«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2009-04-02 | #59, 2009-04-03 | #60, 2009-04-04


ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ` ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍԿՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Թեպետ Մաշտոցի անվան Մատենադարանի անցած տարվա ձեռքբերումների եւ ընթացիկ տարվա ծրագրերի մասին մեր ընթերցողներին պատմել էինք օրերս մեր թերթում լույս տեսած «Մատենադարան-50» հավելվածում («Ազգ», 27 մարտի, 2009), որը, հուրախություն մեզ, ջերմ արձագանք է գտել հասարակության լայն շրջանում, ավելորդ չենք համարում դրանից հետո անդրադառնալ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստին, որի ժամանակ տնօրեն Հրաչյա Թամրազյանը հանդես եկավ ամփոփիչ զեկուցումով` 2008-ին կատարված աշխատանքների եւ առաջիկա ծրագրերի վերաբերյալ, նաեւ ներկայացրեց ֆինանսական հաշվետվությունը:

Կետ առ կետ նշելով բոլոր այն աշխատանքները, որոնցով զբաղվում է աշխատակազմը, տնօրենը գոհունակությամբ ասաց, որ համալիր ծրագրերը հիմնականում կատարված են: Առաջին հերթին նա ընդգծեց սերնդափոխության խնդիրը, որին առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել. Մատենադարան են ընդունվել 40-ից ավելի գիտաշխատողներ եւ գիտատեխնիկական անձնակազմի աշխատակիցներ, որոնք հաջողությամբ անցել են փորձաշրջանը: Ստեղծվել է կադրերի բաժին, որը հնարավորություն է տվել առավել արդյունավետ դարձնելու փաստաթղթային շրջանառությունն ու ներքին կանոնակարգը: Ստեղծվել է ձեռագրերի մակետավորման եւ մանրանկարների պատճենահանման ստեղծագործական խումբ, որում առայժմ ընդգրկված է 3 մասնագետ: Թվայնացման եւ արխիվային բաժինների ծրագրերի մասին գրել էինք վերոնշյալ հավելվածում:

«Չենք կարող մեր երախտիքի խոսքը չուղղել Հայաստանի կառավարությանն ու նրա լիազորված մարմիններին` ԿԳ նախարարության ու գիտության պետական կոմիտեի ղեկավարությանը, որոնք ընդառաջել են մեր գլխավոր ծրագրերին ու զարգացման առաջնահերթություններին», ասաց Թամրազյանը: Լուրջ հիմքերի վրա է դրվել ձեռագրերի գիտական նկարագրությունը. արդեն լույս տեսած 4 հատորները, որոնք կազմում են 1500 ձեռագիր, որոնման ծրագրերով ներմուծված են Մատենադարանի ինտերնետային կայքէջում, եւ բոլոր մասնագետները ազատորեն կարող են օգտվել: Ի դեպ, նախատեսված է այդ նյութը բազմացնել խտասկավառակներով ու բաժանել հայագետներին, որ մեծապես կնպաստի նրանց աշխատանքին: Նկարագրվում են նաեւ պարսկերեն, արաբերեն, օսմաներեն եւ եբրայերեն ձեռագրերը: Այս տարի լույս կտեսնի պարսկերեն ձեռագրերի գիտական նկարագրության հատորը` պարսկերեն եւ անգլերեն զուգադիր տեքստերով, որը նույնպես կներմուծվի կայքէջի մեջ:

Տնօրենը խոսեց նաեւ հրատարակչական աշխատանքների մասին, առաջին հերթին առանձնացնելով «Գալուստ Գյուլպենկյան» հաստատության նախաձեռնած «Մատենագիրք Հայոց» մատենաշարի չորս հատորները, Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի աշխատությունների Գ հատորը, «Մայր Ցուցակ հայերէն ձեռագրաց»-ի IV հատորը, երջանկահիշատակ Էմմա Կորխմազյանի «Ղրիմի հայ մանրանկարչությունը» եւ «Սուրբ Խաչ վանքը` իբրեւ Ղրիմի հայ մշակույթի կենտրոն (ռուսերեն) գրքերը, Սեն Արեւշատյանի` Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» ռուսերեն թարգմանությունը եւ այլն: Հաշվետու տարում Մատենադարանի ձեռագրերի վերանորոգման բաժինը վերանորոգել է 8256 թերթ, կատարել է 54 ձեռագրերի, 354 հնատիպ գրքերի, 11 թղթապանակ վավերագրերի ախտահանում, բուժում եւ փոշեհանում: Մշակվել է 854 թերթ թթվակեր ձեռագիր եւ այլն:

Հրաչյա Թամրազյանն իր զեկուցման ավարտին հայտնեց, որ Մատենադարանի հիմնադրման 50-ամյակը նշելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով` ՀՀ վարչապետի գլխավորությամբ: Կազմակերպչական խնդիրներից, հոբելյանական նիստից բացի, նախատեսվում է անցկացնել միջազգային գիտաժողով, բացառիկ ցուցադրություններ, որոնցից մեկը կլինի Կիլիկիայի մանրանկարչության մատենադարանյան հարուստ հավաքածուն:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4