միջին խավն ու հատկապես սոցիալապես խոցելի վիճակում գտնվողները: Հետեւաբար, արդյունավետ կլինի ոչ թե փոքր արժեքի գնումների պարգեւավճարը սահմանել 2,5 տոկոս, իսկ մեծերինըՙ 5 տոկոս, այլ միատեսակՙ 5 տոկոս սահմանել բոլոր դեպքերի համար: Դա կպահպանի արդարությունը, քանի որ դարձյալ մեծ գնումներ կատարողները կստանան մեծ պարգեւավճար, փոքրերըՙ ավելի փոքր, բայց ոչ այնքան փոքր, որ ծուլանան գնալ ստանալու: Մյուս կողմիցՙ իրազեկումն ավելի հեշտ կլինի: Անհամեմատ ավելի հեշտ է գովազդել, որ այսքան արժեքի այսքան կտրոնի դեպքում պետք է ստանաս այդ գումարի 5 տոկոսը, այլ ոչ թե յուրաքանչյուր դեպքի համար պարգեւավճարի առանձին գումար եւ ընդհանուր առմամբ ավելի քան 60 պարգեւավճարների չափեր սահմանող սանդղակը ներկայացնելը:
Բնական է, որ պարգեւավճարները միատեսակ 5 տոկոս սահմանելն ավելի մեծ հատկացում կպահանջի պետական բյուջեից, քան 2,5 տոկոսից մինչեւ 5 տոկոս միջակայքը: Այդ խնդիրը կարելի է լուծել վիճակախաղը դադարեցնելով եւ դրա համար բյուջեից հատկացվող միջոցները պարգեւավճարներին ուղղելով: Դա ամսական ստվերից դուրս կբերի 2-2,5 մլրդ դրամՙ նկատի ունենալով վիճակախաղի շահումներին ամսական հատկացվող 115 մլն դրամը: Իհարկե, որոշակի հաշվարկների անհրաժեշտություն կառաջանա, թե բավարա՞ր է 115 մլն դրամը 5 տոկոս պարգեւավճարներն ապահովելու համար: Սակայն, եթե անգամ հավելյալ միջոցների կարիք էլ լինի, դրան պետք է գնալ, քանի որ այդ դեպքում կտրոններ պահանջելու խթանն ավելի առարկայական է, հետեւաբար այդ քայլի արդյունավետությունն ավելի բարձր:
Եվս մեկ ոչ պակաս կարեւոր հանգամանք: Պետեկամուտների կոմիտեի առաջարկած կարգով քաղաքացիներին առաջարկվում է տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում իրենց հավաքած կտրոններով եւ անձնագրով ներկայանալ հարկային տեսչություն, դիմում գրել, ստանալ միջնորդագիր, ապա նոր գնալ բանկ ու ստանալ բոնուսը: Տպավորություն է ստեղծվում, որ այսքան երկար կարգն արված է, որպեսզի մարդիկ չցանկանան ստանալ իրենց բոնուսները: Ենթադրելի է նաեւ, թե ինչ հերթեր ու իրարանցում կտիրեն այդ օրերին հարկային տեսչության ստորաբաժանումներում, ինչը հաստատապես կվարկաբեկի այս գաղափարը: Հարկ է ուղղակի պարզեցնել այդ կարգը եւ մարդկանց միանգամից դեպի բանկեր ուղղել: Միաժամանակ, յուրաքանչյուր եռամսյակի վճարումները կատարել ոչ թե մինչեւ հաջորդ ամսվա, այլ մինչեւ հաջորդ եռամսյակի վերջը:
Վերջում կցանկանայինք ընդգծել նաեւ, որ եթե առեւտրաշրջանառության ամբողջ շղթան թափանցիկ չլինի, ապա ոչ մի վիճակահանություն կամ բոնուս չի բացահայտի ստվերն այստեղ: Կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի հասնել նրան, որ խոշոր ներմուծողները, արտադրողները եւ մեծածախ վաճառքի կենտրոնները մանրածախ առեւտրին չխուսափեն հաշիվ-ապրանքագրեր տրամադրելուց: Նաեւ դրա պատճառով մանրածախն ամեն կերպ խուսափում է շրջանառությունը բացահայտելուց եւ սպառողներին կտրոն տրամադրելուց:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ