«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2009-04-03 | #60, 2009-04-04 | #61, 2009-04-07


Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԿԱՆԱՅՔ

Հարց, որի պատասխանը չգիտեն անգամ իրենց խելացի համարող տղամարդիկ

Ի՞նչ է անհրաժեշտ կնոջը երջանիկ զգալու համար: Սեր եւ ուշադրություն սիրելիից, կպատասխանեն մի քանիսը, հաջողություններ կարիերայում, կասեն մյուսները, խաղաղություն ընտանիքում ու էլի հազար ու մի մեծ ու փոքր կարեւոր երեւույթներ, որոնց ներկայությամբ է պայմանավորված կնոջ երջանկությունը:

«Ի՞նչ են ուզում կանայք» հարցի պատասխանն այդպես էլ ոչ ոք չի բացահայտել: Անգամ Ֆրեյդը, որ համարվում էր կանանց մեծագույն գիտակ, չկարողացավ հիմնավորել, թե ինչ է պետք կնոջը երջանկության համար:

Ասում ենՙ գարունը սիրո ու սեր խոստովանելու եղանակ է: Սակայն պարզվում է, որ հենց գարնանն են կանայք դառնում ավելի քմահաճ, ռոմանտիկ ու հուզական:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը երեւույթը բացատրում է նրանով, որ գարնան հետ կապված սպասումները, նորությունները, երազանքները շատ են, սակայն միշտ չէ, որ դրանք բավարարվում են: «Իրականությունն ու ներքին սպասելիքների բախումը առաջացնում են սթրես»:

Սամվել Խուդոյանը նկատում է, որ հաճախ կանայք կարող են առանց որեւէ պատճառի լաց լինել, թուլություն զգալ, անտարբեր լինել իրենց ու շրջապատող աշխարհի նկատմամբ: «Գարնանը հիմնականում հուզական անկայունություն ունեցող կանայք են դեպրեսիա ապրում: Եթե կանայք դեպրեսիա են ապրում, ապա տղամարդկանց մեջ գարնանային այդ ժամանակահատվածը առաջացնում է ագրեսիա»:

Հոգեբանները նկատում են, որ յուրաքանչյուր սթրես, դեպրեսիա անհատական է եւ հնարավոր չէ գիտականորեն որեւէ վերլուծություն կատարել` պարզելու հետեւանքներն ու պատճառները: Սամվել Խուդոյանը թեթեւ, դիզֆոլիկ վիճակում գտնվող կանանց առաջարկում է ներշնչման մեթոդը` թուլությունից, ապատիայից դուրս գալու համար: «Դրական ներշնչանքը կարող է փոխել իրավիճակը: Եթե հաճախ կրկնեք, որ ամեն ինչ հրաշալի է, հաճելի, ապա իսկապես իրավիճակը կվերափոխվի հաճույքի»:

Կարինե Նալչաջյանն էլ նկատում է, որ ներշնչանքը համարվում է ինքնախաբեություն: Հոգեբանը առաջարկում է առաջին հերթին փոխել բացասական մտածելակերպն ու դրական տրամադրվել: «Սթրեսից դուրս գալու եղանակները տարբեր ու էլի անհատական են: Ոմանք այդ ժամանակահատվածում սկսում են ստեղծագործել, ոմանք աղոթում են, քնում, գնումներ կատարում կամ վերանորոգում բնակարանը: Հնարավորությունները բազմաթիվ են, պարզապես պետք է կարողանան ճիշտ կողմնորոշվել», հավելում է Նալչաջյանը:

«Ազգի» փոքրիկ հարցումից պարզվեց, որ հայուհիներին անհրաժեշտ են հոգատարություն ու սեր: Երիտասարդ կանանց մեծամասնությունը դժգոհեց, որ տղամարդիկ իրենց չեն հասկանում, անհրաժեշտ վերաբերմունք չեն դրսեւորում: «Երեւի ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց ընկերներին, աշխատանքին, մեքենային: Միայն սիրելը դեռ բավական չէ: Կնոջը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել, նրան գեղեցիկ խոսքեր ասել, ծաղիկներ նվիրել», նկատում է 25-ամյա Լիան:

«Չգիտեմ, գուցե առօրյա հոգսերն են շատ, որ տղամարդիկ դարձել են փոքր-ինչ անուշադիր, աննրբանկատ: Գեղեցիկ խոսքը, որ հնչում է սիրելիի շուրթերից` կարող է կնոջ համար սովորական օրը վերածել տոնի: Կանայք այսօր առաջին հերթին ուշադրության, սիրո պակաս ունեն», նկատում է 28-ամյա Մարինան: Թե ինչպես են հաղթահարում սթրեսը, կանանց պատասխանները տարբեր էին` գնումներ, այցելություն մարզասրահ, հանդիպում ընկերների հետ, փոփոխություն: Սակայն նրանք խոստովանում են, որ սթրեսի դեմ պայքարի լավագույն տարբերակը սիրելիի հետ հանդիպումն ու նրա գեղեցիկ ժեստերն են: Այնպես որ, հարգելի տղամարդիկ, եղեք փոքր-ինչ նրբանկատ, բարեհամբույր եւ ուշադիր ձեր սիրելիների նկատմամբ: Եվ մի մոռացեք ծաղիկներ ու նվեր գնել սիրելիին` շնորհավորելու ապրիլի 7-ը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4