Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայ-թուրքական սահմանի բացումը դիտարկում է երկակի տրամաբանությամբ:
Վերլուծաբանը նախ նշեց, թե հայ-թուրքական զարգացումների շուրջը առասպելներ են ստեղծվել ու հարկավոր է միֆազերծել գործընթացները, հետո էլ հավելեց, որ սահմանի բացման հարցում շատերի շահերն են համադրված:
«Այսօր ունենք իրավիճակ, երբ տարբեր երկրների շահերն են համադրվում այս խնդրում: Համենայն դեպս, եթե Ռուսաստանի պահը կարող ենք լռության մատնել, ապա Եվրոմիության կողմից կան զգալի ազդակներ, որ ցանկանում են սահմանը տեսնել բաց: Սա որոշակի անհարմարություններ է ստեղծում Թուրքիայի համար, որովհետեւ ավելի է նեղացնում թուրքական քաղաքական վերնախավի մանեւրելու հնարավորությունը», նկատեց Հայկ Դեմոյանը:
Հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ բանախոսը մեկ տարբերակում էլ մտցրեցՙ հայտարարելով, թե խոսքը երկու սահմանային ուղեկալների, երկու երկաթուղային եւ հաղորդակցության ճանապարհների բացման մասին է:
«Սա լուրջ մարտահրավեր է իր եւ՛ բացասական, եւ՛ դրական կողմերով: Պետք է զգոն լինել եւ չմոռանալ, որ Թուրքիան այն երկրի գործընկերն է, որի հետ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում», նշում է Դեմոյանն ու կարծիք հայտնում, թե սահմանների բացման վերաբերյալ հասարակության կողմից որոշակի հանդուրժողականություն է նկատվում:
Ամերիկյան վարչակարգը դեռ հստակ դիրքորոշում չունի ապրիլի 24-ի հնչեցվող տեքստի վերաբերյալ: Ըստ Հայկ Դեմոյանի, կա այդ տեքստի մի քանի տարբերակ:
«Չեմ ուզում ասել` կճանաչի, թե չի ճանաչի: Փորձում եմ ավելի զգուշավոր լինել: Ինձ համար կարեւոր մի հանգամանք կա. եթե գերտերության նախագահներն ամեն տարի ապրիլի 24-ին ուղերձով են հանդես գալիս, դա մեծ արդյունք է: Եթե նախորդ տարի նախագահ Բուշի ուղերձում առկա բոլոր տարրերը սերտ առնչություն ունեին 1948 թվականի «Ցեղասպանության կանխարգելման եւ դրա համար պատիժ սահմանելու» ՄԱԿ-ի կոնվենցիային, դա արդեն մեկ կամ գուցե կես քայլ առաջ գնալու հավանականություն է», ասաց Հ. Դեմոյանը:
Նա նշեց, որ Անկարայում գտնվող Օբաման գոնե գրավոր եւ բանավոր արտահայտել է իր դիրքորոշումը, ինչն էլ նշանակում է, որ այսօր նախագահի կարգավիճակով Թուրքիա է ժամանել մի անձ, որն իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում հստակ արտահայտել է` ընդունում է:
«Իսկ ի՞նչ կտա, եթե ապրիլի 24-ին Օբաման արտասանի «Ցեղասպանություն» բառը» հարցին Հ. Դեմոյանը պատասխանեց. «Այս հարցի պատասխանը թող հնչի հռետորական. իհարկե, կառաջացնի ոգեւորություն` մի տեղ քեֆ-ուրախություն կլինի, մի տեղ ցույցեր, ինչպես նաեւ կարող է ազդակ հանդիսանալ ԱՄՆ կոնգրեսականների համար. այսինքն` կողմ քվեարկողների թիվը կշատանա»:
Իսկ ինչ վերաբերում է այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման փաստին, Հ. Դեմոյանը դա այնքան էլ չի կարեւորում: Նրա համար ավելի կարեւոր է մարտի 7-ին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայից 500 ցեղասպանագետների դիմում-հորդորը Բարաք Օբամային` ապրիլի 24-ի ելույթում արտասանել «Ցեղասպանություն» բառը:
Ն. Մ.