«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2009-04-01 | #58, 2009-04-02 | #59, 2009-04-03


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԻՄՆԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ ՀԵՏՆԱՊԱՀԻ ԴԻՐՔՈՒՄ

Իսկ իսպանացիները գործնականում ապահովեցին ուղեգիրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակեց իր անհաջող մրցելույթներն ընտրական մրցաշարումՙ հիմնավորապես հաստատվելով 5-րդ խմբի աղյուսակի վերջին հորիզոնականում: Թեեւ երեւանյան հանդիպման համեմատ մեր ֆուտբոլիստները Տալլինում բավական լավ խաղ ցուցադրեցին, սակայն գոլային պահերը չկարողացան իրացնել, իսկ պաշտպանությունում հերթական անգամ թույլ տված սխալի պատճառով կրկին խաղադաշտը թողեցին պարտվածՙ 1:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականը երկարատեւ հանգստի է գնում: Ընտրական հաջորդ մրցախաղը մեր ընտրանին կանցկացնի միայն սեպտեմբերի 5-ինՙ Երեւանում հյուրընկալելով Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին: Բավական ժամանակ կա, որպեսզի հավաքականի գլխավոր մարզչի ընտրություն կատարվի: Ի դեպ, արդեն լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է հավաքականի ղեկը վստահվի «Միկայի» գլխավոր մարզիչ, խորվաթ մասնագետ Իվո Շուշակին: Վերջինս մեր ֆուտբոլային պատվիրակության կազմում մեկնել էր Տալլին եւ ներկա էր խաղին:

Չորեքշաբթի Եվրոպայում կայացավ 23 հանդիպում: Ընտրական 5-րդ խմբում կենտրոնականը Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականների մրցավեճն էր: Չորս օր առաջ իսպանացիները սեփական հարկի տակ հաղթել էին 1-0 հաշվով: Այս անգամ էլ Եվրոպայի չեմպիոններին ուղեկցեց հաջողությունը, սակայն հաղթանակը դժվարությամբ տրվեց: Իսպանացիները հայտնվել էին հետապնդողի դերում, երբ 26-րդ րոպեին Սեմիխ Շենթյուրկը բացեց հաշիվը: Միայն 63-րդ րոպեին Խաբի Ալոնսոն 11 մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Թվում էր, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի: Սակայն ավելացված ժամանակում բախտը ժպտաց իսպանացիներին: Ռիերան մոտ տարածությունից խփեց հաղթական գնդակը: Իսպանացիները 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին եւ գործնականում ապահովեցին եզրափակիչի ուղեգիրը: Երկրորդ ուղեգրի համար պայքարում եւս մեկ կարեւոր հաղթանակ տոնեց Բոսնիայի ընտրանինՙ 2-1 հաշվով պարտության մատնելով բելգիացիներին, որոնց չորս օր առաջ պարտության էր մատնել նաեւ հյուրընկալվելիս: Բոսնիացիները հանդիպման ելքը վճռեցին առաջին 15 րոպեներին, երբ Ջեկոն երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Առանց միավորի կորստի են ընթանում նաեւ Անգլիայի եւ Հոլանդիայի հավաքականները, որոնք 5-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին: Անգլիայի հավաքականը «Ուեմբլի» մարզադաշտում 2-1 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց Ուկրաինայի ընտրանու նկատմամբ: 29-րդ րոպեին Կրաուչն առաջ մղեց անգլիացիներին, սակայն 74-րդ րոպեին Անդրեյ Շեւչենկոն, որ խաղից առաջ խոստացել էր «Ուեմբլիում» գոլ խփել, վերականգնեց հավասարակշռությունը: Անգլիացիներին հաղթանակ պարգեւեց Ջոն Թերինՙ խաղավարտից 5 րոպե առաջ գրավելով հյուրերի դարպասը: Անգլիացիները 15 միավորով վստահորեն գլխավորում են 6-րդ խմբի աղյուսակը: 10 միավորով 2-րդ տեղում խորվաթներն են, որոնք 2-0 հաշվով պարտության մատնեցին Անդորրայի ընտրանուն: Բելառուսի ֆուտբոլիստները հյուրընկալվելիս խոշորՙ 5-1 հաշվով առավելության հասան ղազախների նկատմամբ:

9-րդ խմբում հանդես եկող հոլանդացիները սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ խփեցին մակեդոնացիների դարպասը: Երկու գոլ խփեց Կույտը, մեկական անգամ աչքի ընկան Հունտելարն ու վան դեր Վարտը: Հոլանդացիները վաստակել են 15 միավոր: 2-րդ տեղում ընթացող շոտլանդացիները, որոնք հաղթեցին իսլանդացիներին (2-1), ունեն ընդամենը 7 միավոր:

Ընտրական մրցաշարի ամենախոշոր հաշիվը գրանցվեց Լեհաստան-Սան Մարինո խաղում: Լեհերը սեփական հարկի տակ 10-0 հաշվով ջախջախեցին մրցակցին: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Էբի Սմոլյարեկըՙ խփելով 4 գոլ: Ընտրական մրցաշարում Սմոլյարեկը 6 գնդակով լավագույն ռմբարկուների ցուցակում Ուեսլի Սոնկի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Իսկ լավագույն արդյունքն ունի բոսնիացի Էդին Ջեկոն, որը խփել է 7 գոլ: Լեհերը 3-րդ խմբում 6 խաղից հետո 10 միավորով 3-րդ տեղում են: Առաջատարը Հս. Իռլանդիայի հավաքականն է, որը հաղթելով սլովենացիներին (1-0), վաստակեց 13 միավոր: Նույն խմբում կայացած Չեխիա-Սլովակիա խաղում 2-1 հաշվով հաղթեցին հյուրերը:

1-ին խմբի առաջատարներ Դանիայի եւ Հունգարիայի հավաքականները միեւնույն 3-0 հաշվով հաղթեցին Ալբանիայի եւ Մալթայի ֆուտբոլիստներին եւ վաստակեցին 13-ական միավոր: 2-րդ խմբում եւս նույնպիսի արդյունքով աղյուսակը գլխավորում են հույներն ու շվեյցարացիներըՙ առավելության հասնելով համապատասխանաբար Իսրայելի (2-1) եւ Մոլդովայի (2-0) ֆուտբոլիստների նկատմամբ:

4-րդ խմբում հաղթարշավը շարունակեց Գերմանիայի ընտրանին: Հյուրընկալվելիս 2-0 հաշվով պարտության մատնելով Ուելսի հավաքականին, Գերմանիայի ընտրանին վաստակեց 16 միավոր: 12 միավոր ունեն ռուսներըՙ պարտության մատնելով Լիխտենշտեյնի հավաքականինՙ 1-0:

7-րդ խմբում կայացավ վճռորոշ հանդիպումներից մեկը: Փարիզում Ֆրանսիայի ընտրանին հյուրընկալել էր լիտվացիներին, որոնք 9 միավորով 2-րդ տեղում էին: Ֆրանկ Ռիբերիի խփած միակ գոլի շնորհիվ ֆրանսիացիները հաղթեցին եւ շրջանցեցին լիտվացիներինՙ վաստակելով 10 միավոր: Ավստրիացիները 2-1 հաշվով հաղթեցին ռումինացիներին:

8-րդ խմբում էլ կենտրոնականն առաջատարներիՙ Իտալիայի եւ Իռլանդիայի հավաքականների մրցավեճն էր, որում գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: Ընդ որում իռլանդացիները պարտությունից խուսափեցին խաղավերջում: Իտալիայի հավաքականն ունի 14 միավոր, 2 միավոր պակաս են վաստակել իռլանդացիները: Բուլղարիա-Կիպրոս խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակովՙ 2-0:

Իսկ ահա Վրաստանի հավաքականին ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել: Չեռնոգորիայի հավաքականի հետ Թբիլիսիում կայացած խաղում դարպասները մնացին անառիկ: Վրաստանի հավաքականը 7 խաղից հետո 3 միավորով եզրափակում է աղյուսակը:

5-րդ խումբ

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Իսպանիա660013-218
2. Բոսնիա640218-712
3. Թուրքիա62226-58
4. Բելգիա621310-117
5. Էստոնիա61235-155
6. Հայաստան60153-151

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4