ԼՂՀ կառավարության հերթական արտագնա նիստը Բերձորում էր, որտեղ լսվել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի հաշվետվությունը 2008 թվականին կատարված աշխատանքների մասին:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ներկայումս Քաշաթաղի շրջանում ապրում է շուրջ ութ հազար մարդ: Շրջանի վերաբնակեցման գործընթացին խոչընդոտում են սոցիալ-կենցաղային ու կոմունալ անբավարար պայմանները, բնակարանաշինության, ճանապարհաշինության, կրթամշակութային օբյեկտների կառուցման դժվարությունները: Շրջվարչակազմում ստեղծվել է հանձնախումբ, որն իրավիճակի ուսումնասիրման նպատակով շրջայցեր է կատարում բոլոր համայնքները:
Հաշվետվությունում շեշտվել է, որ անցյալ տարի բնակչության մի մասը, տեղեկացված չլինելու պատճառով, չի օգտվել պետական ծրագրերից, որոշ համայնքներում սեւ ցելը պատշաճ որակով ու ժամանակին չի կատարվել: Ոլորտի առաջընթացին խոչընդոտել են նաեւ գյուղտեխնիկայի սակավությունը, ջրանցքերի անմխիթար վիճակը, հողերի եղեգնապատումը, ինչպես նաեւ գյուղատնտես մասնագետների պակասը: Գյուղտեխնիկայի բացը լրացնելու նպատակով արդեն իսկ սկսվել եւ շարունակվում է լիզինգային կարգով գյուղմեքենաների ներկրումը շրջան: ԼՂՀ կառավարությունը նախատեսում է այս տարի վերանորոգել շրջանի 16 ջրատար, միջոցներ են ձեռնարկվում համայնքները անասնաբույժներով ու գյուղատնտեսներով ապահովելու նպատակով:
Անդրադարձ է եղել նաեւ կրթական խնդիրներին: Նշվել է, որ շրջանի մի շարք դպրոցներում կրթության մակարդակը շատ ցածր է, որի պատճառներն ուսուցիչների սակավությունն ու կրթօջախների անբավարար հագեցվածությունն են: Շրջանում այսօր դեռ ոչ մի դպրոց պատրաստ չէ անցնելու 12-ամյա ուսուցման:
Վարչապետ Արա Հարությունյանը հավաստիացրել է, որ Քաշաթաղի շրջանը գտնվում է պետության եւ իշխանությունների հատուկ ուշադրության ներքո: Լիարժեք օգտվելու համար շրջանի գյուղատնտեսական մեծ ներուժից, նա խոստացել է, որ հիշյալ ոլորտում պետական աջակցությունը կլինի երեք ուղղությամբՙ վարկավորում, մասնագիտական օժանդակություն եւ գյուղմթերքների իրացման հնարավորությունների ստեղծում: Շրջանում կստեղծվի ճանապարհաշինական հզոր կազմակերպություն, որը կզբաղվի միջշրջանային ճանապարհահատվածների վերականգնմամբ ու պահպանությամբ:
Քաշաթաղի հետ կապված խոշոր շինարարական ծրագրերից մեկն էլ փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրն է:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ