Ապրիլի 7-ը առողջության համաշխարհային օրն է
«Փրկենք կյանքեր. ապահով դարձնենք հիվանդանոցները արտակարգ իրավիճակների ժամանակ»: Սա Առողջության համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է: Արդեն մի քանի տարի Առողջության համաշխարհային կազմակերպությունը ապրիլի 7-ը նշում է որպես Առողջության համաշխարհային օր: Տոնի կապակցությամբ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում կայացավ հանդիպում, որտեղ ԱՀԿ-ն հանրային առողջապահության մարմիններին եւ հիվանդանոցների ղեկավարներին առաջարկեց այն վեց հիմնական միջոցառումները, որոնց իրականացումը թույլ կտա ապահովել բուժհաստատությունների անվտանգությունն արտակարգ իրավիճակների ժամանակ: Վերոնշյալ միջոցառումների շարքում ներկայացված են բուժաշխատողների ուսուցումը, անվտանգ հիվանդանոցների նախագծումն ու կառուցումը, բուժհաստատությունների ամրացումն ու համապատասխանեցումը անվտանգության ընդունված չափանիշներին:
«Այսօր, երբ աշխարհին սպառնում են կլիմայի փոփոխության վնասակար հետեւանքները, ավելի հաճախակի նկատվող եղանակի ծայրահեղ անբարենպաստ դրսեւորումներն ու զինված ընդհարումները, անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել աղետներից առաջ, դրանց ընթացքում եւ հետո բոլոր քաղաքացիների համար ամեն պահի բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով», տոնի կապակցությամբ ուղարկված գրության մեջ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Էլիզաբեթ Դանիելյանը փաստում է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ հաճախ առաջինը վնասվում են հենց բուժհաստատությունները, մահանում կամ վիրավորվում են բուժաշխատողներ: Նրա դիտարկմամբ, եթե գնահատվի տվյալ բուժհաստատության անվտանգությունը, կարողանան պաշտպանել բուժաշխատողներին եւ նրանց պատրաստել դիմակայելու արտակարգ իրավիճակներին, ծրագրեն արձագանքման աշխատանքներ, մշակեն ազգային քաղաքականությունՙ անվտանգ հիվանդանոցների վերաբերյալ, ապա հնարավոր կլինի ապահովել բուժհաստատությունների անվտանգությունն արտակարգ իրավիճակների ժամանակ:
ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատար Բուշրա Հալեպոտան նկատում է, որ իրենց կազմակերպության գլխավոր նպատակն է դիմագրավել աղետներին: «ՄԱԿ-ում ստեղծված է աղետների կրճատման ռազմավարության մեխանիզմը: Ցանկանում ենք օգնել, որպեսզի այս երեւույթը հաշվի առնվի: Բնական աղետները վնաս են պատճառում առողջապահական համակարգին, հետեւաբար հիվանդանոցները պաշտպանելը տնտեսական հրամայական է», նկատում է նա:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը մայրության եւ գեղեցկության գրավական է համարում առողջությունը: Հակոբյանի խոսքերովՙ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում նոր ստեղծվող բժշկական հաստատություններին: Նա փաստում է, որ դրանց լիցենզավորման գործընթացը խստացված է, գործող հաստատությունների համար դրվում են խիստ պահանջներ: Նախարարի տեղակալը կարեւորեց միջազգային համագործակցությունը` վստահեցնելով, որ այն կապահովի առողջապահության մակարդակը: Այնուհետեւ զեկուցումներով հանդես եկան ՄԱԿ-ի աղետների նվազեցման գծով խորհրդական Նինո Ատանաձեն, «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռուստամյանն ու արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ալվարո Անտոնյանը: