«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2009-04-02 | #59, 2009-04-03 | #60, 2009-04-04


ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է

Որոշ ընդմիջումից հետո, որը պայմանավորված էր Հայաստանի ազգային հավաքականի ընտրական 5 մրցախաղերով, այսօր վերսկսվում է ֆուտբոլի հանրապետության բարձրագույն խմբի առաջնությունը: Չորս հանդիպումներից առավել հետաքրքրական են «Ուլիս»-«Փյունիկ» եւ «Բանանց»-«Գանձասար» մրցախաղերը:

«Փյունիկն» ու «Ուլիսը» հաղթանակով են մեկնարկել եւ նրանց մրցավեճը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: «Ուլիսը» զգալիորեն ամրապնդել է կազմը, որում փորձառու ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Անցած մրցաշրջանում «Ուլիսին» առաջին անգամ հաջողվեց հաղթել «Փյունիկին», մեկ հանդիպում էլ ավարտվեց ոչ-ոքի: Այնպես որ «Փյունիկին» դժվար կլինի հաղթահարել ուլիսցիների դիմադրությունը:

Վերջին 5 հանդիպումներում «Բանանցին» չի հաջողվում գեթ մեկ անգամ հաղթել «Գանձասարին»: Կապանցիները բոլորի համար անսպասելի առայժմ անհաջող են մեկնարկել: Թիմը գավաթի քառորդ եզրափակիչ առաջին խաղում 1-4 հաշվով զիջեց «Ուլիսին», իսկ առաջնության մեկնարկային խաղում Կապանում պարտություն կրեց «Միկայից» (0-2): «Գանձասարը» եւս լավ համալրում է ստացել եւ, անկասկած, «Բանանցի» հետ խաղում կձգտի շտկել իրավիճակը: Միավոր չունի նաեւ «Բանանցը», որն առաջին խաղում 0-1 հաշվով պարտվել է «Փյունիկին»:

Առաջնության առաջատար «Միկան» հյուրընկալելու է «Շիրակին», որին գավաթի քառորդ եզրափակիչի առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթել էր 3-1 հաշվով: Ի դեպ, առաջնության խաղից երեք օր հետո մրցակիցները կրկին մրցասպարեզ կելնեն միմյանց դեմ, այս անգամ արդեն Գյումրիում կայանալիք գավաթային մրցավեճում:

Առաջնությունը պարտությամբ սկսած «Արարատն» ու «Կիլիկիան» կմրցեն Աբովյանում: Կազմը զգալի փոփոխած արարատցիները 2 պարտությամբ են սկսել մրցաշրջանը եւ պետք է ձգտեն հաղթանակի: Սակայն «Կիլիկիային» հաղթելն այնքան էլ հեշտ խնդիր չէ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4