«Թուրքիան շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում, բայց շատ դանդաղ», երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարեց ամերիկահայ վերլուծաբան, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
«Մենք այժմ կանգնած ենք պատմական շրջադարձի նախաշեմին: Համոզված եմ, որ մենք չենք տեսնի որեւէ զարգացում մինչեւ ապրիլի 24-ը եւ հետո, բայց հարաբերությունների միջեւ կլինի փոփոխություն մինչեւ տարվա վերջ: Շատ աղբյուրներից ակնհայտ է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների փոփոխությունը բաղկացած է 4 մասից: Առաջինը սահմանների բացումն է, երկրորդը` դիվանագիտական հարաբերությունների առաջխաղացումը, երրորդը` միջկառավարական երկկողմանի հարաբերությունների հաստատումը, բայց ոչ պատմական հանձնաժողովի կազմում, որտեղ պատմական հանձնաժողովը շատ խնդիրներ ունի` առեւտրից մինչեւ մշակութային: 4-րդ նախնական կետը թուրքական փաստաթուղթն է, որը կոչվում է Ղարաբաղի ճանապարհային քարտեզ: Այս փաստաթուղթը ընդհանուր է եւ ընդգրկում է Մինսկի խմբի ծրագիրը: Փաստաթուղթը իր բնույթով այլ նպատակի է ծառայում` վերահաստատում է Ադրբեջանին: Իմ կարծիքով` ինչ էլ պատահի, եթե նույնիսկ Հայաստանի սահմանները բացվեն, ամենակարեւորն ինձ համար այն է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը ավարտին է հասցվում: Կոնցեպցիան` մեկ ազգ եւ երկու երկրներ, մահանում է. եւ այդ դեպքում` յուրաքանչյուր քայլ, որ Թուրքիան կատարում է դեպի Հայաստան, հեռացնում է Թուրքիային Ադրբեջանից: Սա ընդհանուր առմամբ լավ է Հայաստանի համար, բայց կարճաժամկետ առումով վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանը կօգտագործի ավելի շատ միջոցներ պատերազմի համար», նշում է վերլուծաբանն ու մատնանշում Հայաստանի համար եւս մեկ վտանգ. «Ադրբեջանը կբարելավի իր հարաբերությունները Մոսկվայի հետ. Ռուսաստանը կհեռանա Հայաստանից եւ հայկական մոտեցումից»:
Ռուսաստանի շահագրգռությունը, ըստ նրա, կապված է սեփական շահերի հետ, այն էՙ Մոսկվան ցանկանում է մեկուսացնել Վրաստանին:
Անդրադառնալով Հայաստանին վերաբերող Օբամայի հայտարարություններինՙ Կիրակոսյանը նշեց, որ ԱՄՆ նախագահի ասածը շատ պարզ էր ու հասկանալի, նա չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի շուրջը: Ըստ նրա, պարզ է նաեւ, որ Թուրքիան է հետաձգում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորող համաձայնագրի ստորագրումըՙ սպասելով ապրիլի 24-ին:
Նրա խոսքով` հնարավոր է, որ Օբաման աջակցի Կոնգրեսին եւ ստորագրի ցեղասպանության մասին այն նախագիծը, որ կներկայացնի Կոնգրեսը:
«Օբաման, որպես քաղաքագետ, փորձում է բալանս ստեղծել. նրա հայտարարությունը Թուրքիայում հայամետ էր, բայց ամերիկացիները հասկացել են, որ ԼՂՀ խնդիրը նախապայման չէ հայ-թուրքական հարաբերությունների համար: Նույնիսկ Թուրքիան չի ցանկանում Ղարաբաղի հարցում լինել հիմնային կետ», նշում է բանախոսը:
Իսկ թե ի՞նչ հետեւանքներ կունենա հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար, ապա Ռ. Կիրակոսյանն այստեղ ոչ մի բացասական ազդեցություն չի տեսնում:
«Հայ-թուրքական սահմանների բացումը կարող է դեղամիջոց լինել Հայաստանի ներքին կյանքի համարՙ օլիգարխներից եւ կոռուպցիայից ազատվելու համար», հայտարարեց Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրենը:
Հ.Գ. Ռիչարդ Կիրակոսյանն իր տեսակետները անգլերեն լեզվով էր մատուցում` նշելով, որ հայերեն արտահայտվել չի կարող: Պատշաճ թարգմանությունն էլ ապահովված չէր, հրավիրված թարգմանիչները, լրագրողների, օպերատորների օգնությամբ էին իրենց առաքելությունը կատարում:
Ն. Մ.