«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2009-04-03 | #60, 2009-04-04 | #61, 2009-04-07


Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ՈՐ «ՎԱՐԴԳԵՍԻԿԻ» ՓՈԽԱՐԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԻ ՎԻՎԱԼԴԻ ԿԱՄ ՎԱԳՆԵՐ

Արամ Սաթյանը դժգոհ է Կոմպոզիտորների միության աշխատանքից: Նա նկատում է, որ յուրաքանչյուր ստեղծագործական խնդիր պետք է լուծի միությունը: Ներկայում միությունն ունի 126 անդամ, որից ընդամենը 20-ն են գրող կոմպոզիտորներ: «Յուրաքանչյուր երաժշտական ստեղծագործության վերաբերյալ միությունը պետք է ունենա իր վերաբերմունքը: Չեմ հիշում, որ այսքան տարվա ընթացքում որեւէ քննարկում կազմակերպած լինեն: Յուրաքանչյուր արվեստագետ իր աշխատասենյակում ստեղծագործում է: Սակայն նրան անհրաժեշտ է հասկանալ, թե որքանով է գտնվում ճիշտ ճանապարհի վրա: Նեղ շրջանակներում յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է իր գործընկերոջը ներկայացնել ստեղծագործությունը, բայց մեծ քննարկման կարոտ ենք: Այս կապակցությամբ կոմպոզիտորների միությունը կարող էր մեծ դեր կատարել: Մանավանդ եթե կոմպոզիտորների միության նախագահը երգահան է: Այսքան ժամանակ նա որեւէ պրոֆեսիոնալ կարծիք չի հայտնել: Թե ի՞նչ երգ է, ի՞նչ ժանրում է հնչում: Կոմպոզիտորների միությունը չի արձագանքում ոչ մի նմանատիպ միջոցառման», նկատում է Արամ Սաթյանը «Հայելի»-ում կայացած հանդիպման ժամանակ: Սաթյանն առաջարկում է, որպեսզի կոմպոզիտորների միությունն ավելի աշխույժ գործունեություն ծավալի, կարծիք հայտնի ներկայացվելիք ժամանակակից ստեղծագործությունների վերաբերյալ: «Ասուլիսին հրավիրված սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ տեսակետ է հայտնում, որ կոմպոզիտորների միությունը բաղկացած է բավականին լուրջ երգահաններից եւ չպետք է նմանատիպ երգերի մակարդակը քննարկի: «Ինչ-որ մեկի գործիքավորած երգը կոմպոզիտորների միությունում քննարկվելիք թեմա չի կարող հանդիսանալ», ասում է Թոփչյանը:

«Ոչ թե երգը քննարկի, այլ ուղղությունը` պարզելու, թե ուր ենք գնում: Այսօր մենք լսում ենք թուրքական մեղեդիներ, ոչ ճիշտ հարմոնիաներ: Քննարկումը պարտադիր է: Ամեն ինչ խառնել են իրար: Ուզում են «բորշի» մեջ ամեն ինչ լցնել` ձու, նրբերշիկ, հաց: Անգլիացիները «Եվրոտեսիլ» փառատոնի համար առաջարկում են երգ գրել իրենց լավագույն կոմպոզիտորին, իսկ մեր մոտ այդպիսի բան չկա», նկատում է Սաթյանը:

«Ինչպես կարելի է «Եվրոտեսիլը» լուրջ ընդունել: Ինչպե՞ս կարող եք միջամտել, թե Վանեցի Հայկոն ի՞նչ է երգում: Դա հարսանիքի երաժշտություն է, այդ երգերը ժանր չունեն: Դրա դեմ պայքարելն անիմաստ է: Չենք կարող պայքարել, որովհետեւ ժողովուրդը ցանկանում է դա լսել: Կարիք չկա մեղավորներ ճանաչել: Մատուցում են այն, ինչ ցանկանում են լսել», ասում է Թոփչյանը: Նա նկատում է, որ բազմաթիվ հեռուստաընկերություններ երեկոյան ժամերին դասական երաժշտություն են մատուցում: Այլ հարց է, թե ովքեր են լսում: «Լսողները քիչ են: Եթե ջազ երաժշտության համերգ ցույց տան` լսողների թիվը մի քիչ կբարձրանա: Իսկ եթե ցույց տան ինչ-որ Վարդգեսիկի համերգը` ժողովուրդը մեծագույն հաճույքով կլսի», փաստում է Թոփչյանը:

Արամ Սաթյանը կարծում է, որ պետք է հանդիսատես պատրաստել, որպեսզի ոմն Վարդգեսիկի համերգի փոխարեն լսեն դասական երաժշտություն: Կոմպոզիտորը կարծում է, որ այդ հարցում լուրջ դերակատարություն ունեն առաջին հերթին երաժշտական դպրոցները: Սաթյանը փաստում է, որ պետական հոգածության մակարդակը երաժշտական կրթօջախներին բավարար չէ: «Երաժշտական դպրոցի ուսուցչուհին եռակի անգամ քիչ աշխատավարձ է ստանում, քան հանրակրթական դպրոցի մանկավարժը»: Թոփչյանն էլ նկատում է, որ խնդրի ակունքը համատարած անգրագիտությունն է, որ գալիս է ընտանիքից: Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, Թոփչյանը փաստում է, որ 80-ականների հեռուստատեսությունն էլ բարձրաճաշակ երաժշտություն չէր պրոպագանդում: «Իմ պատանեկության տարիներին ուղղակի երազանք էր հեռուստատեսությամբ լսել դասական բարձրաճաշակ երաժշտություն: Իսկ այսօր կան հրաշալի ռադիոհաճախականություններ, հեռուստաալիքներ, որոնք արտակարգ երաժշտություն են մատուցում: Եթե որեւէ մեկը ցանկանում է դասական երաժշտություն լսել, ապա կարող է մտնել ինտերնետ ու կայքէջերից ցանկացած երաժշտությունը քաշել: Բացի այդ յուրաքանչյուր երաժշտական խանութում կարելի է գտնել դասական երաժշտության ձայնասկավառակներ», նկատում է Թոփչյանը: Վերջինս նկատում է, որ պայմաններ կան, պարզապես բացակայում է ցանկությունը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4