«Յոթ տարի առաջ ստեղծված «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնը երեք տարի անց դարձավ Մոնոներկայացումների շեքսպիրյան փառատոների հիմք, այնուհետեւՙ շեքսպիրյան մեծ փառատոնի: Բայց եղավ անհրաժեշտություն այն վերականգնելուՙ անունը հարազատ էր, տեսակըՙ պահանջված: Նույնը անցած տարի Մադրիդում կայացած միջազգային փառատոների կոնգրեսի մասնակիցները ասացին», երեկ փառատոնի բացման կապակցությամբ հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀԹԳՄ նախագահ, «Արմմոնոյի» հիմնադիր, բայց արդեն նախկին տնօրեն Հակոբ Ղազանչյանը:
Ներկայիս տնօրեն, դերասանուհի Մարիանա Մխիթարյանն էլ փաստեց, որ այս տարի «Արմմոնոյին» մասնակցում են դերասաններ 9 երկրներիցՙ Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Կամերուն, Հայաստան, Միացյալ Նահանգներ:
Փառատոնը, որ երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում բացվեց մի քանի Գրանպրի ստացած «Կոնտրաբաս» մոնոներկայացմամբ (Հովհաննես Բաբախանյան) ապրիլի 13-17-ը նույն ծրագրով կտեղափոխվի Սյունիքի մարզՙ Կապան: «Միջազգային փառատոնը մարզում անցկացնելն իրոք ստրատեգիական նշանակություն ունի եւ վստահ եմ, որ իրապես կնպաստի ոչ միայն թատրոնի հանդեպ հետաքրքրության մեծացմանը, այլեւ բուն թատրոնի զարգացմանը», կարծիք հայտնեց Հակոբ Ղազանչյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ հենց «Արմմոնոյով» կբացվի Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի նոր շենքըՙ նախկին «Սյունիք» կինոթատրոնը, որը նորոգվել է պետբյուջեի միջոցներով:
Ի հավելումն եւ ի պատասխան մամուլում ամենօրյա հաճախականություն ստացած մեղադրական հոդվածների, ՀԹԳՄ նախագահը պատմեց. «Ի դեպ, նորոգումն իրականացվել է առանց պետբյուջեից փոխանցման, խոստումների հիմքով եւ, այսպես ասած, ապառիկ կարգով: Թատրոնի 24 հազար դրամ պարտքը էլեկտրաէներգիայի դիմաց խոստումով չկարողացանք փակել միայնՙ օգնեց էներգետիկայի նախարարը: Ինչ մնում է փառատոներում փողալվացման մասին հրապարակումներին, ապա ասեմՙ անցած տարվա շեքսպիրյան փառատոնի պարտքերը միայն այս տարի մարտին ենք փակել»:
«Արմմոնոյին» արդեն երրորդ անգամ մասնակցող Վացլավ Գերեսը, որ 43 տարի է, ինչ կազմակերպում է Վրոցլավի թատերական փառատոնը, ուրախալի համարեց փառատոնի վերսկսումն ու փաստեց. «Երկու տարի առաջ Վրոցլավի փառատոնում Շեքսպիրյան մոնոթատրոն շարքում 5 ներկայացում էրՙ 4-ը հայկական: Սա ցուցանիշ է: Իսկ «Օֆելյայի ստվերների թատրոն» ներկայացումը Լեհաստանի 5 քաղաքներում հանդիսատեսին ուղղակի ստիպեց սիրել Հայաստանը»:
Ընթացիկ «Արմմոնոյի» մասին հյուրերից եւ ոչ մեկը ասելիք, բնականաբար, դեռեւս չուներՙ բացի մասնակցության հնարավորության համար գոհունակություն հայտնելուց:
Ինչպես հավաստեցին փառատոնի կազմակերպիչները, մասնակցության հայտերի մերժումը, որ մեծ քանակություն չի կազմում, բացատրվում է միայն ներկայացման տեսագրությունը ստանալ-դիտել, հավանության կամ դժգոհության արժանացնելու ժամկետների կարճությամբ: Իսկ մասնակցությունը ներկայացուցչական էՙ Անդրեյ Լյուբիմով «Զանգ վերեւից» (Ռուսաստան), Նորա Արմանի «Ոգեկոչում Հայաստանի» (ՄԲ), Էնտոնի Նիկոլչեւ «Ահա այն, ինչ ես չեմ հասկանում» (ԱՄՆ), Ռոբերտ Հակոբյան «Ամոկ» (Հայաստան), Անահիտ Մութաֆյան «Ճիչը» (Հայաստան), Յարոսլավ Գաջեւսկի «Դաժան կողոպտիչ Ֆոլժտինսկու եւ խեղճ դահիճ Հոլչուժկայի պատմությունը» (Լեհաստան), Աննա Սկուբիկ «Կոտրված եղունգներ» (Լեհաստան), Ֆելիքս Կամա «Որտեղ է ավելի լավ» (Կամերուն-Գերմանիա), Լիդիա Դանիլչուկ «Ճերմակ թիթեռներ, հյուսված շղթաներ (Ուկրաինա), Ստեփան Գանթալյան «Դեպի այնտեղ» (Գերմանիա-Ֆրանսիա):
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ