Տրանսպորտին սպասողների մեծ կուտակումներ կան
Երեկ առավոտյան հազարավոր երեւանցիներ մեծ դժվարությամբ հասան աշխատավայրեր: Հսկայական կուտակումներ կանգառներում, ավտոբուսների, միկրոավտոբուսների եւ անգամ տաքսիների դեֆիցիտՙ այսպիսին էր իրավիճակը: Պատճառն այն էր, որ մայրաքաղաքի տրանսպորտային սպասարկումն իրականացնող միկրոավտոբուսների եւ ավտոբուսների մի զգալի մասը երթուղիներ դուրս չէր եկել:
Ինչպես տեղեկացանք ուղեւորափոխադրումներ կատարող ընկերություններից, շարժակազմի երթուղիներ դուրս չգալու պատճառը վարորդների դժգոհություններն ու գործադուլն էին: Նրանք պահանջում էին աշխատավարձերի կրկնակի բարձրացում եւ յուրաքանչյուր մեքենայի վրա իջեցված օրական պլանային գումարի իջեցում: Այս պահանջները, ինչպես գրել էինք նախօրեին, ուղեւորափոխադրող ընկերությունները չեն կարող բավարարել: Վերջիններս հավաստիացնում են, որ գործող 100 դրամ սակագնի պայմաններում իրենք վնասով են աշխատում եւ, առավել եւս, ի վիճակի չեն աշխատավարձեր բարձրացնել: Այդուհանդերձ, նրանք շարունակում են պնդել սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին, վկայակոչելով վառելիքի, ավտոբուսների եւ միկրոավտոբուսների, ավտոպահեստամասերի գների վերջին տարիների կտրուկ աճը:
Ինչպե՞ս պետք է լուծվեն հասարակական տրանսպորտի բնականոն գործունեության եւ ուղեւորափոխադրողների ու վարորդների բարձրացրած հարցերը: Այս հարցերն ուղղեցինք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Նա պատասխանեց, որ դժգոհության պատճառը գազի թանկացումն է, իսկ սակագնի հետ կապված հարցը քննարկվում է կառավարությունումՙ հանձնարարական է տրված տրանսպորտի եւ կապի նախարարությանը մշակելու սակագնի որոշման մեթոդիկան: Վարչության պետը հայտնեց, որ արդեն երեկՙ օրվա երկրորդ կեսին, առավոտյան բացակայող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները դուրս են եկել երթուղիներ:
Որպես ուղեւոր կցանկանայինք ավելացնել, որ անկախ նրանից, թե ի՞նչ խնդիրներ են ծագում եւ ինչպե՞ս դրանք պետք է լուծվեն, պետք է բացառվեն գործադուլներն ու հազարավոր մարդկանց պատճառվող տհաճ անակնկալները: Ուղեւորներն, ի վերջո, որեւէ մեղք չունեն ստեղծված իրավիճակի համար եւ ոչնչով պարտական չեն ոչ վարորդներին, ոչ փոխադրող կազմակերպություններին, ոչ էլ քաղաքապետարանին կամ կառավարությանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ