«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2009-04-03 | #60, 2009-04-04 | #61, 2009-04-07


ՊԱՐՍԿԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ՀՐՈՎԱՐՏԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՇՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 1734 -1779 թվականների պարսկերեն 55 հրովարտակների տեքստերըՙ հայերեն, անգլերեն թարգմանությամբ եւ բնագրային լուսապատճեններով, ամփոփվել են պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» աշխատության մեջ, որը պարսկերեն վավերագրերի 4-րդ պրակն է. երրորդի հեղինակը նույնպես Կոստիկյանն է, իսկ առաջին եւ երկրորդ պրակներինը` արեւելագիտության դոկտոր Հակոբ Փափազյանը:

Չորրորդ պրակի ծնունդը յուրահատուկ է այն առումով, որ առիթ է դարձել Մատենադարանում առաջին անգամ կազմակերպելու պարսկերեն ձեռագրերի առանձին խոշոր ցուցադրություն, որի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր` Հայաստանում Իրանի մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ:

Մատենադարանում պահվում են պարսկերեն 470 ձեռագիր եւ մոտ 1500 վավերագրեր: Ցուցադրության համար ընտրվել են մոտ 50 ձեռագրեր, հրովարտակներ, մանրանկարներ` գրչության աչք շոյող տեսակներով եւ գունավառ զարդագրություններով: Ձեռագրերից մեկը մատանու տուփի մեջ տեղավորվող Ղուրան է, մնացածը` պատմական նյութեր, միջնադարյան պոեզիայի նմուշներ, բարոյախրատական տեքստեր: Վավերագրերի նմուշների մեջ կարելի է գտնել աշխարհի ամենահին պարսկերեն հրովարտակը` հրապարակված 1330-ին, Աբու Սաիդ Իլխանի կողմից, ուղղված Դարաշամբի Սբ Ստեփանոս նախավկայի վանքինՙ կալվածքների վերաբերյալ:

Պարսկերեն հրովարտակները, ինչպես վերոնշյալ աշխատության նախաբանում գրել է Կոստիկյանը, հրապարակվել են Նադիր շահը, նրա որդի Ռեզա Ղուլի Միրզան, ինչպես նաեւ Արեւելյան Հայաստանի շրջանների վրա ժամանակ առ ժամանակ գերիշխանություն հաստատած Իրանի եւ վրաց տիրակալները: Նադիր շահի հրովարտակներից առաջինը ուղղված է Գեղարքունիքի Մելիք Միանսարին, մյուս երեքը` Ղարաբաղի Դովշանլու ( Առաջաձոր) գյուղի պատմությանը եւ հրապարակվել են 1734-ին Նադիր շահի կողմից` ի հաստատումն գյուղի ավագերեց Դավթի ավագության եւ մելիքական իրավունքների, հանձնարարելով նրան իրեն ենթակա գյուղերից սուրսաթ կոչված հարկը հավաքել:

«Մատենադարանի պարսկերեն հրովարտակները արժեքավոր տեղեկություններ են հաղորդում Սուրխայ խանի ու նրա զորքերի Ղարաբաղում կատարած ավերածությունների, ինչպես նաեւ նրա դեմ Նադիրի ձեռնարկած ռազմական արշավանքի ընթացքում պարսից զորքը պարենով ապահովելու համար առանց այդ էլ հարստահարված տեղի բնակչությունից անողոքաբար գանձվող ծանր հարկերի մասին: Այս վավերագրերում ակնառու է դառնում այն իրողությունը, որ Նադիր շահի ռազմական հաջողությունները ձեռք էին բերվում ժողովրդի համար խիստ ծանր գնով», մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Կոստիկյանը:

Մատենադարանի ցուցասրահի վարիչ Աիդա Չարխչյանը տեղեկացրեց, որ ձեռագրերի ցուցադրության առաջին իսկ օրվանից այցելուների նկատելի հոսք է եղել: Եկել են ոչ միայն հայաստանցիներ, այլեւ մոտ 750 պարսիկ զբոսաշրջիկներ, որոնցից շատերն իրենց ընտանիքների հետ մեր երկրում են անցկացրել Նովրուզի` Նոր տարվա արձակուրդը: «Այս ցուցադրությունը իրանցիների համար չափազանց հետաքրքրական էր, քանի որ նրանք չէին պատկերացնում, որ Մատենադարանում այսքան պարսկերեն ձեռագրեր կան, այն էլ` այդքան հարուստ բովանդակության` պատմական, փիլիսոփայական, գրական, բժշկական: Անընդհատ հարցնում էին` «Այս ձեռագրերը ձե՞րն են, իսկ որտեղի՞ց եք բերել»: Անկեղծ ասած, հայաստանցիների մեծ մասը նույնպես տեղյակ չէ, որ այսպիսի արժեքավոր եւ դիտարժան ձեռագրեր ունենք պարսկերենով: Մատենադարանի ձեռագրերի հանդեպ պարսիկների հետաքրքրությունը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ նրանք հրաշալի գիտեն իրենց մշակույթը: Կրթված իրանցին հազարավոր տողեր անգիր գիտի պարսկական միջնադարյան գրականությունից: Իրանում պահպանվում են բազմաքանակ պարսկերեն ձեռագրեր, դրանց թիվը մեծ է, որովհետեւ երբեւէ չեն ոչնչացվել մահմեդական նվաճողների կողմից, ինչպես դա տեղի է ունեցել հայկական ձեռագրերի պարագայում: Պարսկերեն ձեռագրերը մեր երկիր բերվել են ոչ միայն նվիրատվությունների շնորհիվ, այլեւ պատմական հանգամանքների բերումով:

Մեր ժողովրդի գրի սերը դրսեւորվել է ոչ միայն հայերեն, այլեւ օտարալեզու ձեռագրերի նկատմամբ: Բացի պարսկերեն ձեռագրերից, Մատենադարանում պահվում են նաեւ արաբերեն, լատիներեն, հունարեն, եթովպերեն, եբրայերեն եւ այլ լեզուներով ձեռագրեր: Հուսով եմ, կգա ժամանակը, երբ դրանք եւս կներկայացվեն մեր հանրությանը», ասաց Աիդա Չարխչյանը:

Պարսկերեն ձեռագրերի ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն Հայաստանում Իրանի մշակութային կենտրոնի ղեկավարը, ներկայացուցիչներ Իրանի դեսպանատնից, պետական եւ հասարակական կազմակերպություններից: Ցուցադրությունը կտեւի մեկ ամիս` մինչեւ մայիսի սկիզբը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4