Սուրբ Աստվածածնի ավետման օրը` ապրիլի 7-ին, ԼՂՀ իշխանությունների նախաձեռնությամբ Հայ առաքելական եկեղեցու արցախյան թեմին վերադարձվեց ավետման սրբապատկերը: Ադրբեջանի իշխանությունների կողմից 1933 թվականին արցախյան թեմը փակվելուց հետո եկեղեցու ողջ գույքը բռնագրավվել էր, սակայն սրբապատկերը պահվում էր Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում: Այն այսուհետեւ իր մշտական հանգրվանը կունենա Գանձասարի վանքում:
Մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում կատարվեց Արցախ աշխարհի օրհնության կարգ, որին մասնակցում էր հանրապետության ղեկավարությունը` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:
Սրբապատկերի վերադարձման նախաձեռնությունը ժողովրդի հավատքի ամրապնդման ու եկեղեցու դերի բարձրացման խորհուրդն ունի, եւ ԼՂՀ իշխանություններից հրաշալի նվեր է ՀԱԵ արցախյան թեմին, որն այս տարի տոնում է իր վերաբացման 20-ամյակը:
Ավետման օրվա առիթով Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց պատարագ:
Աստվածամոր սրբապատկերը տեղադրվեց ճիշտ այն տեղը, որտեղ պահվում էր մինչեւ դրա տեղահանումը: Արցախը կրկին մաքրագործվեց ու զորացավ աստվածահաճո արարողությամբ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ