«Ավանդները վերադարձվելու են բնակչության բոլոր այն խմբերին, որոնք եղել են նպաստառու այդ օրենքով նախանշված ժամանակաշրջանում: Եվ դա ոչ թե ավանդների վերադարձ է, այլ` փոխհատուցում: 59 hազար գրանցված այդ քաղաքացիներից մոտ 1/3-ը ստացել է այդ փոխհատուցումները», երեկ «Հայելի» ակումբում լրագրողներին հայտնեց Սոցիալական ապահովության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը:
2005 թվականից ի վեր հանրապետության կառավարությունը շրջանառության մեջ է դրել կենսաթոշակային բարեփոխումների 3 ծրագիր: 2007-ին հաստատված վերջին ծրագրի համաձայն, ինչպես հայտնի է, 2010 թվականի հունվարի մեկից բաշխողական համակարգին կփոխարինի կենսաթոշակային բազմաստիճան համակարգը:
Վազգեն Խաչիկյանի խոսքովՙ վերջին կարեւոր բաղադրիչն է կուտակային համակարգը, ինչը հնարավորություն կտա կենսաթոշակի չափը պայմանավորել ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիների անձնական որոշումներով: Մտավախություններին, թե, օրինակ, տնտեսական ճգնաժամով պայմանավորված կենսաթոշակի չափը կարող է նվազել, Խաչիկյանը պատասխանեց. «2009 թվականին կենսաթոշակների չափի նվազումներ չեն լինի: Բացառվում են նաեւ ուշացումները: 2000 թվականից առ այսօր կենսաթոշակներն աճել են շուրջ 450 տոկոսով եւ սա զգալիորեն գերազանցում է այս ժամանակահատվածում արձանագրված գնաճի մակարդակը»:
Սոցիալական ապահովության հիմնադրամի նախագահի փոխանցմամբՙ միայն 2008 թվականին կենսաթոշակների աճը կազմել է 68 տոկոս, այս տարիՙ 17 տոկոս, իսկ 2012 թվականին ներկայիս ցուցանիշերը կբարելավվեն մոտ 80 տոկոսով:
Անդրադառնալով ներկայացված տվյալներինՙ «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը նկատում է. «Այդուհանդերձ դեռեւս ոչ ոք չի ասելՙ ի վերջո ո՞ր թվականից թոշակառուն Հայաստանում կկարողանա ապրել իր թոշակով»:
Իսկ ի՞նչ են հուշում այն հետազոտության արդյունքները, որոնք «Սոցիոմետր»-ն իրականացրել է Ասիական զարգացման բանկի պատվերով:
«Կատարված հետազոտությունների հիման վրա Ասիական բանկին մենք ասել ենք, որ Հայաստանն ունի կենսաթոշակային կատարյալ համակարգ, բայց կա մատչելիության խնդիր եւ ամենակարեւորըՙ այն, ինչ կարող ես ստանալ, դեռեւս բավարար չէ: Իսկ սա պայմանավորված է երկրի ընդհանուր տնտեսական զարգացմամբ»:
ԱԺ պատգամավորներից մեկը սոցիոլոգիական հարցումների մասին խոսելիս ասել էր, թե հիմա դրանցով նույնիսկ ղազախական խուլ աուլների ընտրությունների արդյունքների վրա չես ազդի: «Այդպե՞ս է, թե՞ ոչ», լրագրողներից մեկի հարցին Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Սոցիոլոգիայում կա «Էդիպի կոմպլեքս» հասկացություն, ըստ որի, ընտրողները ոնց վարվելու էին, այնպես էլ կվարվեն. խուսափելու հնարավորություն չունեն: Մեր հարցումների նպատակն այն է, որ կոնկրետ մեկը պատգամավոր դառնալիս ուզում է իր վարկանիշն իմանալ: Այդ խնդիրն ենք մենք լուծում»:
Ըստ Ադիբեկյանի, պարզապես պատվիրատուներից ոմանք թույլ չեն տալիս, որ իրենց «պարտված» արդյունքները հրապարակվեն. «Եղել է դեպք, երբ փորձել են ինձ կաշառել, մի ստորակետ այս ու այն կողմ դնելու համար, բայց ես դրան չեմ գնացել»:
Վերջերս Սոցիոլոգիայի ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն ասել էր, թե մականուն ունենալը լավ բան է: Այդ հարցի կապակցությամբ Ահարոն Ադիբեկյանը նկատեց. «Նայած սոցիալական որ շերտի համար է մականուն ունենալը լավ: Ովքեր սովորել են իրար մականուններով դիմել, նրանց համար «դզող» է: Կան մարդիկ էլ, ովքեր մականուններից վիրավորվում են: Հիմա նրանց տեսակարար կշիռը կարելի է հաշվել, թե որ մեծամասնության կամ փոքրամասնության համար է մականունը դրական կամ բացասական: Եթե չորս Համլետ կա, վեց Հովիկ, այս դեպքում մականունն ինքնաբերաբար նրանց իրարից տարբերելու համար է: Բայց, եթե նրանք իմանան, որ ապագայում դառնալու են քաղաքական գործիչ, իրենց մականունը կփոխեին»:
Ն. Մ.