Ազգային ժողովը երեկ քննարկեց «Քրեակատարողական օրենսգրքում» փոփոխություններ առաջարկող երկու նախագծեր, որոնցից մեկը ներկայացրել էր ՀՀ կառավարությունը, մյուսը` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
ՀՀ կառավարության նախագծի համաձայն` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական oրենuգրքի 115 հոդվածի 4-րդ մաuը` անկախ հանձնաժողովի որոշումն oրենքին հակաuելու դեպքում դատական կարգով բողոքարկելը uահմանափակելու մաuով ճանաչվել է Հայաuտանի Հանրապետության սահմանադրության 6, 18 եւ 19 հոդվածներին հակաuող եւ անվավեր, ուստի առաջարկվում է 115-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման` բացառությամբ օրենքին հակասելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ ընդունվելու դեպքերի»:
Զարուհի Փոստանջյանը առաջարկում է վերացնել անկախ հանձնաժողովը, քանի որ պետական մարմինների ներկայացուցիչ 6 եւ հանրության ներկայացուցիչ 3 անդամները անգործության են մատնված եւ չեն այցելում անգամ քրեակատարողական հիմնարկներ: Ըստ նրա` դատապարտված անձինք պետք է իրավունք ունենան անմիջապես դիմելու դատարաններ` վաղաժամկետ ազատ արձակվելու համար:
Ըստ Փոստանջյանի, արդարադատության նախարար Գ. Դանիելյանի ցանկությունը հետեւյալն է. «Օրինագիծը անցկացնել եւ հետո նոր օրինագիծ ներկայացնել` թերությունը վերացնելու վերաբերյալ»:
«Եթե հանձնաժողովի որոշումները հնարավորություն Է ընձեռում բողոքարկելու դատական ակտով, այս հանձնաժողովը չի դադարում լինել ոչ կոռումպացված մարմին: Մենք ունենում ենք երեք մարմին, որոնք զերծ չեն կոռուպցիայից եւ կաշառակերությունից: Առաջին մարմինը քրեակատարողական հիմնարկի վարչակազմն է, որը տալիս է բնութագիր եւ տվյալ անձին ներկայացնում է հանձնաժողովին: Այս մարմինը նույնպես զերծ չէ կոռուպցիայից եւ դրամաշորթությունից: Հաջորդ մարմինը հանձնաժողովն է, որը նույնպես մերժվել է կոռուպցիայի հետեւանքով: Կոռուպցիայից զերծ չեն նաեւ դատարանները», նշում է Փոստանջյանը ու ավելացնում, որ վերջին երեք տարիների ընթացքում պարզ է դարձել, թե ովքեր եւ ինչ ճանապարհով են վաղաժամկետ ազատում ունեցել. «Այո, դիմել են մի կոռումպացված մարմնի, որը քրեակատարողական հիմնարկի վարչախումբն է, երկրորդը հանձնաժողովն է, երրորդըՙ դատարանը: Ես ցանկանում եմ, որ վերանա այն հանձնաժողովը, որտեղ գերակայություն է կազմված պետական մարմինների աշխատակիցներից, որտեղ ընդգրկված են ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության պետերի տեղակալները: Այս անձինք, ովքեր սկսել են քրեական հետապնդում, ապագայում իրավունք չունեն որոշում կայացնելու տվյալ անձանց վաղաժամկետ ազատելու վերաբերյալ»:
Հարակից զեկուցման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ ներկայացված է մի նախագիծ, որը հետապնդում է ՍԴ-ի որոշումը ի կատար ածելու խնդիր. «Այս պահին կառավարությունը գործող օրենսդրությունը փորձում է համաձայնեցնել սահմանադրությանը, իսկ հետո կբարելավի անկախ հանձնաժողովների կարգավիճակն ու գործունեությունը:
Վերջին հաշվով այս նախագիծը նվազագույնը 2 խնդիր է լուծելու` դատապարտյալների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը եւ պայմաններ կստեղծվեն, որպեսզի այս ոլորտում թույլ չտրվեն չարաշահումներ»:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն էլ ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին եւ ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը»: Այս փաթեթի նպատակն է, որ հայաստանյան եկեղեցու օտարերկրյա թեմերում Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիներին ծառայության ավարտից հետո առանց ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքի վճարման, իրենց անվանական օգտագործման գույքը ՀՀ ներմուծելու հնարավորություն ընձեռվի:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց: Ըստ պատգամավորի` նման փոփոխություն ժամանակին արդեն արվել է երկրի դիվանագիտական կառույցներում աշխատող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայություն իրականացնող դիվանագետների համար, ովքեր ավարտել են իրենց ծառայությունը եւ վերադառնում են հայրենիք:
«Ստեղծել ենք նման հնարավորություն, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիները, որոնք իրենց ծառայությունները ավարտելով գալիս են հայրենիք` նրանք էլ օգտվեն այս տարրական հնարավորությունից` իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը առանց հարկերի եւ մաքսատուրքերի վճարման երկիր ներմուծելու համար», նշեց Նաղդալյանը:
Նաղդալյանի խոսքերով` այս օրինագիծը քննարկվել է տնտեսական հարցերի հանձնաժողովում եւ դրական կարծիք է տրվել:
Ն. Մ.