Կառավարության ներկայացուցիչները խոսում են ձեւավորվող ժողովրդավարության մասին
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Թբիլիսի
«Փոփոխություններ», «Փրկենք Վրաստանը», «Միշա, հեռացիր» գոչելով եւ թափահարելով «Միշան ուժե՞ղ է», «Պաշտպանենք Վրաստանը» պաստառները` հազարավոր մարդիկ Թբիլիսիի տարբեր անկյուններից ուղղվում էին դեպի Ռուսթավելու պողոտա: Ցուցարարները պայուսակներին, շենքերի պատերին փակցրել էին Միխեիլ Սաակաշվիլու լուսանկարները պատերազմի օրերին, ենթադրյալ սիրուհու հետ եւ սեփական փողկապը ծամելիս:
«Նա Վրաստանի ամոթն է: Մենք պահանջում ենք նրա հրաժարականը», ասաց 44-ամյա Զազա Կոլցեւաձեն` նշելով, որ ինքը մասնակցելու է հանրահավաքներին այնքան ժամանակ, մինչեւ Սաակաշվիլին չներկայացնի իր հրաժարականը:
Խորհրդարանի մոտ ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքը սկսեցին ժամը երկուսին: Ընդդիմության առաջնորդներն անմիջապես հայտարարեցին, որ հանրահավաքը կայացել է: «Այստեղ են հավաքվել ավելի քան 100.000 քաղաքացի», հայտարարվեց ամբիոնից: Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էկա Զգուլաձեն հանրահավաքը սկսվելուց ընդամենը երկու ժամ հետո հրավիրված մամուլի ասուլիսում հերքեց ընդդիմության տվյալները: «Հանրահավաքին մասնակցում է 20.000-25.000 մարդ», ասաց Էկա Զգուլաձեն:
Ընդդիմության առաջնորդները հանրահավաքի ժամանակ մեկ անգամ եւս հաստատեցին, որ շարունակելու են ցույցերը եւ իշխանությունների հետ բանակցության սեղանի շուրջը կնստեն միմիայն Սաակաշվիլու հրաժարականից հետո:
«Դեմոկրատական շարժում-Միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հանրահավաքին մասնակցում էր երկու որդիների ուղեկցությամբ: Ելույթ ունենալով ցուցարարների առջեւՙ Բուրջանաձեն ներողություն խնդրեց, որ նրանց հետ չի եղել 2007 թվականի նոյեմբերի յոթին, երբ կառավարությունն ուժի միջոցով ցրեց խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին: «Ես խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի այլեւս երբեք նման ողբերգություններ չկրկնվեն: Ես կշարունակեմ պայքարելՙ մինչեւ Սաակաշվիլին հեռանա», հայտարարեց Նինո Բուրջանաձեն: Իսկ լրագրողներին տրված հարցազրույցի ընթացքում նա նշեց, որ Սաակաշվիլին ինքնակամ երբեք չի հեռանա: «Ժողովուրդը պետք է պահանջի նրա հրաժարականը եւ ստիպի դիմել այդ քայլին:
Մենք պետք է համագործակցենք Ռուսաստանի հետ, որքան էլ դա դժվար լինի: Սակայն Ռուսաստանն էլ իր հերթին պետք է հարգի Վրաստանի սուվերենությունը եւ նրա հետ սեղանի շուրջը նստի որպես հավասար գործընկերոջ», ասաց Բուրջանաձեն:
ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, այժմ «Վրաստանի ալյանս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարեց, որ Վրաստանը պետք է համագործակցի Աբխազիայի հետ: «Մենք պետք է միմյանց օգնության ձեռք մեկնենք եւ միասին հասնենք խնդրի կարգավորմանը», նշեց Ալասանիան:
Հանրահավաքի սկզբից երկու ժամ անց ընդդիմության առաջնորդները հանդես եկան նախագահին ուղղված հայտարարությամբ` մեկ անգամ եւս պնդելով եւ պահանջելով նրա հրաժարականը: «Սա Ձեր վերջին հնարավորությունն է վեր կանգնելու սեփական շահերից: Պահանջում ենք, որ գոնե մեկ անգամ հաշվի առնեք ժողովրդի պահանջները: Այստեղ հավաքված մարդիկ արտահայտում են իրենց կամքը եւ պահանջում Ձեր հրաժարականը», նշված էր հայտարարությունում, որը ընդդիմության առաջնորդները ընթերցեցին հավաքված մարդկանց ծափահարությունների ներքո:
«Վրաստանում ձեւավորված դեմոկրատիան պատրաստ էր այս հանրահավաքին: Մենք սովորում ենք մեր սխալներից եւ առաջ շարժվում», ի պատասխան ընդդիմության հայտարարությունների, մամուլի ասուլիսում հայտարարեց ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էկա Զգուլաձեն: Նա նաեւ նշեց, որ բռնություններ երեկոյան ժամը վեցի դրույթամբ տեղի չեն ունեցել, բաց են դեպի Թբիլիսի տանող ճանապարհները: Էկա Զգուլաձեի փոխանցմամբՙ ոստիկանները տեղակայված են միայն պետական եւ հասարակական կառույցների ներսում` պաշտպանելու հնարավոր հարձակումներից: Ինչպես եւ նախապես հայտարարվել էր, ցուցարարների շրջանում ոստիկաններ կանգնած չեն եղել` սադրիչ գործողություններից խուսափելու նպատակով:
Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ պատրաստվում են հանրահավաքներն անցկացնել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, իսկ ծրագրված գործողությունների մասին կտեղեկացնեն հանրահավաքների ընթացքում: