«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2009-04-02 | #59, 2009-04-03 | #60, 2009-04-04


«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՀԱՎԱՔԻ ՎԵԼԻ ՔԱՆ 70 ՏՈԿՈՍ ՁԱՅՆ», ՎՍՏԱՀ Է ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հանրապետության` ներքաղաքական խոր ճգնաժամի մեջ գտնվելու միակ մեղավորներ համարում է իշխանության ներկայացուցիչներին: «Նրանց եռանդուն ջանքերով այդ ճգնաժամն ավելի է խորանում», ՄԱԱ-ում նկատում է Շահնազարյանը: ՀԱԿ ներկայացուցչին չեն բավարարում օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները: Նա փաստում է, որ այդ կերպ իշխանությունները ցանկանում են իրենց հարմարեցնել մարտյան իրավիճակը: «Օրենսգրքի հետ կապված փոփոխությունների ժամանակ իշխանությունները լիովին բացահայտեցին իրենց դեմքը: Շատ լավ հասկանում են, որ այդ դաժան ոճրագործությունները բացահայտվելու են, սպանությունների մասն ընդհանրապես հանեցին», ասում է Շահնազարյանը: ՀԱԿ-ը ձեռքերը ծալած չի սպասում իրադարձությունների զարգացմանը: Բանախոսը վստահեցրեց, որ իրենք մարտի մեկի կապակցությամբ ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են իշխանությունների մեղքն ու կներկայացնեն հանրությանը: Թե ինչ փաստեր են ներկայացնելու` Շահնազարյանը չմանրամասնեց. միայն նկատեց, որ փաստերը շուտով կհրապարակվեն մամուլում:

Անդրադառնալով մարտյան իրադարձությունների կապակցությամբ ընթացող դատավարություններին, ազգային անվտանգության նախկին ղեկավարը բնորոշեց «խեղկատակություն» արտահայտությամբ, իսկ «Յոթի գործով» դատավարությունը` «հանցագործություն արդարադատության դեմ»:

«Իշխանությունները հրաժարվեցին իշխանության զավթման, յուրացման փաստից եւ գործը մասերի բաժանեցին: Հրաժարվեցին նաեւ 300-րդ հոդվածից եւ ապացուցեցին, որ մարտի 1-ին օրինական ոչինչ չի եղել»:

Գագիկ Բեգլարյանին մրցակից չեն համարում

Վերջերս ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Արտաշես Շահբազյանը կարծիք հայտնեց, որ միգուցե ավագանու ընտրություններից հետո քաղաքապետարանում կոալիցիա ձեւավորվի, որին մասնակցի նաեւ ՀԱԿ-ը: Շահբազյանը չբացառեց, որ Դաշնակցությունը ընտրություններից հետո գուցե կոալիցիա կազմի ՀԱԿ-ի հետ: Շահնազարյանն այդ հայտարարությունը համարեց էժանագին փիար ակցիա` Դաշնակցության վարկանիշը բարձրացնելու նպատակով: Անդրադառնալով քաղաքապետի թեկնածուներին` Շահնազարյանը փաստեց, որ Գագիկ Բեգլարյանին իրենք մրցակից չեն համարում, ինչպես 2008-ին մրցակից չէին համարում Սերժ Սարգսյանին: «Մեր հակառակորդները այլանդակություններն ու կեղծիքներն են: Լեւոն Տեր-Պետրոսյանը ջախջախիչ մեծամասնությամբ, անհամեմատելի ձայների առավելությամբ հաղթանակ կգրանցի: Համարեք այս ընտրությունները կազմակերպված հանցանքի դեմ պայքարի ինչ-որ ձեւ», նկատեց Շահնազարյանը: Վերջինս խորհուրդ տվեց չհավատալ որեւէ սոցիոլոգիական հարցման արդյունքների` հավելելով, որ դրանք նկարած թվեր են եւ իրականությանը չեն համապատասխանում: Սակայն Շահնազարյանը չհրաժարվեց կանխատեսումներ անելուց. նրա դիտարկմամբՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրություններում կհավաքի ավելի քան 70 տոկոս:

Ներքաղաքական անցուդարձ

Ներքաղաքական այլ իրադարձությունների համատեքստում Շահնազարյանը նկատեց, որ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի պահվածքից երեւում է, որ նա իշխանությունների կողմն է անցել ու իր գործողություններում միակողմանի է:

Վերջին հանդիպման ժամանակ Շահնազարյանը լրագրողներին պատմեց, որ իրենք Հաագայի դատարան են ուղարկել Ռոբերտ Քոչարյանի հարյուր հազար էջանոց գործը: «Նա չի խուսափելու դատարանից: Պարզապես զուտ տեխնիկական պատճառներով գործը ձգձգվում է»:

«ՀԱԿ-ը «Ժառանգությունից» դժգոհելու որեւէ առիթ չունի», կարծիք հայտնեց բանախոսն ու փաստեց, որ խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի հետ համագործակցությունը շարունակվում է: Շահնազարյանը չբացառեց, որ մի շարք հարցերում երկու քաղաքական ուժերի կարծիքները չեն համընկնում, «սակայն «ժառանգությունն» էլ է պայքարում այս այլանդակության, ոճրագործության դեմ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Ընդհանուր առմամբ հանդիպումն անցավ լարված մթնոլորտում: Այդ լարվածության հիմնական մեղավորը ոչ միայն բանախոսն էր, որ հաճախ հարցերին պատասխանելու փոխարեն բանավիճում էր լրագրողների հետ, այլեւ մի շարք լրագրողներ, ովքեր անհարկի միջամտում էին, կարծիքներ հայտնում, բարձրաձայն ծիծաղում գործընկերների հարցերի վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4