Վրաց ընդդիմությունը մեկ գլխավոր պահանջ ունի. Սաակաշվիլու հրաժարականը
Արդեն երկու ամսից ավելի խոսվում է Վրաստանում ապրիլի 9-ին` այսօր ընդդիմության անցկացնելիք հանրահավաքի մասին: Խոսվում է այնպիսի համառությամբ ու հրատապությամբ, որ առօրյա խոսակցություններում ակամա հավանական են դարձել բոլոր հնարավոր սցենարները, հատկապես եթե հաշվի առնենք, որ ընդդիմությունը դուրս է գալու հանրահավաքի մեկ գլխավոր հարցով` պահանջելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրաժարականը:
Միասնական ընդդիմության կուսակցությունները, որոնց կազմակերպած հանրահավաքին գնալով ավելի շատ ուժեր են միանում ու հավանություն տալիս, հայտարարել են, որ այսօր Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում հենց տեղի կունենա բողոքի ակցիան, որի կենտրոնը կլինի Վրաստանի համար այդքան հետաքրքրական դերակատարում ունեցած Ռուսթավելու պողոտան Թբիլիսիում, որի մի հատված, հենց վրաց խորհրդարանի դիմաց, արդեն վերանվանվել է Վարդերի հեղափոխության հրապարակ:
Ինչեւէ, Վրաստանի մայրաքաղաքից բավականին հեռու, Սամցխե- Ջավախքի տարածաշրջանի Ախալցխա քաղաքում էլ կարծես ընդդիմության թբիլիսյան ցույցին միանալու ցանկություններ կային, որ սակայն հետաքրքրական զարգացումների էին բախվում:
Ի մասնավորի, Ախալցխայում մարդիկ միմյանց չճշտված տեղեկություններով զգուշացնում էին, թե ճանապարհները դեպի Թբիլիսի փակ են, իսկ տեղում դժվար թե որեւէ հանրահավաք անցկացվի: Ամեն դեպքում, վրացական ընդդիմության հանրահավաքին մասնակցելու ցանկություն ունեցողները թերեւս այսօր կբավարարվեն հաղորդակցության տարբեր միջոցների կիրառմամբ, որոնցով էլ կփորձեն տեղեկանալ, թե ինչ է տեղի ունենում Վրաստանի մյուս քաղաքներում:
Մյուս կողմից, ձեռնարկված արտակարգ միջոցները հիմք են տալիս ենթադրելու, թե այսօր իսկապես ինչ-որ բան կարող է փոխվել Վրաստանի իրականության մեջ, հատկապես որ դերակատարները կարծես փոխվել են տեղերով:
Եթե դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի ընդդիմության ցույցում հնչած պահանջներին հակառակ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չփորձեց դուրս գալ երկխոսության, արհամարհեց ընդդիմության հետ զրուցելու առաջարկը, ապա ներկա դրությամբ ինքն է կարծես խնդրողի դերում, երբ ընդդիմության մեծամասնությունը մերժում է իշխանության հետ որեւէ երկխոսություն, ընդգծելով, որ դրա ժամանակն անցել է:
Մյուս կողմից, վրացական ընդդիմության երկխոսության կոչ է անում ոչ միայն երկրի նախագահը, կարեւորելով, թե դրան այլընտրանք չկա, այլեւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններն են հորդորում ինչպես ընդդիմությանը, այնպես էլ իշխանությանը` գնալ երկխոսության ճանապարհով:
«Դեսպանները կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին եւ կառավարման ներկայացուցիչներին, ներառյալ նաեւ անվտանգության ուժերին` ցուցաբերել պատասխանատու վարքագիծ ու նպաստել ժողովրդավարական սկզբունքների կիրառմանը ապրիլի 9-ին հայտարարված բողոքի ակցիաների ժամանակ, արտահայտել իրենց դիրքորոշումները իրավական շրջանակներում եւ խուսափել բռնություններից», նշվում է վրացական լրատվամիջոցների ներկայացրած հավատարմագրված դեսպանների հայտարարության մեջ:
Չնայած Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նույն դեսպանական կորպուսին առաջարկել է ամենամոտ տարբերակով ոստիկանության աշխատանքներին հետեւելու հնարավորություն, այնուամենայնիվ, Վրաստանի հանրային շահերի պաշտպան, օմբուդսմեն Սոզար Սուբարին իր հերթին որոշել է մոնիտորինգի ենթարկել ապրիլի 9-ի բողոքի ակցիան` բռնությունների կանխարգելման ավելի բարձր մակարդակ ապահովելու նպատակով: Վրաց օմբուդսմենն իր այսօրինակ մոտեցումը բացատրել է նրանով, որ վերջին տարիներին «Վրաստանում շատ են խախտվում մարդկանց հանրահավաքներ ու ցույցեր անցկացնելու իրավունքները»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ախալցխա-Երեւան