«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2009-04-04 | #61, 2009-04-07 | #62, 2009-04-08


ԿԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Մոտ մեկ տարի է, ինչ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում ստեղծվել է հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար` Ստեփան Էլմասի սրահը: Փոքրիկ եւ հարմարավետ սրահում տեղադրված են նրա դաշնամուրը, լուսանկարները, դիմանկարը, նոտատետրերը ու ձայնասկավառակները` իր ստեղծագործություններով: Մեզ հետաքրքրեց եւ գրավեց կոմպոզիտորի դիմանկարը, նկարչի` մարդուն ճանաչելու եւ ներաշխարհը ամբողջապես բացահայտելու նկարչի յուրօրինակ ձեւը: Այդ հետաքրքրությունն էլ առիթ եղավ ճանաչելու լայն հասարակությանը անծանոթ Շվեյցարացի նկարչուհի` Էմե Ռապենին (1868-):

«Ես դիմանկարիչ եմ եւ իմ նկարները գտնվում են անհատներում, որոնցից են փիլիսոփա` Էռնեստ Նավիլը, քիմիկոս` Ռաուլ Պիկեն, քանդակագործ`Ժյուլ Սալմսոնը եւ այլք», գրել է իր հուշերում Էմե Ռապենը: Նա նկարել է կանանց եւ տղամարդկանց, մանուկների եւ մեծահասակների` ամենատարբեր տրամադրություններով, բնանկարներ եւ նատյուրմորտներ ու մեծ վարպետությամբ կատարված գծանկարներ:

1868-ի փետրվարի 14-ին, Շվեյցարիայի փոքրիկ Պայեռնո քաղաքում ծնվում է մի աղջիկ` առանց թեւերի... Նրան անվանում են Էմե: Մի օր մայրը` երեխան գրկին, կանգնած է լինում վարդի թփի մոտ եւ նկատում է, թե ինչպես է փոքրիկը ոտքի մատով շոշափում վարդը: Կարող էր նա պատկերացնել, որ մի օր այդ մատները հրաշալի ձեւով կծառայեին Էմեին ձեռքերի փոխարեն: Բավականին վաղ հասակում նրա մոտ հայտնաբերվեց նկարչական շնորհը: Եվ Լոզանում, ուր ընտանիքը տեղափոխվել էր, վեցամյա Էմեն սկսեց նկարչության դասերը` տեղի համալսարանի պրոֆեսոր Մ. դը Մեյենբուրգի հետ: Մեկ տարի անց Ռապենները վերադարձան Պայեռն: Էմեն 12 տարեկան էր, երբ նրա հայրը` Ժյուլ Ռապենը, մահացավ: Ամբողջ տան հոգսը ընկավ մոր` Ադելին Ռապեն-Քիդորի ուսերին: Նա միայնակ պետք է զբաղվեր 12 զավակների դաստիարակությամբ, որոնցից մեկն էլ ի ծնե ֆիզիկական արատով էր: Սակայն Էմեն մանկուց ունեցել է թեթեւ բնավորություն եւ կամքի մեծ ուժ, երբեք չի նախանձել իր եղբայրներին եւ քույրերին, վարժվել է ոտքի մատներով ծաղիկ հավաքել, գիրք կարդալ, ուտել եւ այլ գործողություններ կատարել: «Միակ բանը, որ խանգարում է ինձ հանգիստ ապրել, այն է, որ ես պարտավոր եմ մշտապես թիկնոց հագնել», ասել է նա:

Տասնվեց տարեկանում Էմեն տեղափոխվում է Ժնեւ` ուսանելու Գեղարվեստի դպրոցում, եւ յուրահատուկ դիրք է զբաղեցնում օրիորդաց խմբի մեջ` ապացուցելով նկարչի իր բնածին շնորհը: Աղջկա ուսուցիչներն են եղել Անրի Հեբերը, Հյուգ Բովին եւ Էլիզե Մայորը: Սակայն Էմեի վրա ամենամեծ ազդեցությունը թողել է նկարիչ` Բարտոլոմեո Մեննը, որը մի առիթով ասել է. «Դուք ծնյալ դիմանկարիչ եք»: Մեննից նա ստացել է խրախուսական պարգեւներ` քանդակագործության եւ լավագույն դիմանկարի համար:

1888-ին Էմե Ռապենը մասնակցելով Փարիզի համալսարանական ցուցահանդեսին, մեծ հաջողություն է ունեցել եւ պատվերներ ստացել Փարիզից եւ Լոնդոնից: Անհատական ցուցահանդես չի ունեցել, սակայն Եվրոպայում նրան սկսել են ճանաչել եւ բարձր գնահատել նրա արվեստը:

Փորձեր են եղել նկարչուհու արվեստը եւ բնածին արատը վերածել շոուի:

Այսպես ամերիկացի մի իմպրեսարիո Էմեին 100 հազար դոլար է առաջարկել ամերիկյան մեծ թատրոններում հանդես գալու եւ քառորդ ժամում հանդիսատեսի աչքի առաջ նկար պատկերելու համար: Նկարչուհին մերժել է այդ առաջարկը: 1892-ին Ռապենը վերջնականապես հաստատվեց Ժնեւում, իսկ 1896-ին նկարեց իր լավագույն դիմանկարներից մեկը` «Ժամագործը», որը ներկայումս գտնվում է Լոկլի թանգարանում: Ամեն օր Էմե Ռապենը նստել է նկարակալի առջեւ եւ անդադար աշխատել` իր աջ ոտքով ստեղծելով մեկը մյուսից գեղեցիկ նկարներ: Ստեղծագործությունից ազատ ժամերին նա սիրել է կարդալ, գրքի էջերը շրջելով ոտքի մատներով:

Գեղեցիկ եւ տաղանդավոր նկարչուհուն շատերն են սիրահարվել, բայց նա նախընտրել էր չամուսնանալ: Սակայն նրա կյանքը այլ կերպ է տնօրինվում: 1911 թվականին նա ծանոթանում է Ստեփան Էլմասի հետ, որն էլ դառնում է նրա մեծ սերը: Այդ ժամանակ Էմեն արդեն 43 տարեկան էր, իսկ Էլմասը` 49: Ստեփան Էլմասը ծնունդով Զմյուռնիայից էր: Ուսուցչի խորհրդով նա հեռանում է հայրական տնիցՙ ուսումը շարունակելու Եվրոպայում: Աշակերտել է Ֆերենց Լիստին, դաշնամուրային մենահամերգներով հանդես է եկել Եվրոպայի գրեթե բոլոր քաղաքներում, գրել է վալսեր, մազուրկաներ, նոկտյուրներ, էքսպրոմտներ եւ օրորոցայիններ: Եվրոպացիները նրան անվանել են «հայկական Շոպեն»: Դժբախտաբար, 1897 թվականին Էլմասը ծանր հիվանդանում է տիֆով եւ մասամբ խլանում: Իսկ 1915 թվականի իր ժողովրդի ցեղասպանության գույժը ավելի է վատթարացնում նրա վիճակը` զրկելով ստեղծագործելու կարողությունից: Էմե Ռապենը եւ Ստեփան Էլմասը 1914 թվականից սկսած համատեղ ապրել են Ժնեւի Գուստավ-Ադոր լճափնյա բնակատեղում: Հետագայում նկարչուհին ստեղծում է երգահանի եւ նրա ընտանիքի հիասքանչ դիմանկարները: Ծանր տանելով իր սիրելի Էլմասի հարազատ ժողովրդի ողբերգությունը, Էմե Ռապենը նկարում է «Նահատակ Հայաստան» ստեղծագործությունը: Ստեփան Էլմասը մահացել է 1937-ին, Ժնեւում: Այս առիթով Էմե Ռապենը գրել է. «Երկու աչքեր փակվեցին աշխարհի համար եւ աշխարհն էլ փոխվեց ինձ համար... Բայց շնորհ չէի՞ ստացել բախտից, որ 26 տարուց ի վեր այսպիսի սքանչելի բարեկամ ունեի»:

Նկարչուհու աշխատանքները ցուցադրվել են Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Մյունխենում, Մոնրեալում եւ Նյու Յորքում, սակայն անհատական ցուցահանդես նա չի ունեցել, ոչ էլ հրատարակել իր ստեղծագործություններն առանձին կատալոգով: Նա ստեղծագործել է մինչեւ կյանքի վերջին օրերը եւ վախճանվել 1956 թվականին Ժնեւում, 88 տարեկան հասակում: Թաղված է Ստեփան Էլմասի շիրիմի կողքին: Նկարչուհու երեք հազարից ավելի աշխատանքները պահվում են Պայեռն քաղաքի թանգարանում: Թանգարանի հրատարակչությունը 1996 թվականին լույս ընծայեց «Էմե Ռապեն. նկարչություն առանց ձեռքերի» պատկերազարդ աշխատությունը:

Էմե Ռապենը ուներ իրականության մեջ կատարելությունը գտնելու հիանալի շնորհ: Եվ չնայած բնածին ֆիզիկական արատին, նա գիտեր ինչպես ազնիվ մնալ ինքն իր հետ: Նա եղել է ուժեղ, լավատես, կենսուրախ, շռայլ հոգու տեր, հումորով օժտված անձնավորություն: «Ես ծնվել եմ բախտավոր աստղի ներքո», ասել է նա:

Եվ հիրավի, նկարչուհու կյանքը եւ արվեստը օրինակ է ու վկայություն, որ մարդ ոչ թե ծնվում է «բախտավոր աստղի» ներքո, այլ սեփական լավատեսությամբ եւ արիությամբ` նույնիսկ առանց ձեռքերի, կարող է վառել իր «բախտի աստղը»:

ՕՖԵԼՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4