ԵԱՀԿ ՄԽ եւս մեկ համանախագահ հերքում է ադրբեջանական գործակալության հաղորդագրությունը
Հերթական անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը ստիպված է հերքել այն տեղեկությունները, որոնք իր անունից տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները: Առաջին ու թերեւս վերջին անգամ չէ, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ այնպես են մատուցում այս կամ այն հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի համատեքստում, որ համանախագահներին մնում է միայն արդեն հաջորդող ամսաթվով հերքել նախորդ հրապարակումը:
Մասնավորապես, «Ազգը» , երեկ հրապարակելով ադրբեջանական «Թրենդ» գործակալության կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի անունից հայտարարությունները, կասկած էր հայտնել, թե համանախագահողը կարող էր այնպիսի գնահատականներ հնչեցնել, ինչպիսիք նշված էին գործակալության հաղորդագրությունում:
«Հայաստանը չի կարող դադարեցնել բանակցությունները, եւ դեռ մնում են նրա վրա ճնշման լծակները», անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, «Թրենդ» գործակալության մեջբերմամբ, այսպիսի կարծիք էր իբր հայտնել Յուրի Մերզլյակովը, ինչի առնչությամբ «Ազգը» նշել էր, որ այդպիսի կարծիք արտահայտելը հաստատապես հարիր չէ համանախագահողի միջնորդական առաքելությանը ու դժվար թե համապատասխանում է իրականում Մերզլյակովի ասածներին:
Երեկ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը հերքել է ադրբեջանական գործակալության տարածած հաղորդագրությունը այն առումով, թե Հայաստանը չի կարող դադարեցնել բանակցությունները, քանի որ դեռ առկա են Հայաստանի վրա ճնշման լծակներ: Պատասխանելով Արմինֆոյի հարցին` Մերզլյակովը ընդգծել է. «Դա բոլորովին էլ այդպես չէ: Ցանկանում եմ պաշտոնապես ասել, որ ես նման խոսքեր չեմ ասել: Համատեքստը բոլորովին այլ է եղել»:
Մերզլյակովի պարզաբանմամբ, «Հարցը հետեւյալն էր, թե ինչպես կարող է հայ-թուրքական հարաբերությունների սպասվող կարգավորումն անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ես պատասխանեցի, որ համանախագահները ենթադրում են, որ դա կարող է միայն նպաստել կարգավորման գործընթացին: Հարց հնչեց, թե հայերն այդ դեպքում կարո՞ղ են դուրս գալ բանակցային գործընթացից, որին պատասխանեցի, որ դա տեղի ունենալ չի կարող»:
Իսկ «լծակներ» բառն ընդհանրապես հնչեցրել է լրագրողն իր հարցում, մինչդեռ Մերզլյակովը այդ առումով ոչինչ չի ասել:
Ա. Հ.