Ապրիլի 2-ի դրությամբ Կոնգրեսում 252 բանաձեւին համաձայնություն է տվել 88 կոնգրեսական
Ապրիլի 6-7-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական այցելությունը Թուրքիա: «Տեսակետ» ակումբում երեկ հյուրընկալված Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) գրասենյակների ղեկավար Արփի Վարդանյանն այս առնչությամբ նշեց, որ ԱՀՀ-ն Միացյալ Նահանգների նախագահի այցը «մեծ հնարավորություն» է դիտարկում ոչ միայն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների, այլեւ թուրքական ղեկավարության հետ «երես առ երես Հայոց ցեղասպանության առնչությամբ դիրքորոշմանը տեղյակ պահելու» առումով:
Ըստ Արփի Վարդանյանի, Ամերիկայի հայկական համագումարը համոզված է, որ Բարաք Օբաման հավատարիմ կմնա իր սկզբունքներին ու չի շեղվի արդեն իսկ տված խոստումներից: Եվ դա այն դեպքում, երբ, ըստ Վարդանյանի, շատերը կփորձեն Օբամային տարհամոզել, «փաստարկել», թե սուտ է ցեղասպանությունը:
«Վստահ եմ, որ Օբաման բոլորին կլսի, բայց հավատարիմ կլինի իր խոստումներին ու սկզբունքներին», նշեց Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ԱՀՀ գրասենյակների ղեկավարը: Ըստ նրա, տարիների ընթացքում անընդհատ փոփոխության է ենթարկվում իրավիճակը ցեղասպանության ճանաչման առումով, եւ դրան էլ համահունչ փոփոխվում է այդ հանցագործության ճանաչման գործընթացը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կապակցությամբ Արփի Վարդանյանը մեծապես համոզված է, որ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որպես պետությունների հարաբերություններ պետք է լինեն ու անպայման առանց նախապայմանների»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւին, որի տեքստը համընկնում է 106 բանաձեւի հետ, ապա ԱՀՀ-ն, Վարդանյանի խոսքերով, աշխատում է ինչպես կոնգրեսականների, այնպես էլ համայնքի հետ: Ապրիլի 2-ի դրությամբ բանաձեւին կողմ քվեարկելու համաձայնություն է տվել 88 կոնգրեսական:
ԱՀՀ գրասենյակների ղեկավարը ներկայացրեց նաեւ, որ ԱՄՆ 2010 թվականի բյուջեում Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք գումարների չափերը դեռեւս որոշված չեն ու Կոնգերսում այդ բյուջեի քննարկումները կարող են տեւել մինչեւ տարեվերջ: Ամեն դեպքում, առաջարկվում է Հայաստանին հատկացնել ոչ պակաս, քան 70 մլն դոլարի օգնություն, եւս 5 մլնՙ ռազմական օգնություն, 10 մլն` Լեռնային Ղարաբաղին: Պահանջվում է, որ Ադրբեջանի պարագայում դեռ գործողության մեջ մնա 907 բանաձեւը եւ այդ երկրին ռազմական որեւէ օժանդակություն չնախատեսվի:
Տարաբնույթ հրապարակումների, կանխատեսումների առնչությամբ, թե հավանական է, որ ապրիլի 16-ին բացվի հայ-թուրքական սահմանը, Արփի Վարդանյանը կասկած հայտնեց, թե մնացյալ 12 օրում հավանական է նման իրադարձություն: Միեւնույն ժամանակ, Վարդանյանը նշեց, որ չի բացառում սահմանի ավելի ուշ ժամկետում բացվելու հավանականությունը:
«Ազգի» հարցին, թե որքանով են հավանական խոսակցությունները, որ Թուրքիան կարող է ամերիկյան կողմի հետ սահմանի բացման պայմանավորվածություն ձեռք բերել ցեղասպանության ճանաչման բանաձեւը Կոնգրեսում չանցկացնելու պայմանով, Արփի Վարդանյանը ընդգծեց. «Ամեն ինչ հնարավոր է, թուրքերն ամեն ինչ կանեն, որ խոչընդոտեն Կոնգրեսում ցեղասպանության բանաձեւի ընդունմանը»:
«Բայց ես համոզված եմ, որ Օբաման հավատարիմ կմնա իր խոստմանը, որ նա իր խոսքի տերն է», կրկին կարեւորեց Վարդանյանն, ավելացնելով, որ չպետք է կապվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանի բացումն ու ցեղասպանության ճանաչումը կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ