Իսկ ռուսական վարկը կստանանք հունիսին
Մոսկվայում օրերս տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների եւ Եվրասիական տնտեսական համագործակցության նիստի մանրամասները երեկ մամուլի ասուլիսին ներկայացրեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա հայտնեց, որ ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարները հանդիպում են ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նպատակն այն էր, որ G20 հանդիպմանը Ռուսաստանի նախագահը ներկայացներ նաեւ ԱՊՀ երկրների մոտեցումները:
Ռուսաստանի կառավարությունից վարկի ստացման գործընթացի վերաբերյալ Տիգրան Դավթյանը հայտնեց, որ Ռուսաստանի Պետդումա է ներկայացված այդ երկրի պետական բյուջեի նոր տարբերակը, որտեղ առանձին տողով նշված է նաեւ Հայաստանին տրվելիք վարկը: Այն ուժի մեջ մտնելուց հետո նախաստորագրված պայմանագիրը կստորագրվի, որն, ըստ նախարարի, տեղի կունենա ապրիլ-մայիսին, իսկ վարկը կստացվի մայիս-հունիսին:
«Ազգի» հարցը առնչվում էր Կենտրոնական բանկի վերջերս տրված գնահատականինՙ կառավարության ծրագրերի որոշ դանդաղեցման մասին: Այս առնչությամբ Տիգրան Դավթյանն ասաց, որ նախատեսված ծրագրերի վրա էական ազդեցություն թողնող դանդաղեցումներ չկան: Բոլոր ծրագրերն իրականացվում են եւ իրականացվելու են, չնայած դժվարություններին: Մասնավորապես, նախարարը մատնանշեց աղետի գոտու շինարարությունը, որը սկսվել եւ շարունակվելու է մինչեւ տարեվերջ: Ըստ Տիգրան Դավթյանի, եթե կան դանդաղումներ, ապա դրանք կազմակերպչական բնույթի են:
Մեր մյուս հարցն առնչվում էր մարտ ամսվա բյուջեի կատարման օպերատիվ ցուցանիշներին: Ֆինանսների նախարարը հայտնեց, որ մարտին հարկային եկամուտները կազմել են 39 մլրդ դրամ, որը ճշգրտված բյուջեով նախատեսվածից փոքր-ինչ ավելի է, իսկ չճշգրտվածովՙ ավելի քիչ: Նախարարը այս անգամ էլ հիշատակեց համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունները աշխարհի խոշորագույն երկրների վրա, որոնք հայտնվել են ռեցեսիայի (անկման) փուլում, ինչով էլ պայմանավորված են մեր երկրի տնտեսության ցուցանիշները:
ԿԲ կողմից այս տարի Հայաստանում տնտեսական աճի 4,5-7,5 տոկոսի կանխատեսման մասին Տիգրան Դավթյանն այն կարծիքը հայտնեց, որ ինքն ավելի շատ հակված է իրատեսական համարելու ՀԲ եւ ԱՄՀ կանխատեսումները: Համաձայն դրանց, Հայաստանի տնտեսական աճն այս տարի կլինի զրոյական: Նախարարի կարծիքով, լավատեսական կանխատեսումները լավ են նրանով, որ դրական ազդակներ են հաղորդում եւ նպաստում տնտեսության զարգացմանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ