«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2009-04-04 | #61, 2009-04-07 | #62, 2009-04-08


«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱԶԳՆ» ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ UNICEF-ի եւ «Ազգ» օրաթերթի համատեղ ծրագրի փակման արարողությունը: 2007-2008 թվականներին իրականացված 9-ամսյա ծրագիրը մեծ հաջողություն եւ լայն արձագանք է ստացել Հայաստանի տարբեր մարզերի երեխաների եւ նրանց ծնողների շրջանում: Այդ իսկ պատճառով այն կրկնվել է եւ վերաֆինանսավորվել UNICEF-ի կողմից նաեւ 2008-2009 թվականներին, հնարավորություն տալով, որ «Մանկապատանեկան Ազգ» թերթ-ներդիրը լույս տեսնի ընդհանուր առմամբ 15 անգամ:

«Ժուռնալիստիկայի հիմունքներ եւ վարպետություն» դասընթացը կազմել եւ երեխաներին է ուսուցանել լրագրող Սուսաննա Մարգարյանը («Ազգ» օրաթերթ): Երկու տարվա ընթացքում լրագրության այբուբենը նա ուսուցանել է ավելի քան 60 երեխաների, որոնցից վկայականներ են ստացել շուրջ 40-ը, UNICEF-ի սահմանած մրցանակներ ստացել են 8-ը, որոնցից 3-ը` Ժաննա Պողոսյանը, Սերինե Միսիսյանը եւ Ժակլին Թադեւոսյանը, պարգեւատրվեցին երեկ թվային ձայնագրիչներով, իսկ հուշանվերներ ստացել են բոլոր խմբերի շրջանավարտները:

UNICEF-ի տեղեկատվական եւ հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանն ասաց, որ այս ծրագրի հիմնական նպատակն էր ցույց տալ հաջողակ մոդել, որ երեխաները կարող են ներգրավված լինել հանրապետական ԶԼՄ-ներում եւ բարձրաձայնել իրենց խնդիրների մասին` թղթակցելով տարբեր լրատվամիջոցների: Նա կարեւորեց նաեւ, որ ծրագիրն իր տեսակի մեջ միակն էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՊՀ տարածքում: Երեխաներին լրագրություն ուսուցանած լրագրող Սուսաննա Մարգարյանն էլ ընդգծեց. «Ավարտվում է ծրագիրը, բայց ոչ համատեղ աշխատանքը: Նման խումբ գործում է նաեւ հիմա, ցավոք, արդեն` առանց «Մանկապատանեկան Ազգ» թերթ-ներդիրի հրապարակման հնարավորության»:

Շնորհակալության խոսքեր հնչեցին ինչպես երեխաներից, այնպես էլ ծնողներից, ովքեր իրենց խոսքը ներկայացրել էին նաեւ գրավոր տեսքով: Իմ հարցին, թե ի՞նչ տվեց ծրագիրը երեխաներին, 14-ամյա Վահագնը պատասխանեց. «Ինքնավստահություն եւ հմտություն, որ իմ հոդվածներով պաշտպանեմ ինձ, իմ հասակակիցներին եւ մեծահասակներին անարդարությունից»: Իսկ Ժաննա Պողոսյանն ավելացրեց. «Ծրագրի շնորհիվ ձեռք բերեցի հոգեբանական գիտելիքներ, խոհեմություն եւ ինքնավստահություն»: Վերջում երեխաները հյուրասիրվեցին «ԱԶԳԻԿ» տորթով եւ հեռացան շրջանավարտի ուրախ-տխուր ժպիտներով:

ՀԱՅԿՈՒՀԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, «Մանկապատանեկան Ազգ» թերթ-ներդիրի թղթակից


Նկար 1. Պատանի լրագրողներ Տաթեւիկը եւ Ժաննան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4