«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2009-04-07 | #62, 2009-04-08 | #63, 2009-04-09


ՊԱՅՔԱՐԵԼՈՎ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ԴԵՄ

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնի հյուրն էր: Նա լրագրողներին ներկայացրեց արժութային վերահսկողությանն առնչվող օրենսդրական փաթեթը, որը կառավարությունը ներկայացրել էր ԱԺ հաստատմանը: Այդ փաթեթը նպատակ ունի բարձրացնել ազգային արժույթի հեղինակությունը, ավելացնել դրամի պահանջարկը եւ պայքարել դոլարայնացման դեմ: Վերջին երեւույթը ԿԲ նախագահը շատ վտանգավոր համարեց, ասելով, որ մեր հարեւան երկրներում դոլարայնացման ցուցանիշը կազմում է 90 տոկոս: Դա նշանակում է, որ դոլարի որեւէ տատանում անմիջապես ազդելու է երկրի ներքին շուկայի վրա: Ներկայացված օրենսդրական փաթեթում փոփոխությունները կանխարգելիչ եւ պատժիչ բնույթ ունեն: Եթե տնտեսվարողները իրենց գործարքների հասույթները, ծառայությունների մատուցման գները, պայմանագրի գործարքները ներկայացնեն ոչ թե դրամով, այլ արտարժույթով, ապա կպատժվեն նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի, երկրորդ անգամՙ 2000-ապատիկի, երրորդ անգամՙ 4000-ապատիկի չափով: Մինչ փոփոխությունները այդ տուգանքները նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի եւ 200-ապատիկի չափերն էին: Այսինքն, եթե որեւէ խանութ գնանշում կատարի արտարժույթով, ապա կվճարի 1 մլն դրամ տուգանք: Դա, ըստ Արթուր Ջավադյանի, կանխարգելիչ նշանակություն կունենա, որպեսզի որեւէ մեկը նման քայլի չդիմի:

ԿԲ նախագահը հայտնեց, որ վերոնշյալ օրենքի կատարման վերահսկողությունը Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կազմակերպությունների նկատմամբ կիրականացնի ԿԲ-ն, իսկ մյուս տնտեսվարողներինըՙ պետեկամուտների կոմիտեն: Նա հայտնեց, որ բանկերը մարտի 3-ին 4,7 մլրդ դրամի վնաս են կրել հենց դոլարայնացման պատճառով: Խուճապային տրամադրությունների հետեւանքով դրամային ավանդները մարդիկ փոխեցին դոլարայինի, որի պատճառով բանկերն ունեցան «բաց դիրք»ՙ դոլարային պարտավորություններով եւ դրամային ակտիվներով: Այժմ դոլարայնացման մակարդակը Հայաստանում 73 տոկոս է: Այսինքն, ավանդների այդքան տոկոսը դոլարով է, 27 տոկոսըՙ դրամով: Մինչդեռ անցյալ տարի դրամով ավանդները 65 տոկոս էին, դոլարովըՙ 35 տոկոս: Արթուր Ջավադյանն այն կարծիքը հայտնեց, որ խնայողությունները արտարժույթով կարելի է պահել, եթե ծախսերը պետք է կատարես արտարժույթով, իսկ մնացած բոլոր դեպքերում նախընտրելի են դրամով ավանդները: Նա տեղեկացրեց, որ վերջին 3 ամսվա ընթացքում ավանդներն ընդհանուր առմամբ նվազել են, բայց մարտի 3-ից հետո սկսել են աճել: Դրանք հիմնականում ներդրվում են արտարժույթով: Խրախուսելու համար դրամի պահանջարկը եւ ծածկելու համար «բաց դիրքը», բանկերը բարձրացրել են դրամով ավանդների տոկոսները մինչեւ 14-15 տոկոսի:

Անդրադառնալով Հայաստանում վտանգավոր վարկերին, ԿԲ նախագահը հայտնեց, որ ընդհանուր վարկերի մոտ 8 տոկոսն այդպիսին է համարվում: Նախորդ տարի այդ ցուցանիշը 4 տոկոս է եղել: Մինչդեռ ԱՊՀ շատ երկրներում վտանգավոր համարվող վարկերը կազմում են ընդհանուր վարկերի 20-25 տոկոսը:

«Ազգի» հարցն առնչվում էր անշարժ գույքի շուկայի գների նվազմանը եւ դրա հնարավոր բացասական ազդեցությանը հիպոթեկային վարկեր տրամադրած բանկերի վրա: Արթուր Ջավադյանը հայտնեց, որ հիպոթեկային վարկերի ընդհանուր ծավալը 84 մլրդ դրամ է: Այդ վարկերը, որ մարվում են, ամբողջ ծավալով չեն տրամադրվում: Սակայն գերմանական KfW-ի տրամադրած միջոցներից 1 մլն եվրո կա, որն անհրաժեշտության դեպքում կտրամադրվի բանկերին: Հունիսին նույն գերմանական կազմակերպությունից ակնկալվում է եւս 20 մլն եվրոյի վարկավորում: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել հիպոթեկային հիմնադրամ, որի կապիտալում ԿԲ-ն կներդնի 5 մլրդ դրամ, իսկ կառավարության եւ մասնավորի մասնակցությամբ այդ կապիտալը կհասնի 30 մլրդ դրամի: Կառավարությունից նույնպես հիպոթեկային վարկավորման աշխուժացման քայլեր են սպասվում, ինչը կնպաստի շինարարության աճի տեմպերին:

Համահայկական բանկի ստեղծման ընթացքի վերաբերյալ տրված հարցին պատասխանելովՙ ԿԲ նախագահն ասաց, որ մինչ այս ամսվա վերջ այն կգրանցվի Կենտրոնական բանկում: 6 մլրդ դրամ տեղակայվելու է հատուկ հաշվի վրա, որին կավելանան մասնավոր ներդրողների կողմից սպասվող գումարները: Այս ամենը Արթուր Ջավադյանին հույս է ներշնչում, որ մինչեւ տարեվերջ Համահայկական բանկը կլիցենզավորվի եւ կսկսի գործել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4