«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2009-04-04 | #61, 2009-04-07 | #62, 2009-04-08


ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը ապրիլի 6-ին Ստեփանակերտում կազմակերպել էր քննարկումներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման զարգացումների վերաբերյալ: Ծրագրով նախատեսվում է նմանատիպ միջոցառում կազմակերպել նաեւ Երեւանում ու Բաքվում:

Քննարկվող թեմայի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Սերգեյ Մինասյանն ու Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը:

Սերգեյ Մինասյանը անդրադարձ կատարեց այն գործընթացներին, որոնք, նրա կարծիքով, ազդում են ղարաբաղյան կարգավորման վրա: Դրանք են, ըստ բանախոսի, հարավկովկասյան իրադարձությունները անցած տարվա օգոստոսին եւ Մայնդորֆյան հռչակագիրը: Միեւնույն ժամանակ, նշեց նա, հետաքրքրական գործընթաց են բովանդակում հայ-թուրքական շփումները: Հայ-թուրքական սահմանի բացմամբ, գտնում է քաղաքագետը, կարող է փոխվել ղարաբաղյան կարգավորման ձեւաչափը: Ինչ մնում է բանակցություններին ԼՂՀ չմասնակցելուն, ապա, կովկասագետի կարծիքով, ղարաբաղյան կողմը դրանով իսկ զերծ է մնում հետեւանքների նկատմամբ պատասխանատվությունից:

Մասիս Մայիլյանը, մասնավորապես, շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծես թե գիտակցելով հակամարտ երկրների հանրությունների ներգրավման անհրաժեշտությունը, սկսել են շփվել նաեւ հասարակական սեկտորի հետ: Այս առնչությամբ, սակայն, նա ցավ հայտնեց, որ Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ ղարաբաղյան որոշ ՀԿ-ների հետ համանախագահների հանդիպման մանրամասները պատշաճորեն չեն լուսաբանվել մամուլում:

ԼՂ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի ղեկավարի համոզմամբ, հասարակությունների հետ նախ եւ առաջ պետք է աշխատեն պետությունների ղեկավարները: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն, օրինակ, պետք է քայլեր ձեռնարկի թշնամանքի քարոզչությունը վերացնելու: Անգամ դպրոցական դասագրքերը հարեւան երկրում պարունակում են խոր թշնամանք հայերի նկատմամբ, իսկ այդպիսի գաղափարախոսությունը չի կարող կողմերին փոխըմբռնման բերել, ասում է Մ. Մայիլյանը:

Ծրագրով նախատեսված, քննարկմանը հնչեցին նաեւ մասնակիցների այլ տեսակետներ` կապված ղարաբաղյան հիմնախնդրի լուծումների ու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների հետ: Զեկուցողները նաեւ պատասխանեցին ներկաների տարաբնույթ հարցերին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4